https://www.azatutyun.am-Հայաստանի վարչապետի երեկվա հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, քննադատության նոր ալիք է բարձրացրել և Հայաստանում ու Արցախում։
Նիկոլ Փաշինյանի ասուլիսից ժամեր անց՝ երեկ ուշ երեկոյան Արցախի խորհրդարանն արտահերթ նիստ հրավիրեց ու իշխանական ու ընդդիմադիր պատգամավորները միաձայն հայտարարություն ընդունեցին՝ անընդունելի և առոչինչ համարելով Հայաստանի ղեկավարի հայտարարությունները, որոնցում, ինչպես արցախցի օրենսդիրներն են ձևակերպում, «անտեսված են Արցախի ինքնիշխանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման փաստը»։
«Ի՞նչ իրավունքների, անվտանգության և երկխոսության մասին կարող է խոսք լինել, երբ Ադրբեջանն ապօրինաբար 162 օր Արցախը պահում է լիակատար շրջափակման մեջ», – հայտարարեց Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը։
Հայաստանի գործադիրի ղեկավարը, երեկ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստամություն հայտնելուց բացի, միաժամանակ շեշտեց, թե Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ – Բաքու երկխոսության միջոցով։
Արցախում իշխող ուժից անգամ Հայաստանի վարչապետին «կապիտուլյանտ» որակումը տվեցին։ Շուրջ կես ժամ տևած նիստի ընթացքում, սակայն, արցախցի օրենսդիրներն այդպես էլ հստակ չձևակերպեցին՝ կոնկրետ ինչ քայլեր պետք է անի Հայաստանի իշխանությունն այս իրավիճակում, սահմանափակվեցին միայն Փաշինյանին քննադատող հայտարարություններով։
Իշխող «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն ասաց, թե Արցախ Ադրբեջանի մաս ճանաչելու Հայաստանի իշխանությունների հայտարարությունները զուրկ են իրավական ու քաղաքական հիմքերից. – «Պատերազմի սպառնալիքի տակ հայ ժողովրդի և Արցախի հաշվին ստորագրված խաղաղությունը չի կարող ամուր հիմքեր ունենալ»։
Արցախի Ազգային ժողովը երեկ դիմեց նաև Հայաստանի ու Արցախի նախկին ու գործող նախագահներին՝ կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Հակառակ դեպքում, ինչպես հայտարարել են արցախցի օրենսդիրները, նախագահների լռությունը կդիտարկեն որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնության նշան։
Ազգային ժողովի այս կոչին արդեն արձագանքել են Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահները, Արցախի նախկին երկու նախագահները։
«Մշտապես, այդ թվում՝ անցած հինգ տարիներին, բոլոր հնարավոր առիթներով ես հայտարարել եմ՝ Արցախը չի՛ լինելու Ադրբեջանի կազմում», – շեշտել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իր հերթին, արցախցի պատգամավորներին քննադատեց. – «Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում։ Դուք այդքան նաի՞վ եք։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար էր չտեսնել, որ վերջին երկու տարին Արցախի բացահայտ հանձնում է տեղի ունենում»:
Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով. – «ՀՀ գործող իշխանությունների պահվածքն ու դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի համար ճակատագրական հարցերում Ադրբեջանի ցանկություններին անվերապահ ենթարկվելու տրամաբանությամբ, անընդունելի են»։
Արցախի նախկին նախագահները հայտարարել են, որ Արցախը չի ընդունելու այն մոտեցումները, որոնք ներկայացվել են Փաշինյանի կողմից։
Այսօր սպասվում է Արցախի նախագահի ուղերձը։ Նրա աշխատակազմից հայտնում են, որ Արայիկ Հարությունյանն անդրադառնալու է ներքին ու արտաքին հարցերի։