https://www.azatutyun.am-Շողիկ Գալստյան
Իշխող խմբակցությունից հայտարարում են՝ Հայաստանը կանգնած է ընտրության առջև՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան, պետք է կողմնորոշվել՝ առկա անվտանգային խնդիրները որ դեպքում ինչ կերպ կլուծվեն, «Ազատության»-ն ասաց «Քաղաքացիական պայմանագրից» Գագիկ Մելքոնյանը, ում խոսքով՝ կառավարությունն ինչ-որ պահի այդ ընտրությունը պետք է կատարի: Թե երբ, չհստակեցրեց։
«Լավրովն ասում է՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի, Արևմուտքն ասում է՝ Հայաստանը պետք է կողմնորոշվի։ Հիմա գնացիր դեպի Արևմուտք, Ռուսաստանի նման թշնամի ես ունենալու, գնացիր դեպի Ռուսաստան, դա նշանակում է Հայաստանի կորուստ՝ իր տարածքներով, Հայաստանի անկախությունը վերացնում եք, որովհետև վերջը մենք գիտենք՝ այնտեղ ինչ է, երբ մեզ առաջարկում են մտնել ռուս-բելառուս կազմ՝ դաշինք, դա արդեն Հայաստանի վերջն է», – ասաց իշխանական պատգամավորը։
Որ Մոսկվայից հրավիրում կամ պարտադրում են Երևանին միանալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը՝ Հայաստանի պաշտոնյաները նախկինում էլ են պնդել։ Մինչ օրս, սակայն, նրանցից որևէ մեկը չի մանրամասնել՝ կոնկրետ ում կողմից է արվել այդ առաջարկը և ինչ տեսքով։ Հայաստանի վարչապետը միայն անցած շաբաթ հրապարակավ ասաց, թե Երևանը դե ֆակտո արդեն սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ին, և եթե հուզող հարցերի պատասխանը չստանա, հնարավոր է նաև դե յուրե սառեցնի։ Ի պատասխան Մոսկվայից էլ ավելի սրեցին բանավեճը։
«Ժամանակն է, որ հայկական կողմը վերջապես կողմնորոշվի»,- անցած շաբաթ հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարը՝ միաժամանակ զգուշացնելով՝ դրանից ելնելով հետևություններ կանեն սեփական քայլերը պլանավորելիս։
Փաստացի, պաշտոնական Երևանը խոսում է ոչ միայն Ռուսաստանի առաջնորդած ռազմական դաշինքից դուրս գալու հնարավորության մասին, այլև կասկածի տակ դնում երեք տասնամյակից ավելի Հայաստանի սահմաններին, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված ռուս սահմանապահների արդյունավետությունը։ Անցած շաբաթ Ազգային ժողովի նախագահն ավելի հեռուն գնաց, չբացառելով, թե 44-օրյա պատերազմը ռուս-ադրբեջանա-թուրքական պայմանավորվածությամբ է սկսվել:
«Քննարկումներ են ընթանում»
Դրանով հանդերձ իշխող ուժից պնդում են, թե Երևանը այս փուլում ռուս սահմանապահներին Հայաստանից հանելու կամ էլ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցով որոշում դեռ չունի։ Քննարկումներ են ընթանում, ասում է Գագիկ Մելքոնյանը։ Թե ինչ քննարկումների մասին է խոսքը, պատգամավորը փակագծեր չի բացում, բայց ասում է՝ դրանք ոչ միայն երկրի ներսում են, այլև ներքաղաքական դաշտից դուրս՝ Արևմուտքի հետ:
Ռազմատեխնիկական համաձայնագրերը Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ, հնարավոր համագործակցությունը Հունաստանի հետ դրական են, բայց իշխանությունը, պատգամավորի խոսքով, դեռ պետք է ամբողջացնի եվրոպացի պաշտոնյաների առաջարկները, հետո որոշում կայացնի: