ՀՀ ԿԳՄՍ նախարարության Լեզվի պետական կոմիտեի նախագահ պարոն Դավիթ Գյուրջինյանին,
Երեկ դեմ հանդիման եկա մի այնպիսի խայտառակ փաստի, որն անհնար էր նույնիսկ երեւակայել ամենավատ երազում: Արդարեւ, Հայաստանի ազգային գրադարանի՝ Տերյան փողոցի վրա գտնվող թամանյանական շենքի (Տերյան փողոց 72)՝ վարձակալման տրված 3-4 կրպակների եւ խանութների ցուցանակներում ոչ միայն հիմնովին անգո է հայոց լեզուն, այլեւ դրանցում ՄԵՍՐՈՊՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՆՈՒՅՆԻՍԿ ՄԵԿ ՏԱՌ ՉԿԱ:
Այս ի՞նչ խայտառակություն է, Աստվա՜ծ իմ: Հայոց ազգային գրադարան եւ հայոց այբուբենից ոչ մեկ տա՞ռ:
Ցուցանակներում թագավորավայել բազմել են օտարալեզու եւ լատինատառ cafe, take away, food court, fresh եւ նմանօրինակ աղտեղություններ:
Ձեզ տեղեկացնելով ազգային ու պետական դավաճանության ՀԱՄԱԶՈՐ այս հանցագործության մասին, հույս եմ տածում, որ այս այլանդակությունը կվերացվի ամենամոտ ժամանակին: Ինքս ինձ իրավունք եմ վերապահում ԱՆՁԱՄԲ ՔԱՆԴՈՒՔԱՐԱՓ ԱՆԵԼ ԱՅԴ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐԸ սույն թվականի օգոստոսի 15-ից սկսած՝ եթե մինչ այդ ցուցանակները չհամապատասխանեցվեն ՀՀ օրենսդրության պահանջներին եւ չհարգվի իմ ազգային ու անձնական արժանապատվությունը: Թող պատմության համար արձանագրվի, թե հայոց լեզուն իր իսկ հայրենիքում պաշտպանելու համար ՀՀ-ում անձը կարող է պատժվել, ընդհուպ բանտարկվել:
Այս գրությունը տեղադրում եմ նաեւ Դիմատետրի իմ էջում, նաեւ տարածելու եմ ընկերային տարբեր ցանցերով, որպեսզի համայն աշխարհի հայությունը տեղյակ լինի, թե հայոց լեզուն ինչպե՛ս է հոշոտվում իր իսկ հայրենիքում՝ մտավորական կոչվածների եւ պետական տարբեր մարմինների պատասխանատուների անտարբեր հայացքների ներքո:
Հույսով՝
Գեւորգ Յազըճյան
Երեւան, 14 հուլիսի 2021թ., ժամը 10:40