ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը կարծում է, որ Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը, ի համեմատ 2013 թվականի տարբերակի, հետընթաց չի գրանցել, այլ հակառակը` առկա դրույթներն էլ ավելի են հարստացվել, նոր բովանդակությամբ են ամրապնդվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա այս մասին հայտարարեց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը Հայաստանի և Եվրամիության միջև նոյեմբերի 24-ին կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ:
«Այն ունի որոշակի տարբերություններ, եւ դրանք միայն պայմանավորված են այդ առեւտրային հարաբերությունների առանձնահատկություններով»,-ասաց նա:
Փոխնախարարի խոսքով` դատաիրավական, կոռուպցիայի, հանցագործությունների դեմ պայքարի ոլորտների առումով համաձայնագիրն ունի հստակ դրույթներ, իսկ դրա շուտափույթ վավերացումը կնպաստի տվյալ ոլորտներում էլ ավելի ամուր եւ խորացված համագործակցությանը:
Բրյուսելում նոյեմբերի 24-ին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: