ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսական Cbonds Congress-ի նախաձեռնությամբ մարտի 14-ին Երևանում կայացել է «Հայաստանի կապիտալ շուկաները» խորագրով համաժողով, որի ընթացքում հայկական և ռուսական ֆինանսական ու ներդրումային բազմաթիվ ընկերությունների ներկայացուցիչներ հանդես են եկել ելույթներով և քննարկել ոլորտի հետ կապված խնդիրները: Համաժողովին Հայաստանում ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակի՝ ԱՌՖԻ -ի գործունեությունն է ներկայացրել ԱՌՖԻ ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Էդգար Էվոյանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ԱՌՖԻ-ից։
«ԱՌՖԻ-ի գաղափարը ծնվել է տարիներ առաջ․ նպատակը մեկն էր՝ օգնել տեղական բիզնեսներին, ստարտափերին ներդրումներ հավաքել և իրականացնել իրենց համարձակ բիզնես գաղափարները: ԱՌՖԻ-ն ներդրումային քրաուդֆանդինգի միակ հարթակն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում ու եզակիներից է ամբողջ աշխարհում, որ պետական կառույցի կարգավիճակ ունի: Մենք բավական երկար ու դժվար ճանապարհ ենք անցել ԱՌՖԻ-ին ստեղծելու հարցում, եղել են նաև հիասթափության պահեր, սակայն, մենք հավատացել ենք, որ ստեղծում ենք հարթակ, որը ֆինանսական նոր միջավայր է ստեղծելու Հայաստանում, որը դառնալու է կամուրջ բիզնեսի և ներդրողի միջև և նպաստելու է տնտեսության զարգացմանը»,- իր խոսքում նշել է Էդգար Էվոյանը։ – ԱՌՖԻ հարթակը թույլ է տալիս ներդրողներին ամբողջ աշխարհից կատարել ներդրումներ Հայաստանում գործող ընկերություններում՝ սկսած հարյուր դոլարից, և ունենալ բաժնեմաս ընկերությունում»։
ԱՌՖԻ գործադիր տնօրենը ներկայացրել է Հայաստանում դաշտի կարգավորման առանձնահատկություններն ու նշել անվտանգային այն առանձնահատկությունները, որոնք ընձեռում է ԱՌՖԻ-ն:
Էդգար Էվոյանը նշել է, որ մեկ տարվա ընթացքում ԱՌՖԻ-ն ստացել է ավելի քան 300 բիզնես նախագծի հայտ, որոնցից հաստատվել են 13-ը: Ներկա դրությամբ՝ հարթակի միջոցով ներդրումներ են հավաքագրում 2 ընկերություններ: Եվս մի քանի հաստատված նախագիծ հարթակում կներկայացվեն առաջիկա օրերին: