https://radar.am-Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին անդրադարձել է Ադրբեջանի վերջին սադրանքներին։
Նա հիշեցրել է, որ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը, Ղարաբաղի բնական գազի և էներգամատակարարումների արգելափակումը ծայրահեղ կերպով սրել են հումանիտար իրավիճակը․ «Եթե նախորդ ամսվա ընթացքում քարոզչական նպատակներով Ադրբեջանը որոշ անցանելիություն էր ապահովում Լաչինի միջանցքով՝ «Կարմիր խաչի» և ռուս խաղաղապահների միջոցով, երեկվանից զրոյացվել է այդ անցանելիությունը նույնպես։ Անգամ ԼՂ-ին առաջին անհրաժեշտության սննդամթերքի մատակարարումն է դադարեցվել»,- ասել է նա՝ հավելելով, որ ոչ միայն սնունդ չի մտնում ԼՂ, այլև թույլ չի տրվում անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցողների անցումը Լաչինի միջանցքով։
Փաշինյանը նշեց, որ այս գործողությունները ևս մեկ անգամ հիմնավորում են մտավախությունը, թե Ադրբեջանը ԼՂ-ում էթնիկ զտման քաղաքականություն է վարում. «Չնայած, տվյալ դեպքում խոսքը ոչ թե մտավախության մասին է, այլ արդեն գործողությունների մեկնարկի։ էլ ինչպե՞ս է լինում էթնիկ զտումը»,- ասաց նա։
Նա նշեց, որ այս իրավիճակում իրենց արձագանքը պետք է լինի նաև միջազգային տեղեկացվածության բարձրացումը ոչ միայն կազմակերպությունների ու օտարերկրյա կառավարությունների, այլև հանրությունների մակարդակով. «ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում, չափազանց կարևոր է, և պետք է հուսալ, որ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն»։
Ըստ վարչապետի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատանքները, միաժամանակ, պետք է լինեն շարունակական։