Ապրիլի 24-ի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1915-ի դեպքերի մասին ուղերձ հղեց: Ուղերձը ո՛չ ներողություն էր պարունակում, ո՛չ ճիշտ սահմանում էր ապահովում 1915-ի մասին, ո՛չ էլ նոր բան էր ասում:
Ուղերձում Էրդողանը բազմաթիվ անգամ կրկնում է դեպքերի պատերազմական ժամանակահատվածում տեղի ունենալու և արդյունքում՝ Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիների ցավեր կրելու երևույթը: Ու նաև ասում է՝ «ինչպես կայսրության բոլոր քաղաքացիները, այնպես էլ՝ հայերը»:
Գովաբանելով Թուրքիայում տիրող և զարգացող ժողովրդավարական կարգերը՝ նա ընդգծում է թուրքերի հանդուրժողականությունը ապրիլի 24-ին տեղի ունենալիք հիշատակի միջոցառումների նկատմամբ: Ինչքան էլ տափակ թվա նրա ասածը, վերջիվերջո գործ ունենք նույնիսկ Ձմեռ պապիկի գաղափարի հետ չհաշտված և իր փուչիկը նոր տարվա օրով թլպատած ժողովրդի հետ:
Դրա հետ մեկտեղ Էրողանն իսկույն շեշտում է, որ հակառակ տեսակետն ունեցողները, այսինքն՝ Ցեղասպանության ժխտողներն ու հայերին դավաճան համարողներն էլ իրավունք ունեն արտահայտվել, տեղ թողնելով նաև հնարավոր մեղադրանքների, վիրավորանքների, անգամ սադրանքների համար:
Էրդողանն իսկապես չըմբռնելով Ցեղասպանության իրականությունը հայերի համար՝ մեղադրում է դրա քաղաքականացումը և անվանում թշնամության սերմանում: Կրկին ծամոն դարձրած «պատմաբանների հանձնաժողով» հրավիրելու առաջարկն է կրկնում՝ ներկայացնելով որպես բարի կամքի բացառիկ արտահայտություն: Վերջում ցավակցություններ է հայտնում «20-րդ դարի սկզբին մահացած հայերի թոռներին»:
Նման ուղերձի հնարավորությունը մոտ տասը տարվա պատմություն ունի, սակայն հարցը ուսումնասիրողները նման բան ակնկալում էին 2015թ. ապրիլին: Հարց է առաջանում՝ ի՞նչն անհանգստացրեց և շտապեցրեց Էրդողանին արդեն այս տարի կատարել տնային աշխատանքը: Սա էլ մեծ գաղտնիք չէ: Նախագահի ընտրությունները տեղի են ունենալու 2014թ. օգոստոսին, այսինքն՝ մինչև Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը: Նախագահ դառնալու համար այս անգամ խիստ անհրաժեշտ է Միացյալ Նահանգների աջակցությունը և միջազգային հանրության մոտ իմիջի բարելավումը:
Էրդողանի ուղերձը հիշեցնել տվեց մի փոքր ավելի վաղ հրապարակված Իմրալը կղզու կալանավոր Աբդուլլահ Օջալանի՝ հայերին ուղղված նամակը:
Օջալանի նամակը կարդալիս պարզ էր, որ նա ու թուրքական կառավարությունը համատեղ են պատրաստվում Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Էրդողանի այս ուղերձով մի անգամ ևս ընդգծվեց այդ համագործակցությունը, քանի որ այս անգամ Օջալանի ձախակողմյան բառապաշարին փոխարինում էր Էրդողանի իսլամիստական ոճը:
Երկու ուղերձներում էլ օգտագործվում էր «ընդհանուր ցավ» բառակապակցությունը, չէր շեշտվում կազմակերպիչների դերը ու մեղադրվում էր հայկական Սփյուռքը՝ որպես այսօր Ցեղասպանությունը քաղաքականացնող օղակ:
Այսօր Թուրքիայում մի լուրջ շերտ, որը տարիներ ընկալվում է որպես «հայի ընկեր կամ հայկական հարցի արդար լուծման կողմնակից, գոհ ու նույնիսկ ցնցված է այս ուղերձով՝ կոչելով այն 99 տարվա լռության ճեղքում»: Հայ մտավորականները և լրագրողները նույնպես ցնցված են: Չեմ բացառում, որ նույնիսկ Թուրքիայի Հայոց պատրիարքարանը բավական դրական և խիզախ քայլ համարի տեղի ունեցածը:
Կարելի է միայն ափսոսալ, քանի որ տեղի ունեցածը Ցեղասպանության ընդունման առաջին քայլ համարելու համար կա՛մ պետք է չգիտակցել միջազգային քաղաքական ուժերի հարաբերակցությունը, կա՛մ Թուրքիայի յուրաքանչյուր, հատկապես՝ հայկական հարցում, դարեր շարունակ որդեգրած ժխտողական քաղաքականությունը:
Թուրքիան ընտրության երկու ճանապարհ ունի՝ ընդունել Ցեղասպանությունը կամ՝ ոչ: Իսկ Թուրքիան գնում է երրորդ ճանապարհով՝ դա անվանելով «պատերազմական իրավիճակի հետևություն»՝ մեկ անգամ ևս ժխտելով Հայոց ցեղասպանսթյունը:
Էրդողանի՝ նախագահ դառնալու հավակնություններն այնքան շատ են, որ չզարմանաք, եթե ուրբաթօրյա նամազի ժամանակ մզկիթում Ալլահից ողորմածություն խնդրի Եղեռնի զոհերի համար, այսինքն՝ «պատերազմի ժամանակ զոհված օսմանյան հայ հայրենակիցների համար»: