Հայաստանի ընդդիմադիր երկու հիմնական կուսակցությունները՝ Հայ ազգային կոնգրեսը և «Ժառանգությունը», որևէ թեկնածու չեն առաջադրել հունիսի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում: Անգամ Կոմունիստական և «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցություններն են թեկնածու առաջադրել: Նախագահական ընտրությունների պատմությունը մի օրինաչափություն է հաստատում՝ դրանք հիմնականում կեղծվում են գյուղական համայնքներում: Հետևաբար, ընդդիմադիր երկու կուսակցություններն ու նրանց առաջնորդներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, արհամարհելով և կամ չկարևորելով հունիսի 8-ի ՏԻՄ ընտրությունները, հնարավորություն են տալիս իշխող և այլընտրանքային հորջորջվող կուսակցություններին վերարտադրվել տեղերում և հանգիստ խղճով կեղծել առաջիկա համապետական ընտրություննները:
Երբ ընդդիմությունը հույս չունի և չի պայքարում գյուղապետի պաշտոնի համար, հույս չպետք է ունենա նաև երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար: Մինչդեռ հենց մեկ համայնքում հաղթելու օրինակով ընդդիմությունը կարող է հույս ներշնչել, որ հնարավոր է հաղթել նաև համապետական ընտրություններում:
Հունիսի 8-ին 38 գյուղական և 2 քաղաքային համայնքներ ունենալու են նոր կամ վերընտրված ղեկավարներ: Ուշադրության կենտրոնում Գորիսն է, որտեղ իշխող Հանրապետական կուսակցությունն առաջադրել է Վաչագան Ադունցի թեկնածությունը: Գորիսը ուշադրություն չէր գրավի, եթե չլիներ Սյունիքի նախկին մարզպետ, բազմաթիվ սկանդալային և հանցավոր պատմությունների հետ ուղղակի կամ անուղղակի կապված և Սերժ Սարգսյանի սիրելի Սուրիկ Խաչատրյանի ներգրավվածությունը: Խաչատրյանը, որն անպատիժ մնաց նաև Բուդաղյան եղբայրների սպանության և վիրավորվելու աղմկահարույց միջադեպից հետո, աջակցում է Ադունցին: Վերջինիս հիմնական մրցակիցը Բուդաղյան եղբայրներից երրորդն է` Արան, որը նույնպես իշխող Հանրապետական կուսակցությունից է, սակայն ինքնաառաջադրվել է: Գորիսի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է ևս երկու անկուսակցական: [Հոդվածը գրվել է նախքան Արա Բուդաղյանի և Տիգրան Կարապետյանի ինքնաբացարկ հայտնելը – խմբ.]:
Մյուս քաղաքը Ջերմուկն է, որտեղ հաղթողի հիմնական հավակնորդը ՀՀԿ-ի կողմից առաջադրված, գործող քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն է:
Մարզերից միակը Կոտայքն է, որտեղ թեկնածու չի առաջադրել նաև ՀՀԿ-ն: Սա այն մարզն է, որտեղ սովորաբար հաղթում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: «Բարգավաճ Հայաստանը» 40 համայնքներից թեկնածուներ ունի միայն 7-ում: Չափազանց պասիվ է նաև ՀՅԴ-ն, որը թեկնածուներ ունի միայն 3 համայնքում:
Մի շարք համայնքներում ուշագրավ առաջադրումներ են արձանագրվել: Այսպես, Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում համայնքապետի պաշտոնի համար առաջադրվել են գործող գյուղապետը, նրա տեղակալը և գյուղապետարանի հաշվապահը: Վերջինը` Սիմա Չիտչյանը, ճիշտ է, ինքնաբացարկ է հայտնել:
Ընդհանուր առմամբ, շատ քիչ կանայք են առաջադրվել այս ընտրություններին: Մյուս կողմից, Գեղարքունիքի Շատջրեք համայնքում առաջադրված երկու թեկնածուներն էլ կին են:
Սիվիլնեթ