ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԱՐՑԱԽ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ԽՕՍՆԱԿ ԴԱՒԻԹ ԲԱԲԱՅԵԱՆԻ ՀԵՏ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքւում յայտարարել է, թէ Ռուսաստանը ձգտելու է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ԼՂ հակամարտութեան փոխզիջումային եւ երկուստեք ընդունելի լուծում գտնեն: Այս մասին յայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալութիւնը:
«Դա իսկապէս խնդիր է, որը մեզ է հասել խորհրդային անցեալից: Գիտեմ որքան սուր է հարցը ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի համար: Մենք ձգտելու ենք, որպէսզի Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն այնպիսի լուծում, որը կը լինի փոխզիջումային, բայց ընդունելի երկու կողմի համար», Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի նախագահը:
Այս ամէնի վերաբերեալ Past. am-ի թղթակից Լեւոն Փանոսեան մի քանի հարց ուղղեց Արցախի նախագահի մամուլի խօսնակ Դաւիթ Բաբայեանին:
ԼԵՒՈՆ ՓԱՆՈՍԵԱՆ.-Պարո՛ն Բաբայեան, «երկուստեք ընդունելի լուծում» ասուածն ի՞նչ է ենթադրում: ԼՂՀ իշխանութիւններն ի՞նչ են հասկանում դրա տակ:
ԴԱՒԻԹ ԲԱԲԱՅԵԱՆ.- Լուծումը պէտք է այնպիսին լինի, որ բոլոր կողմերը համաձայն լինեն: Սա ընդհանուր մօտեցում է, որը պէտք է լինի ցանկացած հակամարտութեան մէջ: Ի հարկէ, բացառութիւն է, երբ խօսքը գնում է կապիտուլեացիայի (անձնատուութեան-Խմբ.) մասին: Երբ պատերազմական գործողութիւններ են, մի կողմը ջախջախւում է, այստեղ արդէն բոլորի համար ընդունելի տարբերակների մասին խօսք անգամ լինել չի կարող: Լաւագոյն տարբերակը կը լինի, եթէ մօտեցումներն ընդունելի լինեն ոչ միայն Ադրբեջանի ու Հայաստանի, այլեւ Արցախի համար: Բայց մինչեւ դրան հասնելը, ի հարկէ, անհրաժեշտ է, որ Ադրբեջանը փոխի իր դիրքորոշումը: Իսկ Ադրբեջանը չի փոխում իր դիրքորոշումը: Սա է խնդիրը:
ԼԵՒՈՆ ՓԱՆՈՍԵԱՆ.- Ռուսաստանի ջանքերն ինչպէ՞ս էք գնահատում:
ԴԱՒԻԹ ԲԱԲԱՅԵԱՆ.- Ռուսաստանը, ի հարկէ, շատ կարեւոր գործօն է տարածաշրջանում: Ինչպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ միւս երկրները, Ռուսաստանը նոյնպէս շահագրգիռ է, որպէսզի այստեղ լինի խաղաղութիւն եւ կայունութիւն, աւելի ստոյգ՝ աշխարհաքաղաքական հաւասարակշռութիւն: Անմիջապէս կը լինեն կատակլիզմներ (մեծ իրարանցումներ-Խմբ.), եթէ փոխուի այդ հաւասարակշռութիւնը: Եթէ Ռուսաստանը շահագրգռուած է համապարփակ կարգաւորմամբ, ինչպէս նշում է, դա ողջունելի է: Դա իրօք տեսանելի է եւ նորութիւն չէ մեզ համար: Պուտինի յայտարարութիւնն արտառոց չէ:
ԼԵՒՈՆ ՓԱՆՈՍԵԱՆ.- Մի քանի օր առաջ Երեւանից եկած լրագրողներս Ստեփանակերտում զրուցում էինք քաղաքացիների հետ: Գրեթէ ոչ ոք չգիտեր՝ ինչ է նշանակում փոխզիջում: Մարդկանց համար անյայտ էր՝ Ադրբեջանն ի՞նչ է զիջելու:
ԴԱՒԻԹ ԲԱԲԱՅԵԱՆ.- Նայած՝ ինչ տեսանկիւնից էք նայում: Փոխզիջումն Ադրբեջանի համար այն է, որ ինքը պէտք հաշտուի իրականութեան հետ: Եթէ նա չի հաշտւում իրականութեան հետ, ապա փոխզիջման պատրաստ չէ: Նա ուզում է վերականգնել անցեալը: Դա ոչ միայն հնարաւոր չէ, այլեւ յղի է անկանխատեսելի հետեւանքներով: Նա կարող է դա անել, եթէ, կոպիտ ասած, մեզ յաղթի, ցեղասպանութիւն կատարի: Չեմ կարծում՝ նման բան լինի:
Բոլորի համար պարզ է, որ Արցախը չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի մաս: Խորհրդային միութեան ժամանակ բռնակցուել է, բայց դա չի նշանակում, որ նման իրավիճակ էլի հնարաւոր է: Որոշակի տերմինաբանութիւն կայ, որը շատ է շահարկւում ոմանց կողմից: Մարդիկ կան, որոնք փորձում են երեւալ աւելի հայրենասէր, ազգի մասին մտածող «սուպեր մաքուր»: Երբ խօսում ենք համապարփակ կարգաւորման մասին, դրա տակ հասկացւում է այնպիսի մի կարգաւորում, որը թոյլ կը տայ Արցախին եւ Հայաստանին լիարժէք ապահովել անվտանգութիւնը: Սա ամենակարեւորն է: Ճանաչումն ու կարգավիճակը եւս շատ կարեւոր են, բայց եթէ պետութիւնն ի վիճակի չլինի ապահովել անվտանգութիւնը, ապա կարող է օկուպացուել (բռնագրաւուիլ-Խմբ.):
Նորագոյն պատմութեան մէջ այդպիսի նախադէպեր բազմաթիւ են: Շատ են խօսում տարածքների մասին: Տարածքային խնդիր կա՛յ, բայց այն միակողմանի չէ:
Ի՞նչ կարգավիճակ ունեն այս հակամարտութեան մէջ Գետաշէնը, Շահումեանը, Հիւսիսային Արցախը, մեր մարշալների գիւղը՝ Չարդախլուն: Սա էլ է տարածքային խնդիր: Այսինքն՝ երբ խօսքը գնում է համապարփակ, համաձայնեցուած տարբերակների մասին, բոլոր խնդիրները պէտք է քննարկուեն:
Չպէտք է մտածել, որ տարածքների հարց միայն Ադրբեջանն ունի: Ադրբեջանը կարողացել է այնպիսի քարոզչութիւն տանել, որ բոլորը կարծեն, թէ տարածքային խնդիր միայն ինքն ունի: Այդպէս չէ, մենք էլ ունենք բազմաթիւ խնդիրներ՝ սահմանների հետ կապուած: Էլի եմ յիշեցնում Շահումեանի, Գետաշէնի մասին: Նրանք հէնց ԼՂՀ ստեղծող սուբյեկտներ են: Միակողմանի է դիտարկւում այս հարցը: Բոլորին թւում է, թէ միայն Արցախը պէտք է ինչ որ տարածքներ տայ: