Հեղինակ՝ Հակոբ Բադալյան
https://www.1in.am-Բրյուսելում, ուր Հայաստանի վարչապետը մեկնել է միջուկային էներգիայի թեմայով գագաթնաժողովի մասնակցելու համար, տեղի կունենա եռակողմ հանդիպում՝ Փաշինյան-Բլինքեն-Ֆոն Դեր Լյաեն: Ըստ Հայաստանի ԱԽ քարտուղարի, եռակողմ հանդիպման օրակարգը Հայաստանի զարգացմանն աջակցությունն է՝ ըստ դեռեւս նախորդ տարի հոկտեմբերին Գրանադայում կայացած Ֆոն Դեր Լյաեն-Փաշինյան հանդիպմանը ձեռք բերած պայմանավորվածությունների: Թե հատկապես ի՞նչ աջակցության մասին է խոսքը, ինչ հստակեցված եւ առարկայացված օրակարգի, պարզ չէ:
Այդ մանրամասները թույլ կտան հասկանալ, թե ինչ կոնկրետ նշանակություն ունի հանդիպումը, այն ուժեղ է ձեւաչափո՞վ միայն՝ եւ դրանից բխող հնչեղությամբ, թե՞ նաեւ իր առարկայականությամբ: Միեւնույն ժամանակ, եռակողմ այդ հանդիպումը բավականին հատկանշական է այն ելույթների ֆոնին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստորեն դրան ընդառաջ ունենում է Հայաստանում՝ Հայաստան-Ադրբեջան հակամարտության գործընթացի, մասնավորապես «ադրբեջանական գյուղերի վերադարձի» թեմայով:
Նիկոլ Փաշինյանի այդ ելույթները ակնհայտորեն վկայում են Հայաստանի բավականին թույլ դիրքի մասին, դատելով դրանցում հնչող շեշտադրումներից: Մեծ հաշվով, Հայաստանի վարչապետի հայտարարությունները գործնականում ամբողջությամբ «լեգիտիմացնում» էին Հայաստանի հանդեպ ադրբեջանական պահանջները: Եվ առաջանում է օրինաչափ հարց՝ եթե Հայաստանի վարչապետը գիտե, որ մի քանի օր անց Բրյուսելում տեղի է ունենալու եռակողմ հանդիպում երկու առանցքային դերակատարների բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ ԱՄՆ ու Եվրամիություն, որոնք քննարկելու են Հայաստանի զարգացմանն աջակցության հարցեր, ապա ինչու՞ էր որոշել, որ հենց այդ հանդիպումից առաջ պետք է ունենար այդքան թույլ դիրքեր «մատնող» ելույթ: