ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթը Կարնեգի հիմնադրամում Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ամերիկյան քաղաքականության վերաբերյալ, որում հնչել են վեց կետից բաղկացած առաջարկներ, իսկական փոթորիկ է առաջացրել հայաստանյան հասարակության շրջանում: Բոլորը քննարկում են ազատագրված տարածքները վերադարձնելու մասին նրա հայտարարությունները՝ մոռանալով, որ նման հայտարարությունները նորություն չեն, ըստ էության, դրանք միշտ եղել են այն բանակցությունների հիմքում, որ վարել են Հայաստանի իշխանությունները Ղարաբաղյան կարգավորման ամբողջ գործընթացում:
Այստեղ, սակայն, շատ կարևոր է դիտարկել մեկ այլ կարևոր խնդիր. Ուորլիքը, ըստ էության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության մասով աննախադեպ քայլ է կատարել, ընդհանրապես, ամերիկյան կողմը, մատուցելով իր քաղաքականությունը, աննախադեպ մի բան է արել: Ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Ռուսաստանը մինչև այսօր կարծեք թե չեն ներկայացրել, այսպես ասած, ռուսական կամ ֆրանսիական քաղաքականությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Սակայն ամենաէականն այն է, որ մինչև այսօր Հայաստանում էլ կարծեք թե չի ներկայացվել Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հայեցակարգային մոտեցումների, կարգավորման քաղաքականության վերաբերյալ հստակ ձևակերպում: Այստեղ թերևս կարելի է առանձնացնել միայն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որը երևի թե եզակի գործիչ է Հայաստանում, որ հայեցակարգային ձևով ներկայացրել է իր մոտեցումները Ղարաբաղյան կարգավորման հարցում: Այդ մոտեցումներին համաձայն լինելը, դրանք նպաստավոր, շահեկան կամ վտանգավոր դիտարկելը այլ հարց է, յուրաքանչյուրի կարծիքի խնդիրը: Սակայն փաստը, որ Ղարաբաղյան հարցում հայեցակարգված մոտեցում ներկայացրել է երևի թե միայն Տեր-Պետրոսյանը, ակնառու է:
Մենք չենք խոսում այն մասին, որ տարբեր գործիչներ տարբեր հայտարարություններ են արել, նախընտրական ծրագրերում են մի քանի տող կամ պարբերություն գրել: Հայաստանում Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հայեցակարգերի, ռազմավարությունների հստակ քննարկում չի եղել երբեք: Եվ սա Ղարաբաղյան կարգավորման շուրջ մեր ամենամեծ վտանգներից ու բացթողումներից մեկն է:
Խնդիրն այն է, որ Հայաստանը կա՛մ պետք է հարուստ լիներ հայեցակարգերով և այդ կապակցությամբ հանրային կարծիքի և շահերի խմբավորումներով, բանավեճով և այդպիսով ամրացներ իր դիրքը, ճկունություն ապահովեր բանակցային գործընթացում, կա՛մ պետք է ամուր լիներ անվիճելի և անբեկանելի մեկ մոտեցումով՝ պահել Արցախյան հաղթանակը մինչև վերջ, ինչը, բնականաբար, պահանջելու էր շատ ավելի լայն ընդգրկում ունեցող պետականաշինական աշխատանք: Այս ամենը բացակայում է: Մինչդեռ, արտաքին կենտրոններում ղարաբաղյան քաղաքականությունը ձևավորվում է հենց Հայաստանում, Ղարաբաղում և Ադրբեջանում իրավիճակների, պետականաշինության գործընթացների որակական պատկերի և բովանդակության հիման վրա: Եվ հակամարտ կողմերից ում մոտ պատկերը վառ է, և բովանդակությունը՝ արտահայտիչ ու արդիական, հօգուտ այդ կողմի էլ ձևավորվում են աշխարհաքաղաքական կենտրոնների պատկերացումները: Եվ այսօր գոնե հետաքրքրական է, թե ինչպիսին է լինելու Ուորլիքի հայտարարությունների հայաստանյան արձագանքը՝ հենց նույն Լևոն Տեր-Պետրոսյանի թևում, որտեղից զուգահեռաբար հրապարակումներ են ի հայտ եկել Հայաստանի համար Եվրասիական միության ամենահեռանկարայինը լինելու մասին, և նաև մյուս թևերում՝ խորհրդարանական քաղաքական ուժերի ու, բնականաբար, իշխանությունների: Ընդ որում՝ խնդիրն այն չէ, որ սահմանափակվեն Ուորլիքի հետ անհամաձայնություն հայտնելով, թե ոչ մի թիզ հող էլ չենք տա: Խնդիրն այն է, որ համաձայնելիս կամ չհամաձայնելիս հանրությանը ներկայացվեն կոնցեպտուալ գնահատականներ, որովհետև միայն այդպես է հնարավոր պատասխանատու լինել խոսքերի համար և հասարակության առաջ՝ վերջապես ցույց տալով, թե ով ինչի է պատրաստ և ունակ Ղարաբաղյան հարցում՝ հայկական պետականության ապագայի, անվտանգության համար կարևորագույն այդ խնդրում: