ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Սան Ֆրանսիսկոյում Հայոց Ցեղասպանութեան յիշատակը յաւերժացնող Մաունթ Դեւիդսոնի խաչի դիմաց, տարբեր ազգերի բալետի պարողներ հայկական «Բերդ» են կանգնում՝ խորհրդանշելով հայ ազգի պայքարի ոգին, նաեւ՝ ցուցադրելու, որ միանում են մեզ՝ դատապարտելու հայերի ու աշխարհի դէմ իրականացուած յանցագործութիւնը: Սա դրուագ է «Մեռան, Որ Ապրինք» անուանումով Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող բալետային շարժապատկերից, որը 2016թ.ին արժանացաւ հեղինակաւոր «Էմմի» մրցանակին: Ֆիլմը բացառիկ է նաեւ այն առումով, որ Եղեռնին նուիրուած առաջին բալետն է, որ բեմադրել ու տեսանկարահանել է Սան Ֆրանսիսկոյի բալետի գլխաւոր մենապարող Դաւիթ Կարապետեանը՝ համախոհների ու ընկերների աջակցութեամբ:
«Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին ընդառաջ, մտածում էի որեւէ նախագծի մասին, եւ այն սկսուեց ուրուագծուել, երբ առաջին անգամ տեսայ Մաունթ Դեւիդսոնի խաչը: Շատ տպաւորուած էի ու մտածեցի բալետային բեմադրութեան մասին, որի իրադարձութիւնները տեղի կ՛ունենան Խաչի շրջակայ տարածքում: Ալբինիոնիի ադաջիօն վաղուց ոգեշնչել էր ինձ ստեղծագործելու, եւ հէնց այս երաժշտութիւնն էլ օգտագործեցի ներկայացման համար», պատմում է Դաւիթ Կարապետեանը:
«Մեռան, Որ Ապրինք» կարճամետրաժ ֆիլմի առաջին դրուագը ծովի ափին է, որտեղից սկսւում է երիտասարդ աղջկայ՝ իր ազգի արիւնոտ էջի բացայայտումը: Պարողների խումբը նրա հետ միասին անցնում է այդ ցաւի միջով, եւ Խաչի մօտ աղօթում ու մոմ վառում ի յիշատակ զոհերի: «Ֆիլմն աւարտւում է ծովի ափին, որտեղ ջուրն այլեւս արիւնոտ չէ, եւ յոյսն է պայծառ ապագայի», նշում է ռեժիսոր Արբրահամ Հէյսլերը:
Այս նախագծում ներգրաւուած են տարբեր ազգերի արուեստագէտներ, որ միաւորուել են՝ նաեւ ցուցադրելու, որ Հայոց Ցեղասպանութիւնը համամարդկային աղէտ էր: «Ֆիլմում ներգրաւուեցի Սան Ֆրանսիսկոյի բալետի լաւագոյն պարողներին, իմ ընկերներին, որ ցանկութիւն յայտնեցին օգնելու եւ հանդէս գալու ներկայացման մէջ, ինչպէս նաեւ՝ Չիկագոյի æոֆրի բալետի մենապարող Արման Բաբաջանեանին ու Լոս Անջելեսից՝ պարուհի Էլեն Յարութիւնեանին: Ես ընտրել էի տարբեր ազգերի ներկայացուցիչների, այդ թւում՝ բրազիլացի, չինացի, իսպանացի, ամերիկացի, ռուս, նաեւ նպատակ ունենալով, որ նրանցից իւրաքանչիւրը ներդնի իր մշակոյթից մի մասնիկ՝ մի շարժում: Միաժամանակ, նրանք բոլորը միասին, հայկական «Բերդ» են պարում, որը խորհրդանշում է այն պատը, որ հայ ազգը կառուցել է՝ չթողնելով, որ մեր հողերը գրաւեն», նշում է Կարապետեանը:
«Մեռան, Որ Ապրինք» բալետային տեսաբեմականացման համար «Էմմի» գլխաւոր մրցանակը տրուեց Դաւիթ Կարապետեանին՝ որպէս գլխաւոր համապրոդիւսեր, խորէոգրաֆ (պարի բեմադրիչ)եւ ստեղծագործական տնօրէն, եւ Դայան ու Չարլզ Պասկերեաններին՝ որպէս համապրոդիւսեր: Շարժապատկերի ստեղծմանը աջակցել էին նաեւ Հիւսիսային Կալիֆորնիայի Ամերիկահայ կազմակերպութիւնների խորհուրդն ու Սան Ֆրանսիսկոյի հարիւրամեակի յանձնախումբը: «Ֆիլմը ստեղծելիս, ես չէի ձգտում մրցանակների, ցանկութիւնս էր, որ այն հնարաւորինս շատ կինօփառատօնների մասնակցի՝ մարդկանց տեղեկացնելու մեր պատմութեան մասին», համեստօրէն խոստովանում է Կարապետեանը:
Շուրջ 12 տարի հանդէս գալով հեղինակաւոր Սան Ֆրանսիսկոյի բալետում որպէս գլխաւոր մենապարող, Դաւիթ Կարապետեանն իր արուեստով ամերիկեան հանրութեանը ներկայացրել է նաեւ հայկական մշակոյթը: Համաշխարհային բեմերում հանդէս եկած Կարապետեանի մասնագիտական ուղին սկսուել է Հայաստանի Պարարուեստի ուսումնարանից, իսկ աւելի ճշգրիտ՝ տանից:
Պարող դառնալ Դաւիթ Կարապետեանին թերեւս վիճակուած էր ծննդեան օրից: Հայրը՝ Հայաստանի վաստակաւոր արտիստ, Պարի պետական համոյթի մենակատար Ռաշիդ Կարապետեանը, ու մայրը՝ նոյնպէս պետական համոյթի պարուհի, իրենց զաւակի ապագան նախասահմանել էին մանկուց: «Երբ փոքր էի, խուսափում էի պարից, գուցէ այն պատճառով, որ ամբողջ կեանքս պարով էր լցուած: Եօթ տարեկան էի, երբ ծնողներս ինձ համոզեցին ընդունուել Երեւանի Պարարուեստի ուսումնարան, բայց ես ամէն ինչ արեցի, որ չընդունուեմ: 13 տարեկանում սակայն, նրանց յորդորով դիմեցի եւ ընդունուեցի ուսումնարանի ժողովրդական պարի բաժին: Սովորելուս ընթացքում, յաճախ առիթ էի ունենում հետեւելու բալետի բաժնի պարողներին, ու քանի որ զբաղուել էի արեւելեան մարտարուեստով, հասկացայ, որ ինձ առաւել հարազատ է բալետը՝ յատկապէս որ ունէր նոյնանման շարժումներ: Խնդրեցի ծնողներիս, որ տեղափոխեն ինձ, եւ արդիւնքում՝ սկսեցի սովորել այն դասարանում, որտեղ ուսանողներն արդէն շուրջ հինգ տարի զբաղւում էին բալետով, եւ ես, 14 տարեկանում նոր ընդունուելով այս բաժինը՝ չափազանց շատ պէտք է աշխատէի նրանց հասնելու համար», պատմում է Դաւիթը:
Մարտահրաւէրը, պատանի Կարապետեանն ընդունում է պատուով՝ մեծ ցանկութեան, կամքի ու անխոջ աշխատանքի շնորհիւ յաղթահարելով դժուարութիւններ, նա մէկ տարի անց շահում իր աշխատանքի առաջին պտուղը՝ ոսկէ մեդալ՝ Հայաստանի Ժամանակակից պարային մրցոյթում, որտեղ ներայացնում է նաեւ հատուածներ «Քնած Գեղեցկուհին» եւ «Կարապի Լիճը» բալետներից: Դաւիթ Կարապետեանի յաղթարշաւն այնուհետեւ շարունակւում է միջազգային տարբեր մրցութիւններում:
Ինքնակատարելագործման մղումով Դաւիթ Կարապետեանը որոշում է կրթութիւնը շարունակել Եւրոպայում, եւ 17 տարեկանում շահելով Շուէյցարիայից առաջարկուող Ռուդոլֆ Նուրիեւի կրթաթոշակային ծրագիրը՝ տեղափոխւում ու շուտով Ցիւրիխի բալետում հանդէս գալու հրաւէր է ստանում: «Ցիւրիխի բալետի տնօրէնն ինձ աշխատանքային պայմանագիր առաջարկեց որպէս հիմնական պարող, այնուհետեւ՝ մենապարող, եւ այս բեմում հանդէս եկայ շուրջ վեց տարի», յիշում է Կարապետեանը:
Տաղանդաւոր արուեստագէտին, սակայն, առջեւում նոր հորիզոններ էին սպասւում Միացեալ Նահանգներում: «Չէի ցանկանում բաւարարուել ձեռքբերածով, եւ ձգտում էի աւելիին: Սան Ֆրանսիսկոյի բալետն աշխարհում մեծ հեղինակութիւն ունի՝ իր համերգացանկի բազմազանութեամբ (ռեպերտուարով), լաւագոյն խորէոգրաֆներով ու պարողներով: Այս ամէնը շատ գրաւիչ է, նաեւ՝ ուսուցողական բալետի պարողների համար, ու շատերն են ձգտում ամբողջ աշխարհից հանդէս գալու այս բեմում: Ես 23 տարեկան էի, երբ ներկայացայ Սան Ֆրանսիսկոյի բալետի տնօրէնին, ով ինձ միանգամից հրաւիրեց միանալու իրենց որպէս գլխաւոր մենապարող: Անկեղծ ասած, չէի սպասում նման առաջարկի, եւ ինձ համար դա շատ մեծ ձեռբքերում էր», իր կեանքի շրջադարձային պահերից մէկի մասին պատմում է Դաւիթը: 2005 թուականին Կարապետեանը տեղափոխւում է Սան Ֆրանսիսկօ, որտեղ մինչ այսօր իր կատարումներով շարունակում է հիացնել հանդիսատեսին:
Պարը Դաւիթ Կարապետեանի էութիւնն է, բալետը կարծես նրա արեան մէջ է: Նա ճշգրիտ է իր շարժումներում, միաժամանակ՝ զգացմունքային է, տեխնիկական բարդ հնարքների անթերի կատարումն ու դրամատիկ կերպարը կատարեալ են դարձնում նրան բեմում: Թռիչքների գեղեցկութիւնն ու ճկունութիւնն էլ Դաւիթը ժառանգել է հօրից, ով ըստ եւրոպական լրատուամիջոցների՝ համարձակուել էր մարտահրաւէր նետել Նիւտոնի «ձգողականութեան օրէնքին», որ ի զօրու չէր ազդել նրա պարային թռիչքների վրայ:
Սան Ֆրանսիսկոյի եւ աշխարհի տարբեր բեմերում Դաւիթ Կարապետեանը որպէս գլխաւոր պարող հանդէս է եկել դասական գլխաւոր բալետներում, այդ թւում՝ «Շելկունշչիկ», «Դոն Կիխոտ», «Ժիզել», «Ռոմէօ æուլիետ», «Կարապի Լիճ» եւ այլ, ինչպէս նաեւ՝ ժամանակակից բեմադրողների գործերում՝ աշխատելով ճանաչուած խորէոգրաֆների (բեմադրող-պարուսոյցների) հետ:
«Իմ ամենասիրելի դերն այն է, որը ես կատարում եմ այդ պահին, որովհետեւ հանդիսատեսին պէտք է ցոյց տամ իմ առաւելագոյնը, պէտք է պարեմ իւրաքանչուր դերում այնպէս, կարծես դա իմ ամենասիրածն է», խոստովանում է Կարապետեանը:
Յատկանշական է, որ Դաւիթ Կարապետեանի կեանքի գրեթէ բոլոր կարեւոր դրուագներն են կապուած բալետի հետ: Կնոջը՝ Սան Ֆրանսիսկոյի բալետի մենապարուհի Վանեսա Զահորեանին էլ նա հանդիպել է բեմում: «Սան Ֆրանսիսկոյի բալետում ինձ ասացին, որ եւս մի հայ կայ՝ Վանեսան: Սակայն, իրականում նա ազգութեամբ չեխ է, բայց ազգանունը հայկական է հնչում: Սա էլ թերեւս պատահական չէ. Վանեսան շատ է սիրում մեր մշակոյթը, եւ Հայաստանում անցկացուած մեր հարսանիքին նա պատրաստուել էր հայկական աւանդոյթներին համահուն»չ, ժպիտով նշում է Դաւիթը: Նրանց միութեան սկիզբն էլ բալետային գեղեցիկ ներկայացում է յիշեցնում. Դաւիթը Վանեսային ամուսնութեան առաջարկութիւն է արել «Ռոմէօ եւ æուլիետ» բեմադրութեան աւարտին՝ հէնց բեմի վրայ: Եւ այս զոյգի համատեղ կեանքն էլ, ինչպէս պարում՝ ներդաշնակ է ու արուեստով լի:
Նրանց մասնագիտական բարձր որակներն ու նուիրումը բալետին այս տարի արժանացան եւս մէկ գնահատանքի: Դաւիթ Կարապետեանն ու կինը՝ Վանեսա Զահորեանը նշանակուել են Փենսիլվանիայի Բալետային ակադեմիայի արտիստիկ տնօրէններ: Նրանք կը շարունակեն ելոյթները Սան Ֆրանսիսկոյի բալետում մինչեւ 2017 թուականի թատերաշրջանի աւարտը: «Վանեսան եւ Դաւիթը համաշխարհային ճանաչում ունեցող արուեստագէտներ են: Տարիներ շարունակ, ես վայելել եմ նրանց կատարումներն ու ականատես եղել այս գեղեցիկ զոյգի յաջողութիւններին: Համոզուած եմ, որ նրանք կը լինեն հոյակապ պարուսոյցներ եւ օրինակելի արուեստագէտներ ակադեմիայի սաների համար: Մենք կը կարօտենք Դաւիթին ու Վանեսային, սակայն ցանկանում ենք նրանց լաւագոյնը՝ իրենց կեանքի նոր փուլում», յայտարարել է Սան Ֆրանսիսկոյի բալետի արտիստիկ տնօրէն եւ գլխաւոր խորէոգրաֆ Հելգի Թոմասոնը:
Սան Ֆրանսիսկոյի բալետը, թատերաշրջանի վերջում նախատեսում է տաղանդաւոր ամուսինների հրաժեշտի յատուկ ծրագիր, ինչի մասին կը յայտարարուի աւելի ուշ:
«Մեռան, Որ Ապրինք» ֆիլմը եւ ստեղծման մասին տեսանիւթը կարող էք դիտել հետեւեալ յղումներով՝ www.youtube.com/watch?v=0uSgNftg1DE եւ www. youtube.com/watch?v=7YtNoJhbGXw: