https://hraparak.am-Իրավունքն իրականում պարտականության հայելին է, և հակառակը՝ պարտականությունն է իրավունքի հայելին, որովհետև այն ինչ իմ պարտականությունն է, ուրիշի իրավունքն է, և հակառակը:Եվ այս ամենը պետք է հավասարակշռության մեջ գոյություն ունենա: Այս մասին «Զրույցներ պետության մասին-1» խոստացված հոլովակում ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե պատկերացնենք ազատությունը և ազատության սահմանափակումները որպես ուղղահայաց և հորիզոնական առանցքներ, ահա այդ առանցքների հատման կետում առաջանում են իրավունքը և պարտականությունը:Եթե օրինակ կա կյանքի իրավունք, ուրեմն կա չսպանելու պարտականություն: Կամ, օրինակ, ավտոմեքենան կանոններով վարելու պարտականություն, որպեսզի ուրիշի կյանքը վտանգի տակ չդրվի: Կա սեփականության իրավունք, կա չգողանալու պարտականություն: Ամենակարևորն իրականում այն է, որ պարտականությունները իրավունքներն ուժեղացնելու համար են: Եթե ես՝ որպես քաղաքացի, ստանձնում եմ պարտականություն, դա ուժեղացնում է իմ իրավունքը: Որովհետև եթե քաղաքացին չի գողանում, ուրեմն պաշտպանված է իրավունքով»,-պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ այս ամենը, սակայն իմաստ ունի հավաքականության մեջ, այսինքն ժողովուրդն է որոշում իրավուքնի և պարտականության առանցքի հատման կետը: Խնդիրն այն է, որ մեր իրականության մեջ մենք երբեմն չենք ընկալում այս կարևորագույն փաստը, երբեմն չենք ընկալում մեզ, որպես մեր իրավունքի և պարտականությունների աղբյուր:
«Մենք ենք սահմանել այդ իրավունքներն ու պարտականությունները, ուրիշ մեկը չի տվել մեզ: Երբ մենք մտածում ենք, թե ուրիշն է մեզ տվել այդ պարտականությունն ու իրավուքնը, օտարվում ենք դրանցից: Պարտականությունը ընկալում ենք որպես կալանք, ձերբակալություն, իսկ իրավուքնի դեպքում, մեզ ստորադասում ենք այն պոտենցիալ ուրիշին, որը ենթադրում ենք, թե մեզ իրավունք է տվել»,-ասել է Փաշինյանը: