ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կանխվել է միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ առնչության մեջ կասկածվող օտարերկրյա պետության քաղաքացու մուտքը Հայաստանի Հանրապետություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱԱԾ մամուլի ծառայությունից «Առավոտ»-ի հետ զրույցում հաստատել են այս տեղեկությունը:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակելու պատճառաբանությամբ ԱԱԾ-ն դեպքի հետ կապված այլ մանրամասներ չի հայտնել, բայց և տեղեկացրել է, որ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգների մասին հավաստի տեղեկություններ ստանալու դեպքում կանխարգելիչ նման միջոցառումներ մշտապես են իրականացնում:
Մասնավորապես, միայն 2017թ. ընթացքում հակաահաբեկչական միջոցառումների շրջանակներում արգելվել է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ հնարավոր առնչության մեջ կասկածվող այլ պետության 960 քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն, ևս 95 օտարերկրացի վերցվել է սահմանային վերահսկողության՝ հատուկ հետախուզման ռեժիմով:
ԱԱԾ-ից հայտնել են նաև, որ Հայաստանի տարածք միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների ներթափանցումը նախականխելու նպատակով Ազգային անվտանգության մարմիններն ակտիվ համագործակցում են այլ պետությունների գործընկեր ծառայությունների հետ:
«Առավոտ»-ը նշում է, որ տեղեկություններ է ստացել օրեր առաջ ուժային կառույցների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հատուկ գործողություն իրականացնելու և մեր երկիր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից մեկի մուտքը կանխելու մասին: