Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
Ինձ համար, որպես գրականագետի, մասնագիտական յուրօրինակ բավարարվածություն է պատճառում ժամանակակից հայ գրողների՝ այլ լեզուներով թարգմանական գրքերի երևան գալը: Այս առումով հատկապես ուշագրավ են անգլերեն թարգմանությունները, որովհետև բացահայտ ճշմարտություն է անգլերենի՝ միջազգային լեզվի դերակատարումը:
2019-ին Լոնդոնի Glagoslav Publications հրատարակչությունը լույս է ընծայել Կ. Խոդիկյանի պատմվածքների ժողովածուն “The door was open” («Դուռը բաց էր…») խորագրով: Կազմի դարձերեսին գրքի բովանդակության համառոտ անոտացիան է և համառոտ տեղեկություն հեղինակի մասին: Անոտացիայում նշված է, որ հեղինակի պատմվածքները կարելի է բնութագրել որպես ինտելեկտուալ պատմվածքներ կանանց համար: Այդ պատմվածքները միստիկ ուղղվածությամբ պատմում են երիտասարդ և ծեր, երջանիկ ու տխուր կանանց մասին, «նույնիսկ, երբ պատմվածքի գլխավոր հերոսը կին չէ, պատումը ներքաշում է ձեզ դեպի կնոջ կյանքը՝ բացահայտելով նրա դերը որևէ բանում և ամեն ինչում»:
Իրականում «Դուռը բաց էր…» ժողովածուն բաց դռնից ցուցադրում է մարդուն` իր բարդ, խորհրդավոր ներաշխարհով: Այդ ներաշխարհից, այդ անտեսանելիից էլ ծնվում են մարդու արտաքին տեսանելի արարքներն ու գործողությունները: Խոդիկյանի որոշ պատմվածքներ ունեն Դոստոևսկու հոգեբանական սուզումները, ու թեև ընթերցողը ներքին տագնապով է դրանք կարդում, սակայն զգում է դրանց հոգեբանական ճշմարտությունը:
Այս գրքում ես չգտա հեքիաթի երջանիկ ավարտով պատմվածք, բացի մեկից: Բոլոր պատմվածքները հեքիաթների նման համամարդկային ապրումների դրսևորումներ էին ու անպայմանորեն բնորոշ բոլոր ազգերին: Դրանք նաև որոշ առումով գերիրապաշտական ուղղվածություն ունեն: Թեպետ համաշխարհային գրականագիտությունը սյուռեալիզմը կապում է ֆրանսիացի բժիշկ Անդրե Բրետոնի հետ ու դնում նրա մանիֆեստի թվականը՝ 1924-ը, բայցևայնպես սյուռեալիզմի դրսևորումներ կարելի է տեսնել քրիստոնեական միջնադարյան ձեռագրերում տեղ գտած բազմաթիվ միստիկ գրվածքներում:
Ուրեմն՝ Խոդիկյանի գրքի ուղղվածությունը մարդուն բացահայտելու մշտահոլով բարդ պրոբլեմի դրսևորումներից մեկն է:
Խիստ հետաքրքիր է «Հինգ մեքենա՝ ճամփեզրից այն կողմ» (“Five cars out of the road”) պատմվածքը: Տղամարդը պառկած է բարձրադիր ճամփեզրին՝ դեմքով դեպի երկինք, խաչվածի ձևով. «Վառ երևակայություն ունեցողին բարձրադիր ճամփեզրին պառկածը արևախանձ հողին տարածված խաչափայտ կարող էր հիշեցնել…»: Խճուղով իրար ետևից սլանում են մեքենաները, և միայն հինգ մեքենա է հեղինակը առանձնացնում: Այդ հինգ մեքենաների ուղևորները՝ կին թե տղամարդ, նկատում են բարձունքին պառկած տղամարդուն, սակայն նրանցից ոչ մեկը կանգ չի առնում՝ իմանալու, թե ինչ է պատահել նրան. վա՞տ է զգացել, հիվա՞նդ է, գուցե մեռա՞ծ: Նրանք քննարկում են իրենց կենցաղին վերաբերող ամենատարբեր խնդիրներ: Մեկը մոռացել է իր համար սիմվոլիկ նշանակություն ունեցող խալաթը հյուրանոցի համարում, մյուսը բանկային-վարկային խնդիրներ ունի, մեկը գյուղից քաղաք է գնում՝ ծեր հորը պարտադրված այցելելուց հոգնած… և իրենց մտածումների մեջ մի կարճ պահ մտածում են ճամփեզրին պառկած տղամարդու մասին՝ որպես մեռածի կամ, գուցե, մահվան շեմին գտնվողի, անգամ անհանգստանում են, բայց և… շարունակում իրենց ճանապարհը: Կյանքի իրական հոգսերով՝ ճշգրիտ պատկերներով, կենդանի տեսարաններով, սլանում են հինգ մեքենաների մեջ գտնվողները: Բայց վրա է հասնում անտարբերության հատուցումը՝ ամեն մեկին՝ իր չափով ու կշռով, և ամենևին պատահական չէ, որ նրանցից յուրաքանչյուրը հատուցումի, իմա՝ մահվանից մեկ ակնթարթ առաջ հիշում է ճամփեզրին պառկածին… Իսկ ի՞նչ եղավ տղամարդու հետ: Հիանալի է պատմվածքի ավարտը: Տղամարդը պարզապես այդ դիրքով հանգստանում էր՝ վայելելով հողի բույրն ու արևի ջերմությունը…
Պատմվածքների մի փունջ “First of March” («Մարտի 1») ընդհանուր խորագրի տակ է: Դրանցից առաջինը կոչվում է “The carpenter’s name” («Հյուսնի անունը»): Երևանում, հատկապես քաղաքի կենտրոնում ապրողները, գիտեն, թե ինչ չարագուշակ ամսաթիվ է մարտի 1-ը: Եղան զոհեր, վանդալիզմ, ցավալի բախումներ ու անհայտ մեղավորներ: Բայց չէ՞ որ ինչ-որ մարդիկ կրակել են, սպանել են մարդկանց: Այդ օրը պատմվածքում զուգահեռվում է Հիսուսի խաչելության հետ: Պատմվածքում օրենքի մարդու ընկճվածության իրողությունն է պատկերված, նաև՝ կենսական հարց, թե ինչ պետք է սովորի աշակերտը, որպեսզի չմասնակցի որևէ խաչելության. «Վերջապես խելքը գլխին գրականության ուսուցիչ ունեցան, գրողների ծնված-մեռած թվերն անգիր անելու փոխարեն մտածել է սովորեցնում»:
Դաստիարակության, մարդու կեցության խնդիրներն է քննում «Սև մահճակալը» (“The black bed”) պատմվածքը: Կյանքը լի է վախերով, ու մահվան վերջնագիրը ամբողջ կյանքում ուղեկցում է մարդուն, երբեմն դրան գումարվում են առեղծվածային ու անբացատրելի վախեր, որոնք դառնում են մշտական ուղեկից: Դրանից, իհարկե, խամրում է իրական կյանքի քաղցրությունը:
«Ջրահեղձը» (“The drowned”) պատմվածքը հոգեբանական նրբությամբ բացահայտում է պատերի մեջ փակված, բայց մտովի ջրահեղձի թաղման թափորին հետևող տան երեք կանանց հոգեվիճակը: Նրանցից ամեն մեկը ճակատագրական խարանով է կապված ջրահեղձի հետ, իսկ տան տղամարդը նրանց մտքերի սարդոստայնում անուժ թպրտում է՝ անկարող դիմակայելու թափորի հետ մոտեցող աղետին. «Սենյակում երեքից ամեն մեկն իր չասված մտքերի ետևում դարանակալ, դեռ չսկսված ինչ-որի էությունը արդեն վերծանած, արտաքուստ խաղաղ, բայց մտովի մենամարտի գրգռիչ վայելքն էր ըմբոշխնում»:
Հոգեբանական բարդ իրավիճակ է քննում «Ես չէի գնալու…» (“I wasn’t going”) պատմվածքը: Որդուն կորցրած մայրը մերժում է մարդասպանի մոր աղերսը՝ գթասիրտ լինել… Չար քմծիծաղով է լսում նրա՝ «Կուզենայի քո տեղում լինել» խոստովանությունը և վռնդում է, քանզի իր որդին զոհ է, նրանը՝ դահիճ: Ավելի քան սովորական պատմությունը անսպասելի շարունակություն է ստանում. ժամանակը վերադարձել է այն հոկտեմբերյան օրը, բայց որդին դեռ ողջ է, ամեն ինչ կրկնվում է, և սարսափելին այն է, որ ինքը գիտե՝ ուր որ է կրկին բացվելու է դուռը, և ներս պիտի բերեն արնաշաղախ որդուն… Դուռը բացվում է, շեմին՝ որդին, այս անգամ նա է մարդասպանը: Դերե՞րն են փոխվել, ընդամե՞նը… Եթե այդքան պարզ է ամեն ինչ, ինչո՞ւ կինն ընտրում է ինքնասպանությունը, միայն որ ի՞նքը չգնա զոհի մոր մոտ…
«Էտյուդ» (“Etude”) պատմվածքում կնոջ ու տղամարդու փոխըմբռնման դժվարություններն են: Նրանց՝ ավարտին մոտեցող սիրավեպի հերթական վիճաբանության ամեն մի բառը կարող է ճակատագրական լինել:
Խոսքս ուզում եմ ավարտել ֆրանսիացի հայագետ Լյուք-Անդրե Մարսելի (1919-1992)՝ Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» երկի առիթով ասված հետևյալ մտքով. «Թեպետ Նարեկացին հաճախ է ազդարարում մահը,… սակայն ոչ մեկը նրա չափ չի պահանջել ապրելու իրավունքը»:
Կարինե Խոդիկյանի «Դուռը բաց էր…» պատմվածքների ժողովածուի մահվան պատկերներն իրական կյանքում մարդու մարդավայել իրավունքով ապրելու պահանջն են: Դրանք պահանջ են համայն մարդկության համար:
«Դուռը բաց էր…» ժողովածուն հրատարակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրով: