ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից 82 տարեկան հասակում հեռացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
«Կյանքից հեռացել է ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ՝ իմ 30 տարվա սիրելի ավագ ընկերը, փորձառու դիվանագետ-միջազգայնագետը և հետաքրքիր անհատականությունը»,- գրել է նա:
Արման Նավասարդյանը ծնվել է Երևանում՝ 1939 թվականի ապրիլի 6-ին: Սովորել է Վալերի Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում՝ 1956-1960 թվականներին, ԽՍՀՄ արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիայում, 1974-1976, այնուհետև նաև՝ 1988-1989 թթ.:
Խորհրդային տարիներին դիվանագիտական տարբեր պաշտոններ է զբաղեցրել՝ Ալժիրում, Սենեգալում, իսկ 1989-1990 թթ. ԽՍՀՄ ԱԳՆ տեղեկատվության և աշխատանքի կազմակերպման վարչության պետն էր: Արման Նավասարդյանը՝ 1991-1993 թթ. նշանակվել է ՀՀ ԱԳՆ փոխարտգործնախարար, իսկ 1993-1998 թթ. նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավստրիայում՝ համատեղության կարգով Հունգարիայում, ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀՄ–ում և ՄԱԿ–ի Վիեննայի գրասենյակում: Այնուհետև՝ 1998-2001 թթ. զբաղեցրել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը Լիբանանում: Սկսած 2013-ից, Արման Նավասարդյանը Հայ–Ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի վարիչն էր: Ուներ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Տիրապետում էր ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն լեզուների: Ամուսնացած էր, ուներ երկու որդի։