https://www.azatutyun.am/-Այսօր ՀԱՊԿ ռազմական խորհրդի նիստում քննարկվել են դաշինքի համատեղ օդային ուժերի զարգացման և Կենտրոնասիական տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կազմակերպման հարցերը, նիստից հետո հայտնել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:
Նրա փոխանցմամբ, ՀԱՊԿ երկրների ռազմական ղեկավարները «համաձայնել են առաջադեմ մարտական փորձը ներդնել ՀԱՊԿ զորքերի պատրաստման պրակտիկայում»։ Ամփոփելով հանդիպումը՝ Գերասիմովը նշել է, որ ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստը «տեղի է ունեցել գործնական և կառուցողական մթնոլորտում, և արդյունքները կնպաստեն ռազմական անվտանգության առաջանցիկ զարգացմանն ու ամրապնդմանը»։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբների պատվիրակությունները, միացյալ շտաբի և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ:
Հայաստանի գլխավոր շտաբի ներկայացուցիչներ նիստին չեն եղել։
Անկախ պետությունների համագործակցության արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերի 7-ին Մոսկվայում, այսօր Մինսկում ԱՊՀ արտգործնախարարների նիստում ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Նեղ ձևաչափով որոշվել է ԱԳ նախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2024 թվականի հոկտեմբերի 7-ին Մոսկվայում»,- ասել է նա։
Լեբեդևը նշել է, որ պատվիրակությունների ղեկավարները «նեղ ձևաչափով հանդիպման ժամանակի մեծ մասն օգտագործել են միջազգային օրակարգի ընթացիկ հարցերի և ԱՊՀ փոխգործակցության վերաբերյալ մտքերի անկեղծ փոխանակման համար»։
Հայաստանից հավաքին մասնակցում է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը: