ԶՐՈՅՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (COAF) ՀԻՄՆԱԴԻՐ ԵՒ ԽՈՐՀՐԴԻ ԱՏԵՆԱՊԵՏ ԴՈԿՏՈՐ ԿԱՐՕ ԱՐՄԷՆԻ ՀԵՏ
Լոռու մարզում Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կողմից կառուցւում է աշխարհում եզակի մի հաստատութիւն՝ «Սմարթ» կենտրոն: Սա կրթական աւան է, որտեղ հանդիպում եւ հանգուցւում են արուեստը, տեխնոլոգիան, լեզուները, գիւղատնտեսութիւնը, առողջ ապրելակերպը, ձեռներէցութիւնը՝ համեմուած ստեղծագործականութեամբ: Հայաստանը գիտելիքի ու ստեղծագործականութեան միջազգային ասպարէզում դիրքաւորելու ռազմավարական այս քայլը մեկնաբանում է ամերիկահայ ձեռներէց, COAF-ի հիմնադիր եւ խորհրդի ատենապետ դոկտոր Կարօ Արմէնը:
Արմէնը ծնուել է 1953թ., Թուրքիայում, 17 տարեկանում տեղափոխուել է ԱՄՆ: 1978թ. վաստակել է իր առաջին մեծ գումարը՝ ի ցոյց դնելով իր արտառոց բիզնես ջիղը: Գիտական աստիճան է ստացել Նիւ Եորքի համալսարանում՝ ֆիզիկական քիմիայի ասպարէզում: Հիմնել է կենսատեխնոլոգիական «Աջենուս» ընկերութիւնը: 2016թ. արժանացել է ԱՄՆի «Տարուայ ներգաղթեալ ձեռներէց» մրցանակին:
ՀԱՐՑ.- Ի՞նչ է «Սմարթ»ը:
ԿԱՐՕ ԱՐՄԷՆ.- Հայաստանի մանուկներ հիմնադրամի ստեղծած զարգացման մոդել է, համայնքի ու անհատի ինքնակատարելագործման եւ կենսամակարդակի բարելաւման նորարարական ճանապարհ: Սա միջավայր է, որտեղ երեխաներն ու մեծահասակները ձեռք են բերում նոր գիտելիքներ, հմտութիւններ, փն-տռում են իրենց ու ինքնիրացւում: Դրա համար ստեղծւում են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ տարածք, տեխնոլոգիա, հեռահար ուսուցման հնարաւորութիւններ, գործիքներ, մասնագէտներ, ինչպէս նաեւ ձեւաւորւում է զարգացման տեսլական:
«Սմարթ»ը կրթութիւն է, համագործակցութիւն, ստեղծագործականութիւն եւ նորարարութիւն: Եւ, որ ամենակարեւորն է, «Սմարթ»ն ինքնանպատակ կառոյց չէ: Այն պատասխան է տեղի բնակչութեան կարիքներին: Սրանով մենք յոյս ունենք ապահովել նաեւ բնակչութեան զբաղուածութեան հարցը՝ իրենց ծննդավայրում գործունէութիւն ծաւալելու եւ յաջողելու համար:
«Սմարթ» նախաձեռնութիւնը մէկ այլ կարեւոր հարց էլ է լուծում՝ Հայաստանի համայնքները աշխարհի ներկայ ու ակտիւ մասնակից դարձնելով, երեխաների եւ երիտասարդութեան համար հասանելի դարձնելով տեղական եւ համաշխարհային գիտելիքը: Ինչպէ՞ս: «Սմարթ» կենտրոնը յագեցած է լինելու հեռահաղորդակցութեան տեխնոլոգիաներով՝ անխափան կապ հաստատելով Երեւանի, շրջակայ 30 գիւղերի եւ ամբողջ աշխարհի հետ, առցանց դասընթացների կազմակերպման եւ շփման խոչընդոտների վերացման նպատակով:
ՀԱՐՑ.- Ո՞րն է «Սմար»չ հայեցակարգը, նորութիւնը, որի մասին նշեցիք:
ԿԱՐՕ ԱՐՄԷՆ.- «Սմարթ»ը համապարփակ, համակողմանի նախաձեռնութիւն է: Երբ 2004թ.ին սկսեցինք աշխատել Արմաւիրի մարզում, մեզ թւում էր, թէ միայն դպրոց ենք նորոգելու: Սակայն ընթացքում պարզեցինք, որ կրթական չափորոշիչները եւս խնդիր են: Մասնագէտների հրաւիրեցինք՝ վերապատրաստելու ուսուցիչներին եւ տնօրէններին, նաեւ՝ ներկայացնելու աշակերտական ակումբների գաղափարը: Նոյնը կատարուեց առողջապահութեան ծրագրի դէպքում, սոցիալական եւ այդպէս շարունակ: Ի՞նչը յաջողութիւն բերեց մեզ. ամբողջական մօտեցումը, անդրադարձը համայնքի բոլոր ոլորտներին միաժամանակ:
Արդիւնքներին արդէն ականատես ենք Արմաւիրի եւ Արագածոտնի մարզերում. փոխուել են գիւղական հանրոյթները, նրանց աշխարհընկալումը, կեցուածքը ու հեռանկարները:
Լոռու «Սմարթ»ը հիմնւում է անսահման գեղեցիկ մի վայրում, եւ նրա ճարտարապետութիւնը «անողոքաբար» նորարարական է: Մարդկանց աշխարհայեացքը կը փոխուի. փաստօրէն, անհաւանականը իրապէս հնարաւոր է: Նման հաւատքը մեր պատմական աւանդոյթն է, որն արտացոլւում է մեր ձեռքբերումների եւ ներդրումների մէջ՝ որպէս ազգ, որպէս մշակոյթ եւ որպէս ժողովուրդ:
ՀԱՐՑ.- Իսկ ի՞նչ բնութագիր ունի «Սմարթ»ը:
ԿԱՐՕ ԱՐՄԷՆ.- Լոռիում կառուցւում է «Սմար»չ աւան՝ բաղկացած «Սմարթ» կենտրոնից, արուեստանոցներից, արհեստանոցներից, բուժհաստատութիւնից, մարզահրապարակներից եւ փորձարարական գիւղատնտեսութեան տարածքներից՝ ջերմոցային տնտեսութիւն, մեղուաբուծական հատուած, ինչպէս նաեւ ռոբոտաշինութեան լաբորատորիայից: Բացի այդ, այն օթեւանի յարմարութիւններ կ՛ունենայ, ինչը թոյլ կը տայ հիւրընկալել միաժամանակ 20 այցելուի, որը կը ծառայի միջազգային մասնագէտների, տարբեր միջոցառումների մասնակիցների եւ հիւրընկալութեան բիզնեսի մասնագէտների պատրաստման համար:
Գործում են նաեւ «Սմարթ» սենեակներ՝ իւրատեսակ արբանեակներ «Սմարթ» կենտրոնին: Դրանք հիմնւում են գիւղական համայնքներում, յագեցած են անհրաժեշտ տեխնոլոգիայով ու կապով եւ լրացուցիչ կայան են աշխարհի հետ հաղորդակցութեան համար: Արդէն իսկ նման հանդիպումներ եղել են Կոսովոյի, Հոլանդիայի, Պորտուգալիայի մասնագէտների եւ լոռեցի երեխաների միջեւ:
Ծրագրային իմաստով՝ «Սմարթ»ը հանգուցում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի տասնամեակների փորձը եւ միաժամանակ ընդգրկում հէնց Լոռու մարզի կարիքներին համապատասխան ոլորտներ: Հիմնական ծրագիրը, որ կրկնուելու է իւրաքանչիւր մարզի «Սմարթ» աւանում, ներառում է ռոբոտիկա, ծրագրաւորում, արուեստներ, անգլերէնի ուսուցում, գիւղատնտեսութիւն, բնապահպանութիւն, առողջ ապրելակերպ, ձեռներէցութիւն եւ այլն: Իսկ հէնց Լոռու մարզին առաւել բնորոշ են, օրինակ, մեղուաբուծութիւնը, փայտամշակումը, խեցեգործութիւնը, տուրիզմը…
ՀԱՐՑ.- Ովքե՞ր են «Սմարթ»ի շահառուները:
ԿԱՐՕ ԱՐՄԷՆ.- Բոլորը: Մենք հասարակութիւն ենք, ի վերջոյ: Գիւղական կարիքներն ստիպում են, որ մենք անդրադառնանք լայն հասարակութեանը: Վստահ չեմ, որ հնարաւոր է անել այն, ինչ մենք ենք անում՝ թիրախ ունենալով միայն երեխաներին: Ի հարկէ, երեխաները մեր աշխատանքի կենտրոնն են, գործի 70-80 տոկոսը երեխաներին է վերաբերում, սակայն, կարծում եմ՝ անարդար է միւսներին անտեսելը, չես կարող երեխաներին առանձնացնել ծնողներից:
Դասերի զբաղուած ժամերին կենտրոնն աշխատելու է մեծահասակների մասնագիտական վերապատրաստման եւ նոր հմտութիւնների ձեռքբերման ուղղութեամբ, իսկ արդէն յետդպրոցական ժամերին իր դռները բացելու է երեխաների առջեւ եւս:
Ամէն «Սմար»չ աւան Հիմնադրամի ներկայութիւնն ապահովելու է ամենաքիչը 25-30 նոր համայնքներում:
ՀԱՐՑ.- Ի՞նչ մասնագէտներ են ներգրաւուելու «Սմարթ»ում:
ԿԱՐՕ ԱՐՄԷՆ.- Մեզ համար սկզբունքային է համագործակցութիւն ձեւաւորել եւ «Սմար»չ գործունէութեան տարբեր բաղադրիչներ վստահել իրենց ոլորտում լաւագոյն փորձառութիւն ունեցող կազմակերպութիւններին ու մասնագէտներին՝ ապահովելով բոլոր ուղղութիւնների համադրումը ու փոխադարձ կապը «Սմարթ»ի փիլիսոփայութեան համատեքստում:
Բազմաթիւ ընկերութիւնների եւ տարբեր ոլորտների պրոֆեսիոնալների ենք ներգրաւում՝ օգնելու մեզ կատարելագործել «Սմարթ»ի գործունէութիւնը ոչ ֆորմալ կրթութեան, առողջապահութեան, սոցիալական եւ տնտեսական ոլորտներում: Մեր աշխատակազմում էլ գործի գիտակներ են, ովքեր որոշակի ոլորտներ կ՛առնեն իրենց պատասխանատուութեան տակ:
Պէտք է նշել կարեւորագոյն մի հանգամանք. գործընկերութեան հիմքում դրուած է տեղական մասնագիտական ներուժի զարգացման սկզբունքը, ինչը ենթադրում է, որ իւրաքանչիւր գործընկեր կազմակերպութիւն կամ անհատ պարտաւորւում է, իր ներգրաւուածութեանը զուգահեռ, վերապատրաստել տեղացի մասնագէտներ, ինչը շարունակականութեան գրաւականն է: Սա տեղական ռեսուրսները բացայայտելու եւ տեղում իրացնելու ռազմավարութիւն է:
ՀԱՐՑ.- Ինչո՞ւ հէնց Լոռին, պարոն Արմէն:
ԿԱՐՕ ԱՐՄԷՆ.- Մարդն է Հայաստանի ամենամեծ ռեսուրսը: 12 տարի առաջ Հայաստանի մանուկներ հիմնադրամն իր գործունէութիւնն սկսելով ամենաբարդ տարածքներից մէկում՝ Արմաւիրի մարզում, նպատակ ունէր ուսումնասիրելու, թէ ինչպէս կարող ենք այդ ռեսուրսներն արդիւնաւէտօրէն կիրառել՝ անկախ աշխարհագրական պայմաններից: Յաջողուեց: Բոլոր օբյեկտիւ չափորոշիչների համաձայն՝ ստացուած արդիւնքները տպաւորիչ են կենսամակարդակի բարելաւման, կենսական փոփոխութիւնների եւ մարդկանց խրախուսելու իմաստով: Դա, ըստ էութեան, բնակչութեան վերածնունդ էր:
Այդպէս աշխատեցինք 23 տարբեր գիւղերում, եւ առաջխաղացմանն ուղղուած մեր հարցերը հետեւեալն էին՝ ինչպէ՞ս եւ դէպի ո՞ւր ընդլայնուել, ինչպէ՞ս յաջող փորձը առաւել նպատակայարմար ձեւով վերարտադրել: Եթէ նոյն կերպ վարուէինք, ինչ Արմաւիրում, անհամեմատ երկար ժամանակ կը պահանջուէր՝ ձեռք մեկնելու Հայաստանի բոլոր գիւղերին: Մենք պէտք է հանդէս բերէինք նորարար նախաձեռնութիւն՝ առաջիկայ 10 տարում ընդգրկելով Հայաստանի 100 գիւղեր:
Ծնուեց «Սմարթ»ը: Լոռին առա-ջին քայլն է՝ մեր նորարարական «Սմարթ» հայեցակարգը ներկայացնելու եւ փորձարկելու առումով: Վստահ ենք, որ Լոռիում ձեռնարկուող քայլերը թոյլ կը տան հասնել նոյն արդիւնքին, ինչ Արմաւիրում, բայց շատ աւելի արագ եւ առաւել արդիւնաւէտ ճանապարհով: Լոռին ընտրուեց նաեւ այն պատճառով, որ ցաւօք, արտագաղթի ցուցանիշով այս մարզն առաջին տեղում է…
ՀԱՐՑ.- Ի՞նչ է նշանակում ներդրում կատարել Հայաստանի գիւղերում:
ԿԱՐՕ ԱՐՄԷՆ.- Գիւղերն առաջարկելու շատ բան ունեն ոչ միայն Հայաստանին, այլեւ աշխարհին առհասարակ: Մենք պարզապէս պէտք է որոշակի ռեսուրսներ տրամադրենք, ու հաւատացած եմ, որ ծանր գործի մնացեալ մասն իրենք ինքնուրոյն կ՛անեն:
Գործունէութեան առաջին օրից ի վեր Հայաստանի մանուկներ հիմնադրամը Արմաւիրի եւ Արագածոտնի մարզերում տասնեակ միլիոն դոլարների ծրագրեր է իրագործել, այդ թւում՝ ենթակառուցուածքների հիմնանորոգում, կրթական, առողջապահական, սոցիալական եւ տնտեսական միջամտութիւններ:
«Սմարթ»չ հայեցակարգը մեզ թոյլ է տալիս մեծացնելու մեր ծրագրերի ընդգրկումն ու ազդեցութիւնը՝ տնտեսելով ժամանակ եւ ռեսուրսներ: Առաջին «Սմարթ»չ կենտրոնի կենսագործման համար Հիմնադրամը ներդնում է շուրջ 1 մլրդ. դրամ գումար: 2015թ. Դեկտեմբերին Նիւ Եորքում կայացած դրամահաւաքը հէնց այդ թիրախն ունէր: Արդիւնքում հաւաքուած 3.7 միլիոն դոլարի մեծ մասն ուղղորդուելու է «Սմարթ»չի շինարարութեանը եւ կայացմանը:
ՀԱՐՑ.- Խօսելով հեռանկարների մասին՝ ո՞րն է Հիմնադրամի եւ «Սմարթ»չի յաջորդ քայլը:
ԿԱՐՕ ԱՐՄԷՆ.- «Սմարթ»ի հիմնական հայեցակարգը ենթադրում է դրա կրկնօրինակումը Հայաստանի տարբեր մարզերում, ինչը կ՛արագացնի մինչ այս մեր գրանցած յաջողութիւնները:
Այժմ Հայաստանի մանուկներ հիմնադրամն ուսումնասիրում է Հայաստանի մարզերը՝ ընդլայնման իր ծրագրերը կեանքի կոչելով: Արդէն յայտարարել ենք Շիրակի եւ Տաւուշի մարզերում ծրագրերի մեկնարկի մասին: Լոռիում «Սմարթ»չի առջեւ դրուած նպատակներին հասնելուն պէս մենք նախատեսում ենք կրկնօրինակել «Սմարթ»չ մոդելը Հայաստանի բոլոր մարզերում:
ՀԱՐՑ.- Ի վերջոյ, երբ է շահագործման յանձնուելու «Սմարթ»չ աւանը:
ԿԱՐՕ ԱՐՄԷՆ.- Կրթական շինութեան՝ «Սմարթ» կենտրոնի շինարարութիւնն այս պահին թէժ ընթացքի մէջ է: Ակնկալում ենք հիմնական աշխատանքներն ա-ւարտին հասցնել այս տարուայ Նոյեմբերին: Բացման օրուայ մասին կը յայտարարուի նախապէս:
168.am