Վերջին տարիներին հայաստանցի պատմաբանները, քաղաքական ու հասարակական շրջանակներն ակտիւ պայքար էին մղում Օսմանեան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը դէպի իրաւաքաղաքական դաշտ տեղափոխելու ուղղութեամբ: Շատերը պնդում են՝ անցել է Ցեղասպանութեան ճանաչման փուլը, եկել է հատուցում պահանջելու ու պատճառուած հետեւանքները վերացնելու ժամանակը:
Ցեղասպանութեան հետեւանքների, վնասների, կրած կորուստների մասին տարբեր թուեր, տեսակէտներ կան: Դրանք ի մի բերելու ու ամբողջական գնահատական տալու նպատակով Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայում ստեղծուել է միջգիտակարգային յանձնախումբ, որում ներառուած են գիտնականներ ու մասնագէտներ պատմութեան, արեւելագիտութեան, արուեստի, երկրաբանութեան, հնագիտութեան եւ ազգագրութեան, ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի ինստիտուտներից՝ Ռուբէն Մելքոնեան, Արմէն Մարուքեան, Պաւել Աւետիսեան, Ռուբէն Սաֆրաստեան, Արարատ Աղասեան, Դաւիթ Քերթմենջեան եւ այլք:
«Յանձնախումբը կարողացել է մեր ունեցած կորուստները՝ սկսած տարածքայինից մինչեւ եկեղեցիներ, մշակութային արժէքներ, հաւաքագրել: Արուեստագէտներն աշխատել են իրենց մասով, պատմաբանները՝ իրենց, նաեւ երկրաբաններ ու ֆիզիկոսներ կան խմբում: Վերջինները, օրինակ, հանքային հանածոների մասով ահռելի գործ են արել: Արեւմտեան Հայաստանի տարածքում հսկայական հանածոներ կան, որոնք անցած 100 ու աւելի տարիների ընթացքում շահագործուել են, դրանց շահոյթները ֆանտաստիկ գումարներ են կազմում: Խմբում ընդգրկուած բոլոր մասնագէտներն իրենց հնարաւորութեան սահմաններում հաւաքել են մեր ունեցած կորուստի հանրագումարը, եւ 600-700 էջանոց ծանրակշիռ մի աշխատութիւն առաջիկայ մի քանի ամիսների ընթացքում լոյս կը տեսնի», «Փանորամա»յի հետ զրոյցում ասաց ԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէն Աշոտ Մելքոնեանը:
Գիտնականը կարծում է, որ աշխատութեան հրատարակումից յետոյ կը լինեն գործնական քայլեր հատուցման խնդիրն առաջ մղելու համար:
«Ժամանակին Լեւոն Վարդան անունով գործիչ կար: Նա սկսել էր գրել հայկական կորուստների մասին, այսպէս կոչուած լքեալ գոյքի վերաբերեալ, երբ թուրքերը օրէնքներ էին գրել, որպէսզի պետականացնէին հայերից յափշտակուած գոյքը: Հիմա մենք գիտական մակարդակով դա դնում ենք ընթացքի մէջ, կարծում եմ՝ կը գայ ժամանակը, որ պետական մարմինները մեզ սատար կը կանգնեն, եւ քաղաքական մակարդակով եւս այդ հարցն առաջ կը մղեն», մանրամասնեց գիտնականը:
Մինչ կը հրապարակուի աշխատութիւնը, խնդրեցինք որոշ տուեալներ հրապարակել: Մելքոնեանը յիշեցրեց, որ մինչեւ 1921 թուականը տարբեր թուեր են շրջանառուել, խօսուել է 18 միլիոն ֆրանկի մասին, որը ըստ գիտնականի, այսօր մի քանի հարիւր միլիարդ ամերիկեան դոլար է կազմում:
«Բայց այդ նախկին ու ներկայ հաշուարկները համեմատելի չեն միմեանց հետ: Միայն կ՛ասեմ հետեւեալը, մեր նիւթական կորուստները կազմել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանեան կայսրութեան կրած վնասների կրկնակին, որոշ հաշուարկների համաձայն, խօսքն առնուազն կէս տրիլիոն դոլարի մասին է: Սա էլ յարաբերական թիւ է, միայն շօշափելի նիւթական կորուստների մասին է խօսքը, դրանում ներառուած չեն հոգեւոր արժէքները՝ երաժշտութիւն, ձեռագրեր, եկեղեցիներ, որոնք ֆինանսական առումով անկարելի է հաշուել: Էլ չեմ ասում ամենակարեւորը՝ հայրենիքը, որը գին, արժէք չունի», նշեց ԳԱԱ պատմութեան ինստիտուտի տնօրէնը:
Մելքոնեանի խօսքով, աշխատութեան բաժիններից մէկում Արուեստի ինստիտուտի ներկայացուցիչ Արարատ Աղասեանը գրել է, թէ ինչ է կորցրել Հայաստանը գեղանկարչութեան բնագաւառում, ինչպիսի նկարիչներ ենք ունեցել, նրանց բոլոր նկարները ոչնչացուել են:
«Միայն Եղեռնի ժամանակ մօտ 30 հազար ձեռագիր ենք կորցրել: Համեմատութեան համար նշեմ, որ այսօր Մատենադարանում պահւում է շուրջ 20 հազար ձեռագիր, աշխարհում ունենք 30-35 հազար ձեռագիր», հաշուած վնասները ներկայացրեց նա:
Աշխատութիւնը կը տրամադրուի նաեւ իրաւաբաններին, որպէսզի նրանք կորուստների մասին հաւաքուած փաստական տուեալները վերածեն իրաւական նիւթի՝ Հաագայի միջազգային դատարան մտնելու համար:
Գիտնականների ուսումնասիրութիւնների համար հիմք են հանդիսացել մի քանի տասնեակ երկրների, նաեւ Հայաստանի արխիւային նիւթերը, քարտէզները: