Արդէն հինգերորդ տարին է, ինչ ամրանը սփիւռքահայ երեխաներ են տեղափոխւում Հայաստան եւ ծանօթանում հայրենիքի հետ: Սփիւռքի նախարարութեան «Արի Տուն» ծրագրի շրջանակներում աշխարհասփիւռ հայ երեխաները ծանօթանում են իրենց հայրենիքի պատմամշակութային ժառանգութեանը: Պէյրութում լոյս տեսնող yerepouni-news.com կայքի սեփականատէր եւ գլխաւոր խմբագիր Ահարոն Շխրտըմեանը «Առաջին Լրատուական»-ի հետ զրոյցում ասաց, որ Հայաստան-Սփիւռք կապերը հաստատելու համար իւրաքանչիւր ծրագիր ունի իր դրական ազդեցութիւնը. «Չկայ այնպիսի մի ծրագիր, որը թերութիւններ չունենայ, սակայն մենք պէտք է միայն վատը չտեսնենք»:
Նա նշեց, որ ինքը շփւում է ծրագրին մասնակցած երիտասարդների հետ, և նրանք շատ ոգեւորուած են, ծրագիրը դրական ազդեցութիւն է ունեցել նրանց հայերնաճանաչութեան գործում. «Ճիշտ է, ժամանակը կարճ է, երեխաները չեն կարողանում շփուել ժողովրդի հետ, բայց գոնէ շրջում են Հայաստանով մէկ»:
Ահարոն Շխրտըմեանի հաւաստմամբ՝ կարեւորը Հայաստանն ունի Սփիւռքի հետ կապերն ընդլայնելու ցանկութիւն. «Մենք պէտք է Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները տեսնենք հնարաւոր կարելիի սահմաններում՝ նկատի ունենալով Հայաստանի այսօրուան պայմանները»:
Նա համոզուած է՝ եթէ հնարաւորութիւնները սահմանափակ չլինէին, աւելին կը կատարուէր հայրենիքի հետ յարաբերութիւնները խորացնելու համար. «Ճիշտ է, շատ են խօսակցութիւնները, որ Սփիւռքը շահագործւում է, սակայն եթէ հայրենիքի կարողութիւնները սահմանափակ են, մնում է նրան նիւթապես օգնել»:
Պրն. Շխրտըմեանն ասաց, որ Սփիւռքը չի տրտնջում Հայոց ցեղասպանութեան, Արցախի վերաբնակեցման, Հայաստանի ներքին խնդիրների համար գումար տալիս, պարզապէս Սփիռքը ցանկանում է, որ այդ գումարները նպատակաուղղուած օգտագործուին: