–Շավքաթ, վերջերս Դուք «Հասարակական ինքնություններ» պարբերականում հրատարակել եք «Հայոց ցեղասպանության օրինակը և միլլեթի համակարգի դերը դրա իրականացման գործում» հոդվածը։ Կարո՞ղ եք ասել, թե ինչու եք հոդված գրել Հայոց ցեղասպանության մասին:
Այս հոդվածը որոշեցի գրել, քանի որ կարծում էի, որ կարիք կա հարգելու այդ դժբախտ իրադարձությունների զոհերի հիշատակը՝ հաշվի առնելով դրա հարյուրամյա տարելիցը 2015 թվականին: Հայոց ցեղասպանությունը պատճառ հանդիսացավ մեկուկես միլիոն մարդկային զոհերի: Ես կարծում եմ, որ մենք կրկին պետք է բարձրացնենք մեղքի և պատասխանատվության հարցը, քանի որ բազմաթիվ վերլուծությունների հիման վրա, դրանց թվում նաև՝ իմ, Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրության նպատակային մտադրությունն էր: Ի թիվս այլ նպատակների՝ այն նպատակ ուներ ոչնչացնել առկա քրիստոնյա ժողովուրդներին, գլխավորապես՝ հայերին, հույներին, ասորիներին:
–Հակիրճ կբացատրե՞ք հոդվածի գլխավոր պնդումները և նպատակը:
Հոդվածն ընդգրկում է ցեղասպանագիտության մեջ առկա երկու տեսական մոտեցումներ և քննարկում է` թե ինչու մեկ տեսակետը ավելի գերակա է մյուսի նկատմամբ՝ հիմք ընդունելով Հայոց ցեղասպանության օրինակը:
Մի տեսակետն առաջարկում է այն դրույթը, համաձայն որի` ցեղասպանությունը արդյունք է նշանակալի համակարգային փոփոխությունների, ինչպիսիք են՝ պատերազմները, հեղափոխությունները, տնտեսական, քաղաքական ճգնաժամերը: Թեև այն կարևոր ներդրում է հանդիսանում ցեղասպանագիտության ոլորտում, այն չի բացահայտում զանգվածային սպանության գլխավոր շարժիչ ուժը: Մյուս տեսակետը ենթադրում է, որ ցեղասպանությունը սկիզբ է առնում իշխող էլիտայի քաղաքականությունից:
Իմ հոդվածն առաջադրում է այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանությունը արդյունք էր քաղաքական և ռազմավարական այն նպատակների, որոնցով առաջնորդվում էր օսմանյան քաղաքական վերնախավը՝ դիտելով Օսմանյան կայսրությունը միատար ազգային միավորում ստեղծելու գլխավոր ուղին՝ որպես վերջնական որոշում՝ հայերին բռնագաղթի ենթարկելու և նրանց ոչնչացնելու մեջ:
Հայկական փոքրամասնությունը երիտթուրքերի կողմից դիտարկվեց՝ որպես խոչընդոտ պանթուրքիզմի, այն պանթուրքիզմի, որն ի վերջո հանգեցրեց ժամանակակից Թուրքիայի ստեղծմանը: Իմ փաստարկները հիմնավորելու համար ես հիմք եմ ընդունել էմպիրիկ ապացույցները, երկրորդային աղբյուրները և տեսությունները:
–Արդյոք պլանավորո՞ւմ եք ապագայում գրելու նոր հոդվածներ այս խնդրի վերաբերյալ:
Այո, ցանկություն ունեմ գրելու լրացուցիչ հոդվածներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, հատկապես` երբ կարողանամ գտնել առաջնակարգ սկզբնաղբյուրներ և էմպիրիկ ապացույցներ: Ընդհանրապես, կարծում եմ, որ չպետք է ցեղասպանության խնդրին անդրադառնալ միայն պատմագիտական տեսանկյունից, այլև՝ ցեղասպանագիտության, որպեսզի հնարավոր լինի վերլուծություններն իրականացնել ավելի բարձր մակարդակով։ Գիտության այս ճյուղի հեռահար նպատակը պետք է լինի` մշակել ու ապա իրագործել այնպիսի քաղաքականություն, որը կբացառի ապագայում նմանատիպ վայրագությունների իրականացումը:
Զրուցեց Մանե Հակոբյանը