Երիտասարդ գիտնականի ամբիոն
«Հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգը պե՛տք է անհապաղ ներդնել Հայաստանում, այլապես մենք կկորցնենք հեռանկարային երիտասարդ գիտնականների մի ամբողջ սերունդ»,– այս կարծիքն ունեն գիտնականներից շատերը։ Ինչո՞ւ։ Բանն այն է, որ այս համակարգի անհրաժեշտությունն աշխարհում գիտակցվել է դեռևս անցյալ դարի երկրորդ կեսին, և այն հաջողությամբ գործում է արտասահմանում, մասնավորապես` եվրոպական երկրներում։ Նախկին ԽՍՀՄ–ում ևս այն ներդրվել էր «ստաժիրովկա» անվամբ, իհարկե՝ որոշակի վերապահումներով։ Խաչատուր Մանուկյանի բնորոշմամբ՝ PostDoc-ի ինստիտուտն իրենից ենթադրում է, որ գիտության թեկնածուն, ատենախոսությունը պաշտպանելուց հետո, տեղափոխվի մեկ այլ համալսարան՝ ժամանակավոր (1-3 տարի) հետազոտական աշխատանքներ կատարելու: Այնուհետև, տվյալ անձը մրցույթով անցնում է պրոֆեսորի պաշտոնի, մեկ այլ տեղ:
Շատ երկրներում ենթադրվում է նաև, որ նա ֆորմալ չի կտրվում իր հիմանրկությունից, ինստիտուտից, համալսարանից, չի կորցնում աշխատանքը, ստաժում ընդհատում չի լինում, վերադառնալով՝ չի կանգնում փաստի առաջ՝ ի՞նչ անել, որտե՞ղ տեղավորվել։ Իսկ քանի որ Հայաստանում չի գործում այդ համակարգը, մեր հիանալի շատ երիտասարդներ վերադառնում են՝ մնալով վերոհիշյալ խնդիրների առաջ, կամ պարզապես չեն վերադառնում։ Ստացվում է այսպես՝ նրանք գնում են, արտասահմանյան որևէ գիտական խմբում կատարելագործվում, նոր գիտելիքներ, իմացություններ, հմտություններ ու փորձ ձեռք բերում, վերադառնալով մնում են անգործ կամ, լավագույն դեպքում, 35 000 աշխատավարձով։ Ի՞նչ պիտի անեն։ Իհարկե կրկին կգնան, այս անգամ՝ անվերադարձ…
«Երիտասարդ գիտնականի ամբիոն» խորագիրը կրող հարցազրույցներում, ընդգրկվելով PostDoc–ության հարցը, հասկանալի դարձավ, որ այն կարևոր ու բուռն քննարկում առաջացնող թեմա է։ Եվ չնայած կարծիքների բազմազանությանը՝ հարցմանը մասնակցած երիտասարդների մոտ 40 տոկոսը թեպետ կողմ է համակարգին, սակայն, ելնելով տարբեր պատճառներից, վստահություն չունի, որ Հայաստանի դեպքում այն կարդարացնի իրեն։
Օրինակ՝ Անահիտ Գոգյանն այսպես է բնութագրում այն՝ Հետթեկնածութական համակարգի իմաստն այն է, որ երիտասարդ գիտնականը գնա այլ համալսարան կամ գիտական կենտրոն` այնտեղ նոր փորձ ու նոր կապեր ձեռք բերելու: Մասնագիտական աճի համար այդ համակարգն անհրաժեշտ է, սակայն Հայաստանն այնքան փոքր է, որ անիմաստ է, որ հայ գիտնականը PostDoc անի այստեղ: Հրաշալի կլիներ, եթե արտասահմանից այլ երիտասարդներ գային մեզ մոտ՝ հետթեկնածուական հետազոտություններ անեին, Հայաստանի գիտական հասարակությունն էլ նրանց փորձն ու գիտելիքները ձեռք կբերեր: Սակայն չեմ կարծում, թե մոտ ապագայում կարող ենք այնպիսի պայմաններ ապահովել, որ դրսից գիտնականը հետաքրքրված լինի գալ այստեղ: Այստեղից առայժմ գնում են։
Իսկ Վարդան Մամիկոնյանի կարծիքը հարցի շուրջ այսպիսին է՝ Այդ համակարգն իրեն արդարացրել է և արդարացնում է զարգացած և զարգացող գիտություն ունեցող երկրներում: Եթե օրինակ` որևէ լաբորատորիա ցանկանում է ներդնել նոր մեթոդական մոտեցումներ և լուծել նոր խնդիրներ, ապա այդ լաբորատորիային հարկավոր են աշխատակիցներ, ովքեր պետք է տիրապետեն կոնկրետ սարքավորումների, ունենան կոնկրետ պատրաստվածություն: Կամ մեկ այլ դեպք` որևէ մեկն ուզում է հիմնել նոր լաբորատորիա, որը կզբաղվի կոնկրետ խնդիրներով: Այդ խնդիրները լուծելու համար հարկավոր են մի քանի տարբեր մեթոդական մոտեցումներ: Նպատակահարմար կլիներ, եթե ապագա լաբորատորիայի վարիչը տիրապետեր այդ մեթոդիկաներին: Այս խնդիրները լուծելու համար վերոնշյալ համակարգը կարող է շատ օգտակար լինել: Այսպես` ժամանակավոր աշխատանքի անցելով համապատասխան լաբորատորիաներում հնարավոր է մասնագիտանալ կոնկրետ խնդրի ուսումնասիրման համար: Եթե, անցնելով PostDoc համակարգի, պատրաստ կլինենք հատկացնել առանձին գումարներ՝ որպես աշխատավարձ այդպիսի ժամանակավոր աշխատողների և անհրաժեշտ պահի նոր լաբորատորիաների հիմնման, հին լաբորատորիաների վերազինման և նորացման համար, ապա` դա պարզապես անհրաժեշտ է: Սակայն, եթե անցնելու ենք այդ համակարգին, բայց գիտության ֆինանսավորման նկատմամբ մեր երկրի վերաբերունքը մնա նույնը, ապա դա պարզապես ժամանակվրեպ, ժամանակածախս գործընթաց է: Չէ՞ որ, մենք, այսպես թե այնպես, կարողանում ենք գտնել այն բոլոր լաբորատորիաները, որտեղ զբաղվում են մեզ հետաքրքրող գործունեությամբ և չենք կարողանում խնդրել նրանց մեզ իրենց մոտ վերապատրաստողական, փոխշահավետ աշխատանքի վերցնելու, քանի որ նրանք դրա դիմաց գումար չեն ստանում։ Խաչատուր Մանուկյան՝ Հայաստանի մասշտաբներով փոքր գիտական հանրության համար շատ դժվար է ներդնել այս համակարգը:
Մի մասն ավելի խիստ են ու կտրուկ.
Լուսինե Հարությունյան՝ Կարելի է ներդրել PostDoc համակարգը, սակայն կարծում եմ, որ այն չի գործի արդյունավետ հայաստանյան գիտության ներկայիս պայմաններում: Պավել Մուժիկյան՝ Ինչպես ասում են՝ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում: Քանի դեռ գիտության պատշաճ ֆինանսավորում չկա, ավելորդ եմ համարում այդ մասին խոսելը: Յուլիա Անտոնյան՝ PostDoc համակարգը ներդնելու համար պետք է բավարար ծրագրային ֆինանսավորում ունենալ: Ներկա պետական կամ մասնավոր ծրագրային ֆինանսավորումն այնքան սուղ է, որ հազիվ բավարարում է մշտական աշխատողների աղքատիկ աշխատավարձերը համալրելու համար, խոսք անգամ լինել չի կարող լրացուցիչ աշխատող վերցնելու մասին: Բացի այդ, այդ համակարգը բավականին մեծ խնդիրներ ու թերություններ ունի (կադրերի ուժեղ հոսք, ժառանգականության խախտում, դեմոտիվացիա, երիտասարդների շահագործում ծրագրերի ղեկավարների կողմից, ինքնուրույն աշխատելու սահմանափակ հնարավորություններ, սոցիալական պաշտպանվածության պակաս, կարիերային փակուղի և այլն), ինչի մասին հիմա ակտիվորեն գրում են համաշխարհային լրատվամիջոցներում: Միգուցե սպասենք ու տեսնենք, թե այդ խնդիրներին ի՞նչ լուծումներ են տրվելու, որ ուրիշների սխալները չկրկնենք:
Լուսինե Սարգսյան՝ Ինքնին այդ համակարգը շատ լավն է, կարծում եմ՝ եթե ճիշտ կիրառվի ապա միայն դրական արդյունքի կհանգենք։ Սակայն, աշխատելով արտերկրում, ականատես եմ եղել այդ համակարգի խեղաթյուրմանը։ Սարսափելի է տեսնել, թե ինչպես են չնչին աշխատավարձով արդեն իսկ լուրջ մասնագետները, շատ դեպքերում արդեն՝ ոչ երիտասարդ, վատնում իրենց տարիները։ Դառնում են 40 տարեկան, սակայն չեն կարողանում ավելի բարձր վարձատրվող մշտական աշխատանք գտնել և շարունակում են փնտրել և աշխատել հերթական PostDoc կարգավիճակում։ Պատճառը բոլորովին էլ այն չէ, թե իբր բավարար աշխատանքային փորձ չունեն, այլ այն է, որ ինստիտուտներին ավելի ձեռնտու է էժան աշխատուժը։ Այնպես որ մինչև մեզ մոտ այն կիրառելը պետք է դիտարկել նաև համակարգի բացասական կողմերը։
Վազգեն Սարգսյան՝ Ինչ վերաբերում է հետթեկնածուական կարգավիճակի համակարգին, ապա իմ կարծիքով դա էապես չի փոխի իրավիճակը: Էական փոփոխություններ կարող են տեղի ունենալ միայն գիտության ընդհանուր վիճակի փոփոխության դեպքում: Սակայն այն կարող է հիմք հանդիսանալ հաջորդ քայլերի համար: Ես արդեն նշեցի, որ գիտական հասունություն և փորձ ձեռք է բերվում բավականին հասուն տարիքում: Եվ պատկերացրեք իրավիճակ, երբ ինչ-որ մեկը, ասպիրանտուրայի ավարտից հետո, պաշտպանել է թեկնածուական թեզ և որոշել է շարունակել զբաղվել գիտությամբ: Գոյություն ունեցող համակարգով նա համարվում է կայացած պրոֆեսիոնալ, հետևաբար՝ նրա վրա դրվում են պահանջներ, որոնք նույնն են, ասենք՝ 45 տարեկան գիտության թեկնածուի համար: Համոզված եմ, որ միայն եզակի երիտասարդներ կարող են հաջողություն ունենալ նման մրցակցային պայմաններում: Իսկ հետթեկնածուական կարգավիճակը հնարավորություն կտա ավելի ճիշտ դասակարգում կատարել, և, հետևաբար, սուղ միջոցներն ավելի արդյունավետ օգտագործել: Ամեն դեպքում, եթե մենք կրթական համակարգը համապատասխանեցնում ենք եվրոպական համակարգին, ինչո՞ւ նույնը չանել գիտական համակարգում:
Վարդան Ափինյան՝ Ներդրնել այդ համակարգը Հայաստանում, նշանակում է՝ ներդրնել արդեն պարարտ գիտական հողի վրա։ Կարելի է իհարկե ամեն ինչ խառնել իրար` ասելով դե ինչ օգուտ էլ լինի, լավ է, ուղղակի պետք է, իմ կարծիքով, համակարգվածություն և գիտական խնդիրների լուծման աստիճանական մոտեցում: Ո՞ւմ է պետք լինելու այդ համակարգը Հայաստանում, երբ մի քանի տարի հետո այլևս ֆիզիկայով կամ մաթեմատիկայով ընդհանրապես զբաղվող չլինի ներկայիս ճգնաժամի պատճառով։ Հովակիմ Զաքարյան՝ Պետք է նայել թե ինչ կարող է տալ այդ համակարգի ներդրումը։ Ենթադրենք ներդրվեց, դա ինչ-որ կերպ փոխելո՞ւ է իրավիճակը, թե ոչ։ Նման ֆինանսավորման պայմաններում PostDoc լնել կամ չլինելը ոչ մի որակական փոփոխություն չի բերի։ Բյուրակն Իշխանյան – Համակարգը լավն է, բայց Հայաստանում դեռ մի քանի մակարդակ ներքևից պետք է սկսել բարեփոխումները: Կարծում եմ՝ պոստդոկի համար շուտ է, քանի դեռ լրիվ չենք ազատվել կեղծ թեկնածուներից: Տիգրան Նազարյան՝ Դա անհրաժեշտ բան է, այն կարող է մեծապես նպաստել գիտության զարգացմանը, երիտասարդ գիտնականների զբաղվածությանը, նաև նոր միջազգային համագործակցություններ հաստատելուն: Սակայն կարծում եմ, ներկայիս վիճակում դրա համար ոչ մի նախապայման չկա: Ինչո՞վ պետք է հրապուրենք երիտասարդ մասնագետներին՝ գալ մեզ մոտ՝ 200 դոլար աշխատավարձո՞վ:
Կան երիտասարդներ, որ կտրականապես դեմ են PostDoc համակարգին և ունեն իրենց հիմնավորումները.
Օրինակ՝ Սարգիս Հայոցյանն այսպես է հիմնավորում իր «ոչ»–ը՝ Պոստդոկտորանտուրայի «արագորեն» ներմուծումը ՀՀ գիտական համակարգ նույնքան զավեշտալի կլինի, որքան ներքին փորձաքննությունը: Եթե մենք ունենք ընդհամենը 3000 կամ թող լինի 7000 գիտաշխատող, իսկ յուրաքանչյուր ոլորտում լավագույնս 30 խումբ, ովքեր բոլորը իրար ճանաչում են, ինչ իմաստ ունի պաշտպանած երիտասարդին պարտադրել աշխատել այլ խմբում, հաշվի առնելով, որ փոքրիշատե հետաքրքրասեր երիտասարդը արդեն գիտի որ խմբում ինչով են զբաղվում, և եթե իրեն դա հետաքրքիր է, ապա համապատասխան դիմումի համաձայն նա կտեղափոխվի իր ուզած խումբը: Մյուս կողմից պոստդոկտորանտուրան զարգացած գիտա-արտադրական համակարգ ունեցող երկրների համար հանդիսանում է տրամպլինային հարթակ այն երիտասարդ դոկտորների համար, ովքեր ցանկանում են ստանալ պրոֆեսորի կոչում, այսինքն դասավանդել, կամ էլ խումբ ղեկավարել, իսկ մյուս դոկտորները, ում այդ աշխատանքը չի հետաքրքրում, ուղղակի գնում են ինդուստրիա: Այստեղից եթե պրոյեկտենք ՀՀ-ի վրա` ինդուստրիայի բացակայության պարագայում, և առանց այդ էլ երիտասարդին գիտության մեջ պահելու հիմնախնդրի առկայության պարագայում պոստդոկային համակարգի «արագորեն» ներմուծումը կլինի ամենաքիչը անիմաստ, իսկ ամենաշատը ճակատագրական: Դրան գումարած նաև այն հանգամանքը, որ անգամ զարգացած պետությունների համար է պոստդոկտորանտուրան երբեմն համարվում զավեշտալի երևույթ։
Արփինե Փիլոյան` Միանշանակ դեմ եմ, մենք պատրաստ չենք դրան, ես նորից եմ կրկնում այս երկու տարին ինձ համար ժամանակի կորուստ էր, դիմադրում ու պայքարում ես անտեսանելի թշնամու հետ, ամեն դեպքում ես չէի դիմի երկու տարով որևէ դրամաշնորհի Հայաստանում, միայն ծայրահեղ դեպքում: Ասպիրանտուրայից հետո մենք արդեն մրցակից չենք, քանի որ տեմպերն են թույլ, հաջորդ երկու տարուց հետո, մենք դուրս կմնանք ասպարեզից կամ պիտի հավերժ մնանք Հայաստանում ու գործ չանենք, հաստատ գիտությամբ չենք զբաղվի: Մենք փորձադաշտ չենք: Պետք է կայուն վիճակ ապահովել դրա փոխարեն, չմոռանանք որ սա Հայաստանն է:
Այս ամենի մեջ մի բան ցավալիորեն պարզ է՝ երիտասարդները սեփական երկրում գիտնականի իրենց ապագան չեն տեսնում, նրանց խոսքերում խորը հիասթափություն կա՝ Լիլիթ Վարդանյան՝ Վստահորեն կարող եմ ասել, որ հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգ Հայաստանում ուղղակի չկա: PostDoc տերմինն էլ նոր է մտել շրջանառության մեջ միայ այն մարդկանց շնորհիվ, ովքեր արտասահմանում մասնակցել են նման ծրագրերի: Ես թեկնածուականը պաշտպանել եմ 2006-ին ու անմիջապես դրանից հետո անցել եմ երկու PostDoc Գերմանիայում և Շվեդիայում: Անցյալ տարի, տարվելով հայրենասիրական հովերով ու լինելով սուպեր օպտիմիստ, Շվեդիայից վերադարձա Հայաստան՝ հույս ունենալով նոր թափով գործի անցնել ու հաստատվել Հայաստանում: Մտածում էի, որ վերջապես բավական է 10 տարուց ավել արտասահմանում աշխատել ու ժամանակն է հայրենիք վերադառնալ: Ես շատ ուշ հիասթափվող մարդ եմ, բայց ցավով պետք է նշեմ, որ սխալ եմ արել Հայաստան վերադառնալով: Ես այստեղ ոչ մի ապագա չեմ տեսնում…
Եվ, չնայած ցավալիորեն հասկանալի հիասթափություններին, շատ դեպքում նույնիսկ արդեն հավատի կորստին, այնուամենայնիվ PostDoc համակարգի ներդրումը ՀՀ–ում այսօր գիտության առջև ծառացած խնդիրները լուծելուն ուղղված անհրաժեշտ քայլերից մեկն է – այսպես են կարծում շատ գիտնականներ՝ և՛ երիտասարդ, և՛ միջին սերնդի։
Մանե Հակոբյան