ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ առաջարկներ չունի, սակայն օրենսգրքում փոփոխություններ կատարելու քննարկումներից չի հրաժարվի: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովիՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մենք մեր բոլոր առաջարկները 2017 թ. ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացրել ենք: Եթե դուք հիշում եք, այդ Ընտրական օրենսգիրքն ընդունվել է կոնսենսուսով, որը նաև Վենետիկի հանձնաժողովի պահանջներից էր: Տարբեր խողովակներով քննարկումներ են եղել, և մենք Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ եկել ենք կոնսենսուսի և ընդունել ենք Ընտրական օրենսգիրքը: Հիմա մենք առաջարկներ, բնականաբար, չունենք, և մենք չենք տեսել, թե ինչ նախաձեռնություն կա, սակայն որևէ քննարկումից մենք չենք հրաժարվում»,- «Արմենպրես»–ի փոխանցմամբ` նշեց նա:
Վահրամ Բաղդասարյանը հավաստիացրեց` երբ ստանան առաջարկ, պատրաստ կլինեն քննարկումների: