Հեղինակ՝ Վահրամ Աթանեսյան
https://www.1in.am/-Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը, Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ Երեւանը Ստեփանակերտին խնդրում էր Բաքվի հետ բանակցությունների գնալ, բայց լսում էր, որ այնտեղ «զանգ են ստացել, չեն կարող»: Հասկանալի է, որ «զանգողը Մայքլը չէր»: Ո՞վ էր՝ Նիկոլ Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, տեղյակ է, գիտի, բայց չի ասում: Ինչպես ամիսներ շարունակ չէր ասում, որ Երեւանը Ստեփանակերտին խնդրել է Բաքվի հետ բա-նակցությունների գնալ, բայց եղել է այն, ինչ եղել է:
Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ խզումն ակնհայտ դարձավ, երբ 2022 –ի ապրիլի 14 –ին Արցախի Ազգային ժողովը մերժեց ԼՂ կարգավիճակի հարցում «նշաձող իջեցնելու» գաղափարը եւ սահմանեց, որ «Արցախը երբեք չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում»: Ուշադրություն էր հայցում ձեւակերպման «անկախ Ադրբեջանի կազմում» Արցախի ընդգրկման բացառումը, ինչից կարելի էր հասկանալ, որ Ստեփանակերտը «կհամաձայնի, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է, եթե Ադրբեջանը չմնա որպես անկախ երկիր»:
Սա, իհարկե, ենթադրություն է կամ Արցախի ԱԺ Հայտարարության ենթատեքստի «կամայական մեկնաբանություն»: Խնդիր է, թե Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է արել կամ չի արել, որպեսզի Ստեփանակերտում Բաքվի հետ երկխոսության կողմնակիցները չմարգինալանան: Մենք, ցավոք, տեղյակ չենք՝ Երեւանը, ինչպես ասում են՝ «կոնֆիդենցիալ-կամերալ աշխատանք» տարե՞լ է, որպեսզի Բաքվի հետ երկխոսության կողմնակիցները «բացահայտվեն»: Նրանց կամ նրան, ով պատրաստակամ էր առանց երրորդ կողմի միջնորդության Բաքվի հետ քննարկել ԼՂ հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության երաշխիքների հետ կապված հարցերը, բավարար աջակցություն ցուցաբերե՞լ է:
Կարելի է «ու՞մ է պետք ափսոսանքդ, խոստովանանքդ ուշացած» ասել եւ «ցրվել տներով»: Փաշինյանն ուզում է համոզել, որ ԼՂ թեման «ընդմիշտ փակվա՞ծ է»: Փորձում է բանավեճի բերել ԼՂ նախկին էլիտայի՞ն, շոշափում է որեւէ «հնարավորության» հանդեպ բռնագաղթված հարյուր քսան հազար մարդու տրամադրությու՞նը: Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը ձախողելու համար, կարծես թե, զանգողը «Մայքլը չէր»: Իսկ «Մայքլն» այսօր զանգու՞մ է, ի՞նչ է ասում, եթե «զանգում է»: