ԵՐԵՒԱն.- Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւններու ազգային ակադեմիոյ ակադեմիկոս, Ռուսիոյ Գիտութիւններու ակադեմիոյ արտասահմանեան անդամ, հայկական մեքենագիտութեան դպրոցի հիմնադիրներէն, պետական եւ հասարակական գործիչ Սերգէյ Համբարձումեան մահացաւ 97 տարեկանին:
Այս առիթով, Հայաստանի նախագահ Արմէն Սարգսեան յղեց հետեւեալ ցաւակցագիրը.
«Խոր ցաւով տեղեկացայ Հայաստանի Հանրապետութեան Գիտութիւնների Ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի Դաշնութեան Գիտութիւնների ակադեմիայի արտասահմանեան անդամ, ականաւոր գիտնական, գիտութեան ու կրթութեան հմուտ կազմակերպիչ, պետական ու հասարակական անուանի գործիչ Սերգէյ Համբարձումեանի մահուան մասին:
Ակադեմիկոս Համբարձումեանի՝ հրաշալի մարդու ու քաղաքացու, մեծ գիտնականի ու մանկավարժի կերպարը թանկ ու օրինակելի է մեզ համար: Նրա գիտական վաստակն արժանի է խոնարհման եւ հպարտութեամբ է լցնում մեր սրտերը:
Անուրանալի է Սերգէյ Համբարձումեանի աւանդը յատկապէս մեխանիկայի հայկական դպրոցի ստեղծման ու զարգացման, ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի, ինչպէս նաեւ մեխանիկայի ինստիտուտի հիմնադրման գործում:
Մեծ յարգանքի ու գնահատանքի է արժանի նրա երկարամեայ մանկավարժական գործունէութիւնը, որը անուանի գիտնականը կատարել է պատուով ու պատասխանատուութեամբ՝ տասնամեակներ շարունակ երիտասարդ սերնդին փոխանցելով հիմնարար գիտութեան լաւագոյն աւանդոյթները: Նշանակալի է նաեւ գիտութեան եւ գիտական հետազօտութիւնների կազմակերպչի նրա աւանդը, որը լաւագոյնս ներդրել է Հայաստանի Հանրապետութեան գիտութիւնների ազգային ակադեմիայում եւ Երեւանի պետական համալսարանում աշխատելու տարիներին:
Սերգէյ Համբարձումեանը նաեւ պետական ու հասարակական ակնառու գործիչ է: Հանդիսանալով Խորհրդային Հայաստանի Գերագոյն խորհրդի, ապա նաեւ ԽՍՀՄ Գերագոյն խորհրդի պատգամաւոր եւ նախագահութեան անդամ, նա մշտապէս հայ մտաւորականին վայել արժանապատուութեամբ ու նուիրումով անզիջում պաշտպանել է Հայաստանի ազգային շահերը, յատկապէս՝ Արցախի հարցում:
Խորին ցաւակցութիւն եմ յայտնում Սերգէյ Համբարձումեանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին:
Ճանաչուած պետական գործչի, գիտնականի ու քաղաքացու ազնիւ եւ պայծառ կերպարը միշտ վառ կը մնայ սերունդների յիշողութեան մէջ»: