Այսօր նորից
երկինքն իր հեքիաթը պատմեց…
Մատուռի դուռը բացվեց
ու ես ներս մտա…
Մի ծերունի էր կանգնած`
մեջքով դեպի ինձ…
Նա դարձավ միակ վկան
իմ այս մոմավառության…
Դանդաղ շրջվեց,
գլուխս շոյեց ծանոթ մատներով
և շշնջաց ականջիս.
«Մայրդ, որ դեռ հյուսքերով
փոքրիկ աղջնակ է,
ում ես պաշտում եմ,
արդեն վաթսունհինգ
տաճար է մտել
և գարունվել է
վաթսունհինգ անգամ,
բայց նա դեռ իմ փոքրիկ-փոքրիկ
աղջնակն է` հյուսքերով բարակ…
Պահպանիր նրան և ասա,
որ աշխարհում դեռ
անթիվ-անհամար
տաճարներ կան, որ նրա
մայրաղոթքի կարիքը ունեն…
Թող հերթով մտնի և
իր աղոթքի ուժով
փայփայի ծառիս
պտուղները բոլոր…
Արթնացա, բայց
պապիկիս դեմքը չնվաղեց`
հերթական երազից պոկված
սովորական պատկերի նման…
Մազերիս մեջ դեռ
ծանոթ մատների հպումն է
և օրհնանքը, որ մատուռից
ինձ հետ բերեցի`
այսօր մորս նվիրելու համար…
#Նարինե_Ավագյան
08.06.2020
հ. գ. բարի տարեդարձ, իմ մամա, իմ մայրատուն, իմ մայրաղոթք…