ԲՅՈՒՐԱԿԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Բյուրական» արվեստի ակադեմիայում ազդարարվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից ստեղծված «Իմ քայլը» հիմնադրամի գործունեության մեկնարկը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աննա Հակոբյանը, շնորհակալություն հայտնելով հյուրերին ներկայության և մինչ այս արդեն իսկ ցուցաբերած աջակցության համար, նշեց, որ հիմնադրամի ստեղծման միտքն առաջացել է վերջին երկու ամսվա ընթացքում:
«Հեղափոխության օրերին` «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն, որտեղ ես նախկինում աշխատում էի, այցելեց Սոնան, ով «Երևանյան հեռանկարներ» փառատոնի մենեջերն էր: Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ այդ շատ հեղինակավոր փառատոնը հնարավոր է այլևս չկայանա, որովհետև ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն: Այսպիսի բովանդակությամբ հանդիպումն ինձ համար առաջինն էր, բայց ոչ վերջինը: Այս երկու ամիսների ընթացքում տասնյակ հանդիպումներ եմ ունեցել մարդկանց հետ, ովքեր շատ կարևոր նախագծեր են իրականացնում, բայց հնարավոր է, որ դադարեին գոյություն ունենալ միայն ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով: Զուգահեռաբար մեզ դիմում էին մարդիկ, ովքեր պատրաստակամություն էին հայտնում ֆինանսական և ցանկացած այլ աջակցություն ցուցաբերել նոր Հայաստանին և բոլոր այն նախագծերին, որ մենք իրականացնելու ենք: Ես հասկացա, որ մի կողմում կան մարդիկ, ովքեր հրաշալի գործ են անում և այդ գործը շարունակելու համար ֆինանսների կարիք ունեն, իսկ մյուս կողմում` մարդիկ, ովքեր առաջարկում էին ֆինանսավորել հրաշալի գործեր: Ես հասկացա, որ պարտավոր եմ իմ քայլն անել որպես վարչապետի կին և իմ համեստ լուման ներդնել հեղափոխված Հայաստանի համար: Այդ ամենի համար պետք էր որևէ ինստիտուցիոնալ մարմին, որն էլ դարձավ այս հիմնադրամը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց ՀՀ վարչապետի տիկինը:
Անդրադառնալով հիմնադրամի առաքելությանը` Աննա Հակոբյանն ասաց, որ հիմնադրամը դառնալու է հարթակ բոլոր այն կարևոր խնդիրների լուծման համար, որոնց լիարժեք լուծումն ինչ-ինչ պատճառներով դեռևս հասանելի չէ պետությանն ու կառավարությանը:
«Մենք ձգտելու են համատեղ ուժերով կառուցել բոլոր առումներով առողջ և ներառական հասարակություն, որտեղ ոչ ոք անտեսված չի լինի, և բոլորը կունենան հավասար հնարավորություններ»,- շեշտեց Հակոբյանը:
Նախատեսվում է, որ հիմնադրամը գործելու է երեք հիմնական ձևաչափով։ Այն կամուրջ է լինելու օգտակար գաղափարներ ունեցողների և դրանք ֆինանսավորել ցանկացողների միջև։ Այն հովանավորելու է արդեն իսկ գոյություն ունեցող կամ առաջարկվող նախագծեր, որոնք կհամապաստախանեն ընդունված ու հայտարարված չափանիշներին։
«Տարբեր մարդկանց հետ քննարկումների արդյունքում հստակեցվեց մեր գործունեության շրջանակը` մշակույթ, կրթություն, սոցիալական ապահովություն և առողջապահություն»,- ասաց վարչապետի տիկինը: Նա հույս հայտնեց, որ հիմնադրամի նախագծերը կսկսեն գործել սույն թվականի հոկտեմբեր ամսից:
«Իմ քայլը» հիմնադրամը ստեղծվել է այս տարվա հունիսին։ Առաջիկայում՝ հոգաբարձուների խորհրդի ձևավորումից և գործադիր տնօրենի ընտրությունից հետո, հիմնադրամը կսկսի ծրագրերի մշակման և մեխանիզմների հստակեցման գործընթաց, որի եզրափակումից հետո կմեկնակի կառույցի բուն գործունեությունը։