ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՍՓԻՒՌՔԱՀԱՅ ԲԱՐԵՐԱՐ, ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՉ ԱԼԵՔՕ ՊԵԶԻՔԵԱՆԻ ՀԵՏ
Վարեց՝ ԼԻԼԻԹ ԴԱՄԻՐԵԱՆ
Ալեքօ Պեզիքեանի հայրը՝ 6ամեայ Արամը միակն էր ողջ ընտանիքից, որ փրկուեց Հայոց Ցեղասպանութիւնից ու հասնելով մինչեւ Լիբանան, ամուսնացաւ իրեն բախտակից հայուհու հետ:
Արամի որդին յետագայում պիտի մեծանար ու դառնար Եւրոպայի յաջողակ բիզնեսմեններից մէկը՝ միեւնոյն ժամանակ գիտակցելով, որ ինքը հայազգի մարգարտէ շղթայի մի հատիկն է, որ իր գենի ու տեսակի համար պարտք է այն փոքրիկ, նորաստեղծ Հայաստան-հայրենիքին, որն անկախացաւ Մեծ Եղեռնից 77 տարի անց միայն:
Ալեքօ եւ Անի Պեզիքեանները վերջերս Հայաստանում էին՝ կատարելու հերթական բարեգործական քայլը: Յունիսի 13ին նրանք մասնակցեցին «Անի Պեզիքեան» անունը կրող երիտասարդական կենտրոնի բացմանը, որտեղ անվճար իրենց ուսանողական տարիները կ՛անցկացնեն Հայաստանի տարբեր մարզերից Երեւան ուսանելու եկած անապահով ընտանիքների կամ մանկատների աղջիկները:
Մենք պատիւ եւ հնարաւորութիւն ունեցանք զրուցելու տէր եւ տիկին Պեզիքեանների հետ.
ԼԻԼԻԹ ԴԱՄԻՐԵԱՆ.- Պարոն Պեզիքեան, ձեր եւ ձեր տիկնոջ՝ Անիի ծնողները փրկուել են Հայոց Ցեղասպանութիւնից, պատմէք խնդ-րեմ ձեր ընտանիքների պատմութիւնը:
ԱԼԵՔՕ ՊԵԶԻՔԵԱՆ.- Այո՛, ե՛ւ իմ, ե՛ւ տիկնոջս՝ Անիի, ծնողները Արեւմտեան Հայաստանից էին. հայրս՝ Արամը եւ մայրս՝ Պերճուհին Ադանայից էին, տիկնոջս հայրը Զեյթունից էր, իսկ մայրը՝ Ուրֆայից:
Հայրս Հայոց Ցեղասպանութեան տարիներին պատահած ծանր ընտանեկան վերհոյշ է թողել մեզ: Հօրս եղբօրը՝ 17ամեայ Ալեքսանդրին, թուրքերը գլխատել են իր եւ ծնողների աչքի առաջ, յետոյ վերացրել ամբողջ ընտանիքը: Փրկուել է միայն 6ամեայ Արամ հայրս, որ գաղթի ճամբան բռնած՝ կարաւանի հետ անապատներով հասել է Հալէպ, ապա մինչեւ 12-13 տարեկանը ապրել «Թռչնոց Բոյն» որբանոցում: Յետոյ հայրս դերձակութիւն եւ ընթերցանութիւն է սովորել, ամուսնացել մօրս հետ ու հիմնական բնակութիւն հաստատել Լիբանանում: Որոշ ժամանակ անց կարողացել է ընդլայնել գործունէութիւնը եւ կարի արտադրամաս է հիմնել:
Ընտանիքիս պատուհասած՝ հօրեղբօրս ողբերգական մահն էր պատճառը, որ հայրս ինձ անուանակոչեց ոչ թէ իր հօր, այլ վաղամեռիկ եղբօր՝ Ալեքսանդրի անունով:
Մեր ընտանիքում ես չորրորդն էի՝ երեք քոյրերիցս յետոյ լոյս աշխարհ եկած՝ այնքան ցանկալի արու զաւակը, օջախի ծուխը:
ԼԻԼԻԹ ԴԱՄԻՐԵԱՆ.- Աշխատանքով լեցուն ու պատասխանատու պատանեկութեան եւ երիտասարդութեան տարիներ էք ապրել՝ արդարացնելով մեծ վիշտ տեսած ձեր ծնողների յոյսերը: Մինչեւ ո՞ր թուականը մնացիք Լիբանանում:
ԱԼԵՔՕ ՊԵԶԻՔԵԱՆ.- Մինչեւ 1975-1976 թուականները: Հիմնական կրթութիւն ստանալուց յետոյ ընդունուեցի բարձրագոյն ուսումնական հաստատութիւն, ինչը սակայն անհանգստացրեց հօրս. ինչպէ՞ս պիտի շարունակէի ընտանեկան գործը եւ ինչպէս պիտի օգնէի իրեն պահել ընտանիքը: Այդ մտավախութիւնն ինձ ստիպեց ընդունուել աշխատանքի. աշխատում էի առաւօտեան ու գիշերը, իսկ ցերեկը ուսանում, օրս տեւում էր նուազագոյնը 18 ժամ: Այդպէս յառաջացայ, եւ մեր ընտանիքը կարողացաւ ընդլայնել գործը մինչեւ 1970թ., այդ տարին մահացաւ հայրս: Մայրս աւելի շուտ՝ 1968ին էր մահացել՝ 54 տարեկանում հասակում:
Ի դէպ, ուսանողական տարիներիս մասին խօսելիս չեմ կարող չյիշել մի արտայայտութիւն, որ յաճախ էր ընկնում ականջիս՝ «հայու կտոր մըն է»: Արաբներն այդպէս էին վերաբերւում իրենց լեզուին չտիրապետող այլազգիներին: Սակայն այդ արտայայտութիւնն ստիպեց ինձ, որ սովորեմ ու հաղորդակցուեմ արաբերէնով աւելի լաւ, քան իրենք՝ արաբները:
Ես դաշնակցական եմ, եւ իմ գաղափարական ուսուցիչը Սիմոն Վրացեանն է, իսկ հոգեւոր դաստիարակս երջանկայիշատակ Զարեհ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսն էր, ում անունով էլ կոչեցի կրտսեր որդուս:
Կրթուելով եւ ամուսնանալով Անիի հետ Լիբանանում՝ մենք ունեցանք երկու զաւակ՝ Արամ եւ Զարեհ: Այնուհետ որոշեցինք տեղափոխուել Իտալիա եւ այնտեղ շարունակել հօրս գործը՝ աւելի մեծ ծաւալներով ու միգուցէ աւելի լաւ որակով՝ կազմակերպութեան անունը բոլոր ժամանակներում թողնելով նոյնը՝ «Արամ հաստատութիւն»:
ԼԻԼԻԹ ԴԱՄԻՐԵԱՆ.- Պարոն Պեզիքեան, դուք եւ տիկին Անին այսօր այնքան խանդավառ էք, ծրագրերով ու կեանքով լի, որ ձեզ պիտի ձգտեն նմանուել ու հասնել շատ երիտասարդներ: Ո՞րն է երիտասարդ մնալու ձեր գաղտնիքը, եւ ի՞նչ էր ձեզ սպասւում Իտալիայում:
ԱԼԵՔՕ ՊԵԶԻՔԵԱՆ.- Նախ ասեմ, կնոջս ճանաչում եմ աւելի քան 52 տարի եւ 47 տարի է ամուսնացած ենք: Կեանքում ամէն բանի հասել ենք միասին, ինչ որոշել ենք ու ստեղծել, միասին ենք արել:
Մեր երիտասարդ մնալու գաղտնիքը աշխատանքն է: Կարծում եմ, մարդ միշտ պէտք է ձգտի հասնել աւելիին, նպատակ դնի իր առջեւ ու ջանքեր չխնայի այդ նպատակին հասնելու համար: 36 տարի ապրեցինք ու աշխատեցինք Իտալիայում: Մեր որդիներին լաւագոյն կրթութիւն տալը առաջնահերթութիւն համարելով՝ որոշեցինք 13ամեայ Արամին եւ 11ամեայ Զարեհին ուղարկել Շուէյցարիա՝ այնտեղի լաւագոյն գիշերօթիկ դպրոցներից մէկում ուսանելու: Եօթ տարի նրանք սովորեցին ու ապրեցին մեզանից հեռու Շուէյցարիայում՝ դառնալով ինքնուրոյն եւ կայացած տղաներ:
Արամին եւ Զարեհին կրթութիւն տալու գործում կարեւորել ենք ոչ այնքան ըստ մասնագիտութեան աշխատանք գտնելը, որքան կրթուելու ընթացքում ուղեղը մարզելու եւ աշխարհայեացքն ընդլայնելու հնարաւորութիւնը:
Սակայն կար մի հանգամանք, որ ամենակարեւորն էր որդիներիս դաստիարակութեան գործում. նրանք պիտի քաջ գիտակցէին, թէ ով է հայը։
ԼԻԼԻԹ ԴԱՄԻՐԵԱՆ.- Երկար տարիներ Հայ Դատի գրասենեակի աշխատանքներ էք իրականացել, իսկ Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին թանգարանի էք վերածել Եղեռնից մազապուրծ հայ մանուկների երբեմնի որբանոցը:
ԱԼԵՔՕ ՊԵԶԻՔԵԱՆ.- Իտալիայում մենք ապրեցինք 36 տարի, որից յետոյ ընտանեկան գործերի անհրաժեշտութիւնից դրդ-ուած՝ տեղափոխուեցինք ու մինչ այժմ ապրում ենք Շուէյցարիայում: Իտալիայում ապրելու ողջ ժամանակահատուածում եւ մինչ օրս ծառայել եմ Բրիւսելում գտնուող Հայ Դատի գրասենեակին: Երկար տարիներ է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ներկայացուցիչն եմ Վատիկանում: Իտալիայում հիմնել եմ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միութեան (ՀՄԸՄ) մասնաճիւղը, որտեղ հայոց լեզու եւ հայ ժողովրդի պատմութիւն են ուսումնասիրում հարիւրաւոր հայ մանուկներ: Շուէյցարիայում նոյն-պէս շարունակում եմ Հայ Դատի գործը:
Մի բան, որ անպայման կ՛ուզէի շեշտել, ամէն տարի Ապրիլ 24ին մեր կազմակերպութիւնը յայտարարւում է ոչ աշխատանքային: Մեզ հետ համագործակցող եւրոպական տասնեակ ընկերութիւնների ու կազմակերպութիւնների հարիւրաւոր ներկայացուցիչներ առիթ են ունենում հետաքրքրուել դրդապատճառների մասին: Մենք ամէն տարի խօսում եւ բարձրացնում ենք 1915թ.ին Արեւմտեան Հայաստանում թուր-քական իշխանութիւնների կողմից իրականացրած սոսկալի ոճիրի մասին: Եւրոպացի մեր գործընկերները հաշուի են նստում եւ յարգում յիշատակի ու ցաւի օրուայ շրջանակներում նախատեսուած մեր բոլոր արարողութիւնները:
Շուտով՝ Յուլիսին, տեղի կ՛ունենայ Հայոց Ցեղասպանութեան թանգարան դարձած՝ հայ մանուկների երբեմնի որբանոցի վերաբացման հանդիսութիւնը: Ընտանեկան ոյժերով մենք վերակառուցեցինք հօրս մանկութեան տարիների կացարանի՝ «Թռչնոց Բոյն» որբանոցի մի մասը դարձնելով Հայոց Ցեղասպանութեան թանգարան:
ԼԻԼԻԹ ԴԱՄԻՐԵԱՆ.- Պարոն Պեզիքեան, 1988ի Սպիտակի երկրաշարժի տարիներին ձեր ներդրումն ու անմնացորդ նուիրումն էք բերել՝ օգնելով ոտքի կանգնել հարիւրաւոր որբերի: Պատմէք մի փոքր այդ ժամանակների մասին:
ԱԼԵՔՕ ՊԵԶԻՔԵԱՆ.- Այո՛, ցաւով պիտի արձանագրեմ, որ առաջին այցս հայրենիք եղել է 1989թ.ին, Սպիտակի աւերիչ երկրաշարժից անմիջապէս յետոյ: Մենք հիմնեցինք «Բերգամօ-Սպիտակ» համերաշխութեան հիմնադրամը, որը ոչ միայն երկրաշարժի առաջին տարիներին, այլ 18 տարի շարունակ օգնեց ոտքի կանգնելու հարիւրաւոր հայ որբերի: 350 երեխայի 18 տարի շարունակ ապահովեցինք առաջին անհրաժեշտութեան ամէն ինչով՝ սնունդ, կացարան, բժշկական, կրթական ծախսեր: Մենք չցանկացանք որբերին թողնել մանկատներում, նրանց համար գտանք խնամակալ ընտանիքներ: Ամէն տարի Սեպտեմբերին 15 օրով գալիս էինք Հայաստան եւ մեզ հետ ծանրոցներ էինք բերում աղէտից տուժած երեխաների համար: Յաճախ հագուստն ու գրենական պիտոյքներն այնքան շատ էին լինում, որ բաժանում էինք Սպիտակի միւս բնակիչներին: Կ՛ուզեմ նշել, որ կապ ենք պահել մեր խնամատարութեան ներքոյ գտնուող բոլոր երեխաների հետ, հոգացել ենք նրանց դպրոցական, ըստ անհրաժեշտութեան՝ վիրահատական ծախսերը: Իսկ երբ հասաւ բուհեր ընդունուելու ժամանակը, մենք համաձայնութեան եկանք ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան հետ եւ համատեղ ուժերով հոգացինք 42 գերազանցիկների վարձավճարները, ովքեր ընդունուեցին երեւանեան տարբեր բուհեր: Մեր սաներից շատերին տեղաւորեցինք աշխատանքի՝ սպասարկման ոլորտներում, որպէսզի ինչ որ չափով հոգան իրենց կեցութեան ծախսերը եւ ի վերջոյ կայանան՝ որպէս ինքնուրոյն մարդիկ: Վճարել ենք մեր երեխաների՝ Երեւանում վարձակալած բնակարանների գումարները:
Վերջին տարիներին նրանցից ոմանք ամուսնացան, ու մենք էլ դարձանք նրանց կնքահայրն ու կնքամայրը: Հէնց այսօր մեզ պիտի հիւրընկալեն երկու քոյրեր, որոնցից մէկը՝ Հերմինէն, փոքր տարիքում աչքերի հետ կապուած խնդիր ունէր, եւ այստեղ ասում էին, թէ կը կուրանայ: Կինս, չհամակերպուելով այդ մտքին, երեխային իր հետ տարաւ Իտալիա: Երկու ամիս մեր տանը մնալով՝ աղջնակին տարանք լաւագոյն մասնագէտների մօտ, Հերմինէն վիրահատուեց, եւ այսօր հրաշալի տեսնում է: Այսօր արդէն նա յաջողութեամբ մեծացնում է իր փոքրիկին:
ԼԻԼԻԹ ԴԱՄԻՐԵԱՆ.- Դժուար չի կռահել, թէ ինչու որոշեցիք կառուցել «Անի Պեզիքեան» երիտասարդական կենտրոնը: Կարծում եմ, ձեր փորձից ելնելով՝ նպատակ էք ունեցել անապահով ընտանիքների երիտասարդների համար ստեղծել ուսումը շարունակելու անհրաժեշտ պայմաններ:
ԱԼԵՔՕ ՊԵԶԻՔԵԱՆ.- Ճիշդ էք, մեր 42 պատանիների ուսանող դառնալուց յետոյ աւելի լաւ պատկերացրինք այն խնդրները, որոնց բախւում են մարզերում ապրող անապահով ընտանիքների կամ մանկատներում ապրող երեխաները: Նրանցից շատերի համար բարձրագոյն կրթութիւն ստանալու յաճախ անյաղթահարելի խոչընդոտ է դառնում մայրաքաղաքում կացարան գտնելու խնդիրը: Երկար փնտռտուքից յետոյ ի վերջոյ Թբիլիսեան խճուղու վրայ ձեռք բերեցինք յարմար հողակտոր, որտեղ էլ կառուցեցինք 40 սենեակից բաղկացած կենտրոնը: Շնորհակալ ենք ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանին, որ գնահատեց մեր գործը եւ իր ներկայութեամբ պատուեց կենտրոնի բացման արարողութիւնը:
Անարատ Յղութեան Հայ քոյրերի միաբանութեան եւ քոյր Արուսեակի վերահսկողութեան ներքոյ կենտրոնում կ՛ապրեն Հայաստանի տարբեր մարզերից երեւանեան բուհերում ուսանելու տեղափոխուած անապահով ընտանիքների երեխաները կամ որբերը: Կենտրոնը նախատեսուած է միայն աղջիկների համար, եւ այստեղ բնակուող հայուհիները կարող են մնալ նաեւ ուսումն աւարտելուց յետոյ, աշխատել ու ապրել մինչեւ ամուսնանալը:
«ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ»էն՝
յապաւումով