ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետ Փաշինյանն իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է.
«Տիկին խոսնակ, հարգելի գործընկերներ, թույլ տվեք ջերմորեն ողջունել ձեզ մեր երկրում, մեր կառավարությունում։ Սա իսկապես աննախադեպ այց է ԱՄՆ-ից Հայաստան, և մենք գնահատում ենք դա: Կցանկանայի մեր երախտագիտությունը հայտնել անձնապես Ձեզ, տիկին խոսնակ, ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Ձեր անձնական ջանքերի և ներդրման համար, ինչպես նաև Ձեր պատվիրակության ջանքերի համար։
Դա իսկապես բարձր է գնահատվում, և նույնիսկ միայն այդ փաստը հաշվի առնելով, բոլոր հայերը Ձեզ համարում են Հայաստանի վստահելի ընկեր: Բայց ես ցանկանում եմ շարունակել երախտագիտության խոսքերը, որովհետև ցանկանում եմ նաև երախտագիտություն հայտնել հայկական ժողովրդավարությանն ուղղված ԱՄՆ-ի աջակցության համար, քանի որ դա նույնպես շատ կարևոր է մեզ համար։
Մենք տեսնում ենք ԱՄՆ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու մեր երկրում ժողովրդավարական օրակարգին։ Ցանկանում եմ հայտնել մեր նվիրվածությունը ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, չնայած այն հանգամանքին, որ, ինչպես տեսնում եք, դա այնքան էլ հեշտ ճանապարհ չէ։
Եվս մեկ փաստ, որ կցանկանայի նշել. մենք գնահատում ենք ԱՄՆ-ի հստակ դիրքորոշումը՝ կապված Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ագրեսիայի հետ։ Իհարկե, ԱՄՆ կառավարության կողմից հստակ ձևակերպումները գնահատելի են, որովհետև դա շատ կարևոր է մեզ համար։
Տեղյակ եք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է ներկա իրավիճակը, և մենք հույս ունենք, ու դա մեր դիրքորոշումն է, որ այս իրավիճակը պետք է շարունակի մնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգում և այս առումով, իհարկե, մենք ապավինում ենք ԱՄՆ աջակցությանը։
Տիկին խոսնակ, թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել Ձեզ և Ձեր պատվիրակությանը։ Վստահ եմ, որ այսօր կկարողանանք արդյունավետ բանակցություններ վարել։
Շատ ուրախ եմ այս հնարավորության համար»։