Հեղինակ՝ Հակոբ Բադալյան
«Եթե մենք այստեղից դուրս ենք գալիս եւ գնում ու ասում՝ սա չէ, սա չէ, սա չէ, ապա մեկ շաբաթ անց կարող է պատերազմ սկսել», Տավուշում բնակիչների հետ հանդիպմանը ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, թե ինքը գիտե, պատկերացնում է, թե այդ պատերազմն ինչով կավարտվի, իսկ հետո մի օր բնակիչները Երեւանում կարող են պատահել իրեն ու հարցեր դնել իր առաջ, ասելով, թե իրենք գյուղացի մարդիկ են, ինչու՞ ինքը բավարար ջանք չգործադրեց պատերազմ թույլ չտալու, եթե գիտեր ինչով է այն ավարտվելու:
Մոտավորապպես ահա այդպիսի խոսակցություն է ունեցել վարչապետ Փաշինյանը Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ, նրանց ասելով, որ առաջարկելով «անկլավների» հանձնում, իրենք ուզում են իրավականորեն անթերի սահմանազատել Հայաստանն ու այդպիսով կառուցել իրավական պարիսպ: Բայց, բնակիչների հարցին, թե դա երաշխավորելու՞ է անվտանգություն, Փաշշինյանը չունի նույնքան հստակ պատասխան: Ի՞նչ է այս ամենը՝ մանիպուլյատիվ գործողությու՞ն, որով Նիկոլ Փաշինյանը փորձում է հնարավոր ռազմական էսկալացիայի համար պատասխանատվությունը դնել հանրության մերժման վրա, թե՞ իրապես լուրջ վտանգի մասին անկեղծ նախազգուշացում եւ խոսակցություն, որի միջոցով Նիկոլ Փաշինյանն ուզում է խուսափել 2020 թվականի պատերազմից առաջ՝ իր խոսքով գործած սխալից, որ հանրությանը բաց ձեւով չի ներկայացրել իրավիճակը եւ վտանգները:
Մյուս կողմից սակայն, այսպես կոչված «անկլավների» շուրջ այս խոսակցությունն ու դրան հանրային արձագանքը ցույց է տալիս, թե օրինակ ինչպիսի՞ պատկեր կարող էր լինել 2020 թվականից առաջ, եթե Փաշինյանը գար ու ասեր, որ պետք է գնալ փոխզիջման, որպեսզի չլինի պատերազմ: Եվ առավել եւս, որ այն ժամանակ նույնիսկ չէր եղել ծանր պատերազմն ու պարտությունը եւ Հայաստանի ու Արցախի ժողովուրդը, հայ ժողովուրդը վստահ էր, որ պատերազմի դեպքում ունակ է ձախողել Ադրբեջանի ծրագիրը: Այդպիսով, արդյո՞ք ներկայիս ծավալած խոսակցությամբ Փաշինյանը չի լուծում նաեւ այդ խնդիրը, այսինքն իրեն «ապահովագրելով» որեւէ նոր էսկալացիայի պատասխանատվությունից, նաեւ անուղղակի ձեւով ցույց տալիս, որ իր՝ հրապարակային խոստովանած սխալն էլ ըստ էության սխալ չէր եւ այն ժամանակ էլ հանրությունն առավել եւս մերժելու էր փոխզիջման իր առաջարկը: