Մեր հիւրն է քանոնահարուհի, համաշխարհային մրցոյթի Գլխաւոր մըրցանակակիր, միջազգային մի շարք մրցոյթների առաջին կարգի դափնեկիր՝ ոսկէ մեդալակիր Մարիաննա Գէորգեանը։
– Մեր հիւրերից միշտ հետաքրքրւում ենք իրենց արմատներով։ Կը ներկայացնէ՞ք՝ ով է, որտեղից է գալիս քանոնահարուհի Մարիաննա Գէորգեանը։
– Ծնուել եմ Երեւանում, հայկական աւանդական ընտանիքում, որտեղ տի- րել է սէր, ջերմութիւն, յարգանք։ Ծնողներս շատ համեստ ու բարի մարդիկ լինելով, ջանք ու եռանդ չխնայելով, ապահովել են լիարժէք մանկութիւն այն դժուարին տարիներին եւ հայրենասէր դաստիարակութիւն տուել, հայրենիքին պիտանի մարդ լինել սովո- րեցրել։ Իւրաքանչիւր ազգի դիմագիծ իր մշակոյթն է, իմ ընտանիքը լինելով շատ պահպանողական ու մօտ լինելով ազգային արժէքներին ու ժողովրդական արուեստին դա է սերմանել։ Յաճախել, ուսանել եմ երաժշտական դպրոց, ապա Կոմիտասի անուան կոնսերվատորիայի բակալավրիատն, մագիստրատուրան, ասպիրանտուրան՝ երեքն էլ կարմիր դիպլոմներով աւարտել։ Արմատներով շատ խորը եւ ամուր եմ կառչած իմ հայրենի հողին։ Հայրենիքը սրբութիւն է։
– Դժուար է երաժշտի ճանապարհը։
– Յիրաւի շատ բարդ մասնագիտու- թիւն եմ ընտրել, քանի որ ներկայացընում եմ մեր ազգային նուագարան քանոնը եւ մեր մշակոյթի անգին գանձերը։ Իւրաքանչիւր գործում մեծ սէր է հարկաւոր, գիտելիքների ու գաղափարի անհուն շտեմարան, գեղագիտական ճաշակ, մարդկային բարձր արժանիք- ներ եւ իհարկէ տաղանդ ու աշխատասիրութիւն։
Իւրաքանչիւր յաջողութեանս հիմքն են իմ անյաջողութիւնները։ Միշտ ինքս ինձ հետ պայքարի ու մրցակցութեան մէջ եմ։ Եթէ չլինեն փոթորկի այդ մեծ ալիքները երաժշտութիւնս անհաղորդ ու անհասանելի կը մնայ։ Իմ ուղին ինքս եմ հարթել, շատ մեծ դժուարութիւններով՝ բազմաթիւ խոչընդոտներ յաղթահարելով։ Այդ իսկ պատճառով իւրաքանչիւր լաւ պահս շատ թանկ ու բարձր եմ գնահատում։ Ես կերտել եմ իմ ուղին, ունեմ ուրոյն ձեռագիր ու ոճ։ Երաժիշտ լինելու համար քիչ է միայն նուագելը, քիչ է միայն տիրապետել տեխնիկային։ Իսկական երաժշտի մօտ հոգու ու մտածելակերպի, զգացմունքների ու էմոցիաների, կրթութեան ու տարիների փորձի, ապրած կեանքի, ցանկութիւնների ու աշխարհայեացքի միահիւսումը տաղանդի հետ ձեւաւորումն է կատարեալը։ Ու հէնց այդ ժամանակ է, որ հնչեցրած նոտաները կենդանանում ու երաժշտական պատկերներ են դառնում։
Քանոնը համարում եմ ազգային նուագարանների թագուհին, այն արքունական է եւ ունի մոգական հնչողութիւն։ Ըստ իս շատ հայկական է ու վայել հայուհուս։
– Մենք գիտենք, որ բազմաթիւ մըր- ցոյթների էք մասնակցել։ Մի փոքր կը մանրամասնէք։
– Մրցոյթներ այդքան էլ չեմ սիրում, որովհետեւ միշտ չէ որ արդար են անցնում, բայց իհարկէ պէտք է մասնակցել, ներկայանալ ու ներկայացընել, յատկապէս քո ազգային արուեստն ու մշակոյթը։ Ազգային արուեստը ներկայացնող երաժիշտը պէտք է մշտապէս յիշի, որ հնագոյն երկրի արուեստ, երաժշտութիւն, ի վերջոյ պետութիւն է ներկայացնում։ Միշտ պահպանում եմ հայկական քանոնի դիմագիծը եւ յաւուր պատշաճի ներկայացնում ազգիս դարաւոր պատմութիւնը մի քանի րոպէում։ 2021թ. մասնակցել եմ Հնդկաստանում կայացած միջազգային մրցոյթի, արժանացայ առաջին մրցանակի ու յատուկ մրցանակի «Երաժշտութեան դեսպան», որը շատ ուրախալի էր ինձ համար, քանի որ միակ ներկայացու- ցիչն էի, որ ստացաւ յատուկ մրցանակ։ 2020թ. «World Folk Vision» Global Cultural Initiative կազմակերպած համաշխարհային մրցոյթին մասնակցեցի եւ գրանցեցի փառահեղ յաղթանակ, արժանանալով Գլխաւոր մրցանակի՝ «Գրան պրի», աշխարհի ժողովուրդների երաժշտութիւն անուանակարգում։ Այս մրցոյթը իր մասշ- տաբներով զիջում է միայն օլիմպիական խաղերին, մասնակցում էին 115 երկրի 3950 ներկայացուցիչ, որոնց մէջ կային վաստակաւոր ու ժողովրդական արտիստներ։ Եղել է ռեկորդային քուէարկութիւն, յաղթողը որոշւում էր քուէարկութեան ու ժիւրիի 50/50 ար-դիւնքով։ Սա շատ կարեւոր ձեռքբերում է, քանի որ առաջին անգամ պատ-մութեան մէջ հայկական քանոն նուագարանով, Սայաթ-Նովայի «Էշխեմեդ» կատարմամբ, յաղթանակ գրանցուեց։ 2022թ սոյն յաղթանակը գրանցուեց դիւցազնագրքում։
– Դուք Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան տան «Տաղարան» հնագոյն երաժշտութեան համոյթի մենակատարն էք։ Ինչ է Ձեզ համար հոգեւոր երգն ու երաժշտութիւնը։
– Հնագոյն երաժշտութիւնը շատ հոգեհարազատ է ինձ, մերն է, մեր հոգուց է բխում, իմ արեան հոսքն է։ «Տաղարան»ը մեծ գործունէութիւն է ծաւալում, որի հսկայածաւալ աշխատանքները ղեկավարում է մայեստրօ Երկանեանը։ Ինձ համար առանձնակի տեղ ունեն մեր հնագոյն տաղերն ու գանձերը, Կոմիտաս Վարդապետի թողած մեծ ժառանգութիւնը, մեր աշու- ղական ու ժողովրդական անգին գոհարները, մերօրեայ կոմպոզիտորների բարձրաճաշակ գործերը։
Երբ պատրաստւում էի Խ. Աւետիսեանին նուիրուած յոբելեանական համերգին շատ մեծ բծախնդրութեամբ ընտրեցի համերգային նուագացանկը, որն էլ մայեստրօ Ս. Երկանեանը գործիքաւորեց։ Մի ուրախալի փաստ էլ կար այդ օրուայ հետ կապուած. կոմպոզիտոր Վ. Աճեմեանը մի նուէր արեց ստեղծագործութեան տեսքով։ Քանոնի համար գրուած «Աղջիկների պարը» այդ օրը հնչեց «Տաղարան»ի ու դաշնամուրի նուագակցութեամբ, որը մի հրաշալի շունչ տուեց երեկոյին։
Իմ նուագացանկի հոգեւոր ստեղծագործութիւններից են «Տաղ Աստուածածնայ»ն դա մենանուագ է քանոնի համար, որը հնչեցրել եմ արդէն մի քանի եկեղեցիներում։ «Էլեգիա»ն քանոնի եւ երգեհոնի համար գրուած ստեղծագործութիւն է, որն իր էութեամբ բացառիկ է, քանի որ երբեք քանոնը չէր հնչել երգեհոնի հետ եւ յուրախութիւն ինձ շատ բուռն արձագանգի արժանացաւ յատկապէս տարբեր երկրների երգեհոնահարների կողմից։ Այս երկու գանձերը կոմպոզիտոր Երուանդ Երկանեանի նուէրն է ինձ։
Այս տարի ինձ համար շատ կարեւոր ու երազանքային մի համերգ կայացաւ, որով ազդարարուեց կամերային երաժշտութեան տան համերգաշրջանի բացումը։ Համերգն ընթանում էր ՀՀ պետական կամերային նուագախմբի հետ, դիրիժորական վահանակի մօտ էր Յարութիւն Արզումանեանը, համերգը վարում էր երաժշտագէտ Նոնա Ոսկանեանը, իր խօսքով հանդէս եկաւ կենդանի լեգենդ Տիգրան Մանսուրեանը, համերգը նուիրուած էր Ռ. Ալթունեանին։ Ինչպէս իւրաքանչիւր իմ համերգի, այնպէս էլ այս անգամ ներկայ էին մեր վիրաւոր զինուորներից, ծնողներ։
– Մի փոքր պատմէք Ձեր ու Ձեր հանդիսատեսի մասին։
– Հանդիսատես ու արտիստ կապը ամենակարեւորն է. իմ հանդիսատեսը տարբերւում է։ Ինձ համար կարեւորը իմ հանդիսատեսի գոհունակ աչքերն են, սրտաբուխ խօսքերը։ Երջանկութիւն է, երբ նուագիդ ընթացքում յուզւում, ապրում ու գոհանում են։ Շատ պարտաւորեցնող է, երբ հանդիսատեսդ մի քանի սերնդի ներկայացուցիչ է ու բոլորի սրտին երաժշտութիւնդ հարազատ, սիրելի է։ Եղել է դէպք հէնց նուագի ժամանակ մի փոքրիկ բեմ է բարձրացել, որ է՛լ աւելի մօտիկից տեսնի ու դիպչի ինձ։
– Մշտապէս հանդէս էք գալիս բարեգործական համերգներով, մասնակ-ցում յուշ-երեկոներին՝ Ձեր արուեստով մարդկանց սփոփանք պատճառելով։
– Այս պահին իմ յուշերում արթնացաւ տուն-ինտերնատում կայացած մի համերգ, որտեղ իմ ելոյթը առանձնակի էր, քանի որ նուագեցի հէնց տուեալ հաստատութեան բնակիչ պապիկի Ռ. Պետրոսեանի գրած ստեղծագործութիւնը «Երգ սիրոյ մասին», բոլորը արտասւում էին։ Հեռաւոր մարզերից մէկում, երբ համերգի էինք, համերգից յետոյ փոքրիկ աղջիկներ մօտեցան ինձ ու շատ ոգեւորուած ու վստահաբար ասացին, որ իրենք էլ անպայման պէտք է ինձ նման քանոնահարուհիներ դառնան։ Դա նշանակում է, որ դու կարողացել ես հասցնել արուեստի հրաշքը, բացել գեղեցիկի դռները։ Կանանց քրէակատարողական հիմնարկում մի ազատազրկուած կին էլ շատ զարմացրեց, ամօթխածութեամբ մօտեցաւ ինձ եւ ցանկութիւն յայտնեց, որ «Կռունկը» նուագեմ, ինչը յուզիչ էր։ Ես հասկացայ որ արուեստը ոչ մի սահման ու սահմանափակում չի ճանաչում, որ երաժըշ- տութիւնն ի զօրու է ազդելու բոլորի սրտերին, եւ եթէ այդ մարդիկ ունակ են ազդուելու, ապա ամէն ինչ չէ, որ կորած է…
Քանոնս հնչել է «Զինուորի տանը», որտեղ էլ ծանօթացել եմ մեր հզօր հայորդիների ու իրենց ընտանիքների հետ, ովքեր իրենց կեանքի գնով պահել են ու պահում են մեր հողերը։ Այդ ժամանակից նպատակ դրեցի իմ առջեւ՝ անպայման լինել Արցախ աշխարհում՝ բարեգործական մենահամերգով։ Արցախի հանրութեանը եւս հնարաւորութիւն ընձեռնել վայելելու իմ քանոնի մեղեդին։ Շատ բարդ ու պարտաւորեցնող էր այդ քայլը։ Մեծ դժուարութեամբ իրականացրեցի այդ նախագիծը, համերգային ծրագիրը ամբողջութեամբ դաշնամուրի նուագակցութեամբ էր, դաշնակահարն էր Սեդրակ Երկանեանը։
Քառօրեայի օրերին արցախեան պատերազմների զոհերի յիշատակին նուիրուած համերգ-ցերեկոյթ կայացաւ Էջմիածնի քաղաքապետարանի դահլիճում։ Խաչիկ Մանուկեանի հետ գնացել էինք Եռաբլուր՝ ծաղիկներ խոնարհելու իր որդու՝ Վաչագան Մանուկեանի եւ մեր անմահացած քաջորդիների շիրիմներին։ Պահը հասունացաւ Էջմիածնում, որ իմ սրտի ձայնը հնչեցնեմ մեր սուրբ քաղաքում։ Դիմեցինք քաղաքապետարանի համապատասխան բաժին, որտեղ ներկայացրի իմ բարի կամքը՝ հանդէս գալ համերգային ծրագրով։ Անմիջապէս ընթացք ստացաւ։ Խաչիկ Մանուկեանի օգնութեամբ խորագիրն ընտրուեց՝ «Անմահութեան խորհրդով», ես էլ իմ համերգային ծրագիրը ներկայացրի, որը հայրենասիրական ու սիրոյ թեմայով էր ու կրում էր մեր ազգային ժողովրդական ոգու ապրեցնող ուժը։ Նման միջոցառումներ կազմակերպելը մեծ պատասխանատուութիւն է պահանջում, քանի որ ներկայանում ես ամենախոցելի խաւի առջեւ, եւ պէտք է շատ նրբանկատ ու խորաթափանց լինել։ Իւրաքանչիւր հայեացք, քայլ, ժեստ, ներկայացուած երգ, երաժշտութիւն, խօսք, ասմունք պահանջում է մշակ- ւած ու գրագէտ արուեստ, մարդկային բարձր որակ։ Սկիզբն ազդարարուեց Խաչիկ Մանուկեանի ազդեցիկ խօսքով ու «Վաղարշապատի պար»ով։ Երբ նուագեցի «Ղարաբաղի եղնիկ»ը, Վաղարշապատից տեղափոխուեցինք Արցախ աշխարհ, «Մարտիկի երգ»ը նուագելիս մտքով թռանք զօրամասեր, յուզուեցինք, «Տրապիզոնցիների պար»ով հասանք Տրապիզոն ու այսպէս շրջեցինք տիեզերական երաժշտութեամբ՝ մեր հայրենիքով։ Համերգի ողջ ընթացքում ինձ նուագակցում էր դաշնակահար Յարութիւն Թագւորեանը։ Հնչեցին Խաչիկ Մանուկեանի բանաստեղծութիւններից,
իսկ արցախեան 44-օրեայ պատերազմում անմահացած հերոս Վաչագան Մանուկեանի գրուածքը, որ հնչեց քանոնի նուագի ներքոյ, ասմունքում էր Հռիփսիմէ Սարգսեանը։ Իմ նպատակն էր՝ այս միջոցառմամբ եւս մէկ անգամ փաստել, որ իրենք մեր սրտում են, մենք ինչքանով կարող ենք, իրենց ծնողների կողքին ենք։ Ոչինչ չի մոռացւում, շնորհակալ ենք իւրաքանչիւրին իր սխրանքի համար։ Ես այդ օրը փորձեցի գոնէ մի քանի րոպէով, ժամով կտրել իրականութիւնից ու կեանքը սիրելու, ապրելու ուժ տալ, սէր տալ։ Անչափ յուզիչ էր, երբ սեւազգեստ ու ճերմակած մազերով մայրերն ինձ գրկել, իրենց կոտրուած, վիրաւոր, բայց հզօր սրտի խօսքն էին ասում արցունքոտ աչքերով։
Քանոնս հնչել է անգամ պատերազմի օրերին, այն հնչել է որպէս աղօթք, որպէս հոգու ճիչ, բողոք, որպէս լոյսի փարոս…
Գրող հրապարակախօս
ՏԻԳՐԱՆ ՆԻԿՈՂՈՍԵԱՆ