ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Մարտի 12-ին մեկնարկել է Արցախի Հանրապետութեան պատուիրակութեան աշխատանքային այցն Ամերիկայի Միացեալ Նահանգներ, որը գլխաւորում էր նախագահ Բակօ Սահակեանը: Այցի շրջանակներում տեղի ունեցան հանդիպումներ` հայկական սփիւռքի մի շարք կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ, բացի այդ, ԼՂՀ ղեկավարն այցելել է Քոնկրես, որտեղ արտաքին կապերի գծով յանձնաժողովի մի խումբ անդամների հետ քննարկել է արցախա-ամերիկեան յարաբերութիւնների զարգացմանն ու ամրապնդմանը, ազրպէյճանական-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին առնչուող հարցեր: Այնուհետեւ Քոնկրեսում կազմակերպուել է ընդունելութիւն` նուիրուած արցախեան շարժման 30-ամեակին: Նախատեսւում են նաեւ նախագահի հանդիպումները դիւանագիտական ու փորձագիտական շրջանակների հետ:
Աւելորդ է խօսել նման այցերի չափազանց կարեւորութեան մասին, որոնք իր անկախութեան միջազգային ճանաչմանը ձգտող Արցախի Հանրապետութեանը հնարաւորութիւն են ընձեռում այս կամ այն երկրի պաշտօնատար անձանց ու փորձագէտներին ուղղակիօրէն ներկայացնել Արցախի եւ այստեղ ընթացող հասարակական¬քաղաքական գործընթացների մասին առարկայական տեղեկատուութիւն, ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման շուրջ սեփական դիրքորոշումը: Բացի այդ, դրանք թոյլ են տալիս փնտռել ու գտնել հնարաւորութիւններ գործնական շփումների հաստատման ու երկկողմ յարաբերութիւնների զարգացման համար: Այդօրինակ այցերն ու ԼՂՀ արտաքին քաղաքական կապերի զարգացման հեռանկարները, ինչը բազմիցս հաստատուել է, յարուցում են Ազրպէյճանի խիստ ջղագար արձագանգը, քանի որ ամէն անգամ զգայուն հարուած են հասցնում Արցախի միջազգային մեկուսացմանն ուղղուած նրա քաղաքականութեանը: Պաշտօնական Պաքուին անտարբեր չթողեց եւ Արցախի պատուիրակութեան ներկայ այցն ԱՄՆ:
Արձագանգը, ինչպէս եւ սպասւում էր, հետեւեց անմիջապէս: Այցի առաջին իսկ օրը` մարտի 12-ին, Ազրպէյճանի արտաքին գործոց նախարարութիւն կանչուեց այդ երկրում Միացեալ Նահանգների դեսպան Ռոպերթ Սեքութան, որտեղ նրան բողոքի գիր յանձնեցին Բակօ Սահակեանի` Միացեալ Նահանգներ կատարած այցի կապակցութեամբ, ինչպէս նաեւ` Քոնկրեսի շէնքում Արցախին նուիրուած միջոցառում անցկացնելու համար: Բացի այդ, Միացեալ Նահանգներում Ազրպէյճանի դեսպանը հանդիպում է ունեցել արտաքին գործերի նախարարութիւնում, որտեղ ամերիկեան կողմին է յանձնել Պաքուի բողոքը: Յատուկ ուշադրութեան են արժանի արտաքին գործերի նախարարութեան մամուլի ծառայութեան ղեկավար Հիքմեթ Հաճիեւի մեկնաբանութեան պարունակած ձեւակերպումները: Այս, թոյլ տրուի ասել, դիւանագէտը ԱՄՆ-ի տուեալ քայլը գնահատել է իր ու իր պարագլուխների համար սովորական ոճով` «… գործունէութիւնը, որն ուղղուած է Ազրպէյճանի տարածքային ամբողջականութեան ու ինքնիշխանութեան դէմ, լուրջ հարուած է հասցնում բանակցային գործընթացին եւ ծառայում տարածաշրջանում լարուածութեան աճին»:
Ըստ երեւոյթին, ազրպէյճանական խելացնորութիւնը սահմաններ չի ճանաչում, այդ թւում եւ` աշխարհագրական: Անկախ Արցախի հանդէպ ցասումով կուրացած Պաքուն անգամ մտադիր չէ նկատել, որ, ուրիշ պետութիւններից յարգանք պահանջելով սեփական ինքնիշխանութեան հանդէպ, յամառօրէն պնդելով, որ ԼՂՀ ներկայացուցիչներին թոյլ չտան մուտք գործել այդ երկրներ, եւ թելադրելով նրանց վարքի սեփական կանոնները, ինքն է ոտնձգութիւն թոյլ տալիս նրանց ինքնիշխանութեան հանդէպ: Անհեթեթութիւն չէ՞ սա: Անհեթեթութի՜ւն է: Ինչպէս եւ այն, որ բանակցային գործընթացի ու տարծաշրջանում կայունութեան մասին «անհանգստանում է» յանցաւոր մի վարչակարգ, որի խղճի վրայ են հրադադարի մշտական խախտումները, բազմաթիւ զինուած խափանարարութիւնները եւ 2016թ. ապրիլեան պատերազմը: Արցախի պատուիրակութեան ԱՄՆ կատարած այցի կապակցութեամբ բարձրացուած ջղագար ոռնոցը եւս մէկ անգամ հաստատում է հակամարտութիւնը քաղաքակիրթ ճանապարհով լուծելու Պաքուի ցանկութեան բացակայութիւնը: Նման գործողութիւններով Ազրպէյճանը փաստօրէն չեղարկում է կողմերի միջեւ վստահութեան հաստատման անհրաժեշտութեան վերաբերեալ ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների բազմաթիւ յայտարարութիւնները, քանի որ դրանով իսկ գործնականում արգելափակում է վստահութեան ու համագործակցութեան մթնոլորտ ստեղծելու գործընթացը, որը կարեւոր պայման է բանակցութիւնների արդիւնաւէտ շարունակման համար:
Ազրպէյճանի ինքնիշխանութեան ու տարածքային ամբողջականութեան թեմայով Պաքուի այս թատերականացուած ներկայացումը, որն առանց ընդմիջումների արդէն առաջին տարին չէ, որ ընթանում է, լիիրաւ կարելի է դասել միմոսային կատակերգութեան ժանրին: Ու այդ կատակերգութիւնը դիւանագիտական բողոքներով ամէն անգամ ներկայացւում է Ազրպէյճանի կողմից` միջազգային հանրութեանը Արցախի նկատմամբ սեփական իրաւասութիւնն ապացուցելու նպատակով, իրաւասութիւն, որը պարզապէս չկայ: Արդիւնքը զրոյական է: Դա, սակայն, Պաքուի իշխանութիւնների համար դաս չի դառնում: Ի դէպ, 2015թ. դեկտեմբերին Ազրպէյճանը ԼՂՀ արտաքին գործերի նախարարի ամերիկեան այցի կապակցութեամբ դարձեալ նոյն Ռոպերթ Սեքութային բողոքի գիր էր յանձնել, բայց, ինչպէս տեսնում ենք, ոչնչի չի հասել. մեր հանրապետութեան պաշտօնական ներկայացուցիչներն ինչպէս այցեր էին կատարում Միացեալ Նահանգներ, այնպէս էլ շարունակում են կատարել: Պէտք է ասել` դա իր օրինաչափութիւնն ունի: Լեռնային Ղարաբաղը հակամարտութեան լիիրաւ կողմ է, ինչն ամրագրուած է ԵԱՀԿ պաշտօնական փաստաթղթերում եւ, ամէնից առաջ` նրա 1994թ. դեկտեմբերին պուտափեշտեան գագաթնաժողովի որոշումներում, որտեղ խօսքը գնում է հակամարտութեան երեք կողմերի մասին: Իսկ նշանակում է` Արցախի Հանրապետութեան բարձրագոյն ղեկավարութեան ներկայացուցիչներն իրաւունք ունեն լինել Մինսքի խմբի համանախագահ երկրներում` Ռուսաստանում, ԱՄՆ-ում եւ Ֆրանսայում, որտեղ կարող են ներկայացնել իրենց բանակցային դիրքորոշումը: Բայց հարցը միայն դրանում չէ: Արցախի Հանրապետութիւնը տէ ֆաքթօ կայացած անկախ պետութիւն է, որը, չնայելով անգամ իր միջազգայնօրէն չճանաչուած լինելու հանգամանքին, վարում է սեփական արտաքին քաղաքականութիւն, ինքն է ձեւաւորում իր արտաքին քաղաքական օրակարգը եւ ինքնուրոյն որոշում` ո՛ւմ հետ եւ ի՛նչ ձեւաչափով զարգացնել երկկողմ եւ բազմակողմ յարաբերութիւններ: Դա ներկայ այցի ընթացքում եւս մէկ անգամ հաստատեց նաեւ նախագահ Բակօ Սահակեանը. «Ամերիկայի Միացեալ Նահանգների հետ յարաբերութիւնների զարգացումն ու խորացումը եղել է, կայ եւ կը լինի մեր արտաքին քաղաքականութեան առանցքային ուղղութիւններից մէկը»: Դրանից բխող բոլոր հետեւանքներով: