ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Սյունիքն ու Արցախը, որոնք վերջին պատերազմից հետո բավական բարդ վիճակում են հայտնվել ռազմաքաղաքական առումով, Հայոց պատմության ողջ ընթացքում Հայաստանի ու Հայկական լեռնաշխարհի ողնաշարն են եղել: Այդ ողնաշարը երբեմն մասամբ կոտրվել է, բայց հայ ժողովրդի ուղեղն ու գիտակցությունն արթուն են մնացել: Դրա ամենավառ վկայությունն այն փաստն է, որ միջնադարյան ժամանակաշրջանում՝ հայկական թագավորությունների անկումից հետո, Սյունիքն ու Արցախը ինքնավար կարգավիճակ պահպանած հայկական քիչ երկրամասերից են: Հենց նրանք ուղիղ 300 տարի առաջ՝ 1720-ական թթ., բարձրացրեցին Հայաստանի ազատագրության դրոշը Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի, Ավան Հարյուրապետի, Եսայի Հասան-Ջալալյանի և այլոց գլխավորությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ Հայաստանի պատմության թանգարանում այսօր՝ հունիսի 23-ին, տեղի ունեցավ Սյունիքի և Արցախի ազատագրական պայքարի 300-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովի հանդիսավոր բացումը:
«Դեռ անցած տարվանից Հայաստանի պատմության թանգարանը նախաձեռնել է ամենամյա գիտաժողովների անցկացման մի այսպիսի նոր մոտեցում, ըստ որի՝ ամեն տարի թանգարանն անդրադառնալու է մեր երկրի, ժողովրդի և պատմության համար կարևոր մի իրադարձության արժևորմանը: Նախորդ տարվա հանրապետական գիտաժողովը նվիրված էր ՀՀ անկախության 30-ամյակին: Այս տարի մենք որոշեցինք անդրադառնալ ոչ պակաս կարևոր մի իրադարձության՝ Սյունիք-Արցախյան ազատագրական պայքարի 300-ամյակին, որի հաշվարկը սկսում է Դավիթ Բեկի ապստամբությունից», – բացման խոսքում հայտնեց Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:
Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Արսեն Բոբոխյանի խոսքով՝ Սյունիքի և Արցախի մասին հատկապես վերջին տարիներին են շատ խոսում, բայց հայկական այս երկրամասերը, որոնք միասին կարելի է նաև կոչել Լեռնահայաստան, միշտ են արդիական ու կարևոր եղել: Ըստ գիտնականի՝ Հայաստանի երկարատև պատմության ամբողջ ընթացքում Լեռնահայաստանը Հայկական լեռնաշխարհի ողնաշարն է եղել, և անընդհատ փորձ է արվել այդ ողնաշարը կոտրելու: Երբեմն եղել է այնպես, որ այն մասամբ կոտրվել է, բայց մեր ուղեղն ու գիտակցությունն արթուն են մնացել:
«Մենք այսօր էլ այդպիսի վիճակում ենք գտնվում՝ թեթևակիորեն մեր ողնաշարը կոտրված է, բայց մեր ուղեղը, մեր արյան շրջանառությունը շատ լավ աշխատում է, և մենք շեշտը պիտի դնենք այդ ուղեղի և գիտակցության վրա, որպեսզի կարողանանք այսօրվա իրավիճակից դուրս գալ: Մեր մասնագիտության մեջ մենք, որպես կանոն, կարևորություն ենք տալիս պատմական փոփոխությանը՝ տրանսֆորմացիային, բայց մեր բնագավառը հետազոտում է ոչ միայն այդ տրանսֆորմացիան, այլև՝ անփոփոխը որևիցե մշակույթում, որևիցե իրականության մեջ: Եվ երբ մենք հասկանում ենք այդ անփոփոխը՝ կարողանում ենք ըստ էության այն փոփոխել: Եվ այսօր՝ մեր պետականության այս փուլում, շատ կարևոր է, որ մենք գիտակցենք մեր պատմության այդ անփոփոխ տարրը և հնարավորինս միասնական լինելով՝ փորձենք ինչ-որ բան փոխել առնվազն մեր բնագավառում», – շեշտեց Բոբոխյանը:
Եռօրյա գիտաժողովի ընթացքում պատմության, հնագիտության, ազգագրության և մշակութաբանության մասնագետներն իրենց զեկույցներով կպատմեն 1722 թվականին Սյունիքում Դավիթ Բեկի գլխավորությամբ բարձրացված ապստամբության, զուգահեռաբար՝ Արցախի մելիքությունների ազատագրական ձգտումների, տարածաշրջանում ծավալվող աշխարհաքաղաքական ակտիվ փոփոխությունների, արտատարածաշրջանային դերակատարների մրցակցության և նրանց ուժերի փոխդասավորության, ազատագրական շարժման առաջնորդների արտաքին կողմնորոշումների, շարժման վերջնական անհաջողության պատճառների, նաև՝ Սյունիքի ու Արցախի մշակութային ժառանգության, հնագիտական ուսումնասիրությունների մասին և կբացատրեն այդ ամենի արդիականությունը ներկա տարածաշրջանային իրավիճակի համապատկերում: