ՍՈՆԱ ՏԻԳՐԱՆԵԱՆ
Մտաւորականը օդի, հողի, արեւի ու սիրոյ նման Անընդհատ Վերադարձի գաղտնիքն ունի, ուրեմն եւ՝ Ապրած եւ Չապրած տարիների միջով մարդը միշտ քայլում է դէպի սկիզբը, հերքելով մահուան անհերքելի փաստը, երբ Ապրած թէ Չապրած տարիները դառնում են կեանքի ժամանակ եւ յաւերժի ժամանակ:
Վարդգէս Համազասպի Պետրոսեան
ՀՀ Գերագոյն խորհրդի պատգամաւոր, Հայաստանի Գրողների միութեան նախագահ, Մշակոյթի հայկական ֆոնդի նախագահ, «Երկիր Նաիրի» թերթի հիմնադիր-խմբագիր, «Գարուն» ամսագրի հիմնադիր-խմբագիր, գրող, հրապարակախօս, դրամատուրգ:
Իր ապրած տարիներին հայ ընթերցողի սեղանին դրեց մի ամբողջ գրադարան, վաստակեց ամենադժուարինը՝ սեփական անուն-ազգանունը:
Վարդգէս Պետրոսեանը ծնուել է 1932 թուականին՝ Աշտարակում: Աւարտելով Երեւանի Պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը, աշխատել է որպէս «Պիոներ կան»չի խմբագիր, աշխատակցել է «Աւանգարդ» թերթին, եղել է «Գարուն» ամսագրի կնքահայրը եւ երկար տարիներ՝ խմբագիրը: Գրական աշխարհ է մտել որպէս բանաստեղծ, այնուհետեւ անցել է արձակի:
Նրա մարդկային եւ կազմակերպչական տաղանդը փայլեց յատկապէս Հայաստանի Գրողների միութեան վարչութեան նախագահ աշխատած տարիներին: Վարպետից՝ Աւետիք Իսահակեանից յետոյ որեւէ մէկին չէր յաջողուել այդպիսի մեծութեան նախագահ լինել եւ Հայաստանի Գրողների միութիւնը բարձրացնել համամիութենական, համաշխարհային ասպարէզ:
Պետրոսեանի ստեղծագործութիւնները թարգմանուել են աշխարհի տարբեր լեզուներով: Բեմադրուել են: Պետրոսեանն արժանացել է Պետական մրցանակի, պարգեւատրուել շքանշանով: Եղել է ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ մի քանի գումարումների Գերագոյն խորհրդի պատգամաւոր: Եղել է նորանկախ Հայաստանի Ազգային խորհրդարանի պատգամաւոր:
«Նրա հիմնադրած «Գարուն» ամսագիրը կենարար հրա՞շք էր, սառնակունք աղբի՞ւր, երբ պատրանքներն այլեւս չէին ցնցում մեր անվրդով հոգիները, եւ խեղդամահ էինք լինում գորշութեան յեղձուկ օղակում: Եւ այդ կախարդական շրջանակի մէջ բոլորիս հետ ու բոլորիս համար պատեպատ խփուելով, առանց վհատուելու նա տարածութիւն էր նուաճում… գոնէ ազատ շնչելու համար», գրում է Լեւոն Անանեանը:
Նա ազնուական մտաւորականի, ազգային գործչի մտահոգութեամբ ու սիրով էր յայտնաբերում պատանի տաղանդներին, երիտասարդ, չնկատուած շնորհալիներին, շրջապատում հոգատարութեամբ, նրանց համար գտնում ժամանակ, միջոցներ, հնարաւորութիւններ:
«Գարուն»ը հայ հասարակական-քաղաքական, գրական կեանքում հսկայական շրջադարձային դեր ունեցաւ: Որպէսզի հասկանալի լինի ժամանակաշրջանի մթնոլորտը, յիշենք, որ այդ տարիներին էր, որ բանտարկուեց Պարոյր Սեւակի «Եղիցի Լոյս» ժողովածուն: Եւ հէնց այդ տարիներին «Գարուն»ը տպագրեց բոլոր այն բանաստեղծութիւնները, որոնց պատճառով գիրքն արգելուած էր: Պարադո՞քս է: Ես սեփական աչքերով տեսել եմ գրքի այն օրինակը, որի լուսանցքներում գրառումներ ու ընդգծումներ էին, գիտեմ ձեռագիրը: Երանի չտեսնէի: Այնուամենայնիւ, երկու տարի անց, գրքի ազատութիւնը հնարաւոր եղաւ սթափ, ազնիւ մտաւորականների ու գրողների դիմադրութեան շնորհիւ:
Այդ տարիների պատկերը աւելի որոշակի դարձնելու համար յիշեմ մի դէպք, որ շատ տպաւորիչ էր ինձ համար: Ուսանող էի, աշխատակցում էի «Գարուն» ամսագրին: Լոյս էր տեսել «Գարուն»ի հերթական համարը, եւ Վարդգէսին հերթական անգամ խիստ նկատողութիւն էին տուել՝ վերջին նախազգուշացումով, կոմերիտմիութեան կենտկոմը: Դէ, «Գարուն»ը երիտասարդական ամսագիր էր:
Բացի բազում նիւթերում «անհնազանդ» խմբագրի խիզախումներից, տպագրուել էր մի յօդուած, որտեղ դատապարտւում էր «եղբայրական» Վրաստանում, ո՛չ Ադրբեջանում, հայ մշակոյթի գործիչների գերեզմանները, յուշաքարերը հողին հաւասարեցնելու փաստը՝ իբր ճանապարհաշինութեան նպատակներով: (Չգիտես ինչու ճանապարհը պէտք է անցնէր, ըստ նախագծի՝ հէնց գերեզմանատան միջով):
Այդպիսի դէպքերում Վարդգէսը միայն յօդուածով չէր սահմանափակւում: Յետագայում էլ աւելի սերտ կապեր հաստատելով այդ «եղբայրական» հանրապետութիւնների նախագահների եւ գրողների հետ, հարցը լուծում էր դիւանագիտօրէն, մարդկային, ընկերական փոխըմբռնման ճանապարհով, որոնք պարզապէս մշակութային հարցեր չէին, այլ՝ խիստ քաղաքական: Երբեմն սուր եւ վերին օղակներում համարեա անլուծելի:
Ուշագրաւ դէպքի մասին:
Կենտրոնական կոմիտէի քարտուղարը Անտոն Քոչինեանն էր: Վարդգէսը դիմում է նրան տարակուսանքով, թէ Անտոն Երուանդիչ, ես արդէն վեցերորդ նկատողութիւնն եմ ստանում՝ վերջին նախազգուշացումով, ի՞նչ տրամաբանութեամբ: Եթէ նկատողութիւնն իրականութիւն դառնար, նշանակում էր նախ՝ «Գարուն»ի փակում, Վարդգէսին կուսակցութիւնից վտարում, եւ բացառւում էր գիրք տպագրելու եւ իր մասնագիտութեամբ որեւէ աշխատանք ունենալու հնարաւորութիւնը: Դա գրողի վերջն էր:
Անտոն Քոչինեանը Վարդգէսին դուրս է բերում առանձնասենեակից եւ, ուսին թփթփացնելով, պատասխանում. «Վարդգէս ջան, չհասկացա՞ր, դու պիտի գրես, մենք պէտք է նկատողութիւն տանք… էդ կոմսոմոլները, գիտես, առաջ են ընկնում, շա՜տ աչալուրջ են…»։
Դրանց՝ էդ կոմսոմոլներին ու դրանց նմաններին, Վարդգէսը յետագայում անուանեց «մարտնչող տգիտութիւն», որ պաշտօնին կառչած, ոչնչի առաջ կանգ չէին առնում: Կարծեմ՝ մինչեւ օրս էլ այդ տեսակը ծլում-ծաղկում, զարգանում է…
Յետագայում նրանցից շատերը արցունքն աչքերին յիշողութիւններ կը պատմեն, թէ ի՜նչ երջանիկ են եղել Վարդգէսի ժամանակակիցը լինելով:
Եւ այդ «մարտնչող տգիտութիւնն» էր, որ տարիների ընթացքում սեւ ամպեր կուտակեց մեր ժողովրդի տաղանդաւոր զաւակների գլխին, ինչպէս Մինաս Աւետիսեանն էր, Պարոյր Սեւակը, նոյն ինքը՝ Վարդգէս Պետրոսեանը, շատերը, որոնք համարձակութիւն ունեցան ազնիւ ու հայրենասէր լինելու, մանաւանդ՝ տաղանդաւոր:
Ուշագրաւ են Վ. Պետրոսեանի հետեւեալ տողերը. «Լաւ մարդ է, բարի մարդ է, բոլոր բառերն առանձին վերցրած՝ կորցրել են իրենց իմաստը, ածական է հարկաւոր, կարծես քիչ է՝ մարդը»:
Այսօր մեր խորհրդարանի պատգամաւորների հիմնական մասը ածականակերտ է: Իսկ «մարտնչող տգիտութիւն» բառակապակցութիւնը էլի շրջանառւում է, միայն անհասկանալի է, թէ ով՝ ում հասցէին է բղաւում…
Վարդգէս Պետրոսեանի ստեղծագործութիւնների հիման վրայ ներկայացումներ բեմադրուեցին Երեւանի Դրամատիկական, այժմ՝ Հ. Ղափլանեանի անուան թատրոնում, մայր՝ Գաբրիէլ Սունդուկեանի անուան թատրոնում, բեմադրիչ՝ Վարդան Աճեմեան: Փաստագրական ֆիլմեր նկարուեցին՝ միութենական պատուերվ: Նաեւ՝ գեղարուեստական ֆիլմ՝ «Մենաւոր ընկուզենին», նոյնանուն վէպի հիման վրայ: Ֆիլմի ռեժիսորն էր Ֆրունզէ Դովլաթեանը, գլխաւոր դերակատարներ՝ Ֆրունզէ Դովլաթեան եւ Արմէն Ջիգարխանեան: Ֆիլմը մեծ յաջողութիւն ունեցաւ եւ այսօր էլ, ինչպէս ամէն մի իսկական արուեստի գործ, ժամանակակից է՝ Վ. Պետրոսեանին յատուկ ազգային մտահոգութիւններով ու անսպառ հումորով: Այդ ամէնն, ի հարկէ, նաեւ՝ մեծ ռեժիսորի եւ մեծ դերասանի վարպետութեան ու հմայքի շնորհիւ:
Միշտ եւ ամէնուր, ապրած եւ չապրած տարիների յորձանուտում իր դառն ու անոյշ հայրենիքը՝ Երկիր Նաիրին փնտռեց:
Նրա կրքոտ ելոյթները, հեռուն տեսնելու եւ նորը որսալու բացառիկ զգացողութիւնը, նրա կռիւն ու նուիրումը, նրա գրքերը՝ զուտ պետրոսեանական տաղանդի անշփոթելի դրոշմով:
Կեանքում իրեն բաժին հասած փորձութիւններից ամենածանրը՝ դաւաճանութիւնը տարաւ, երբ բախտը երես թեքեց, ու ոտքը քարին առաւ, նրա զգայուն հոգին չարաչար խոցուեց այն գիսաւորների քարկոծումներից, ովքեր գրողի աստեղային ժամին հուլանում էին նրա արտացոլանքի ծիրում:
Նա տենդագին էր սիրում կեանքը, իր երկիրն ու ժողովրդին, եւ արժանապատիւ զաւակի սէրը՝ սրտի չափով, անխնայ սպառում էր մի ընդարձակ շրջագծով՝ Երկիր Նաիրիի գրական փնտռտուքներից մինչեւ «Երկիր Նաիրի» շաբաթաթերթը:
Նոյն թերթում, «Երկիր Նաիրի», ողբերգական դէպքերից յետոյ, Հրանդ Մաթեւոսեանը, որ մինչ այդ փորձում էր պաշտպանել մեր նորանկախ հանրապետութեան, մեղմ ասած՝ որոշ բախտախնդիրների, գրեց. «Սա համապետական, համազգային, հասարակական-քաղաքական մեր կեանքի բացայայտ կողոպուտ է, սա բացայայտ մարտահրաւէր է մեր գոյութեան բուն հիմքին»:
Հեռացաւ մտաւորականը, ում խօսքը հնչում էր ժամանակի մէջ եւ որոշում էր ժամանակի դէմքը, որ ոյժ ու համարձակութիւն էր ունեցել դառնալու նախ իր սերնդի, ապա եւ՝ ժամանակակիցների մի քանի սերնդի ու, ի վերջոյ՝ իր ժամանակի ձայնը:
Մեր մեծերը հեռանում են, անպաշտպան թողնելով մեր թիկունքը: Հեռանում է մտաւորականը, ու մենք շատ խոցելի ենք դառնում, խոցելի ու փխրուն:
Հեռանում է մտաւորականը, ում խօսքը հնչում է դեռ ժամանակի մէջ ու հնչելու է նաեւ մեր ժամանակից դուրս:
Հնչելու է հայի բոլոր ժամանակներում, որովհետեւ մտաւորականը հեռանում է միշտ եւ մշտապէս նորից ու նորից վերադառնալու համար, ինչպէս ամէն առաւօտ լուսաբացի ծէսն է կատարում արեւը:
Եւ ուրեմն՝ մտաւորականը չի հեռանում, այդ մենք ենք ինչ որ տեղ, ճանապարհի մի հատուածում նրանից անջատւում ու նրան կորցնում… Կորցնելով մեր ճիշդ ճանապարհը, ինքներս մեզ…
***
«Լինում են աղէտներ, որոնք ներկայացնելու համար դժուար է բառեր գտնել մայրենի լեզուի մէջ՝ արտայայտելու համար այրող ցաւն ու կսկիծը, յուզումն ու ցասումը…», ողբերգական դէպքերից յետոյ գրեց Մարօ Մարգարեանը:
***
«Հիմա վերյիշում եմ նրա գրքերը, եւ ուղեղիս մէջ ուրուագծւում են տարօրինակ համեմատութիւններ:
Նա գրեց «Անաւարտ Դիմանկարներ»ը, բայց միթէ նոյնքան անաւարտ չմնա՞ց նրա դիմանկարը:
Միթէ որեւէ գիրք գրուե՞ց նրա մասին: Նա գրեց «Քաղաքի Կիսաբաց Լուսամուտները», բայց միթէ նոյնքան կիսամութ չմնա՞ց նրա կեանքը եւ մահը: Նա գրեց «Ապրած Եւ Չապրած Տարիները», բայց միթէ չապրած տարիները աւելի շատ չե՞ն լինելու: Նա գրեց «Կրակէ Շապիկը», բայց միթէ հէնց ինքը չայրուե՞ց նրա կրակներում, որի մէջ հիմա այրւում ենք մենք: Նա գրեց «Մենաւոր Ընկուզենին», բայց միթէ ամէն մեծութիւն մի մենաւոր ընկուզենի չէ՞ հողմերի դէմ: Նա գրեց «Հայկական Էսքիզներ»ը, բայց միթէ ինքն էլ մեր հայկական կեանքի հետաքրքիր էսքիզ չէ՞ր, որ փայլ էր տալիս մտաւոր եւ հոգեւոր մեր կեանքին: Նա գրեց «Վերջին Ուսուցիչը», բայց միթէ ինքը մեր հրապարակախօսութեան վերջին ուսուցիչը չէ՞ր: Նա գրեց «Ծանր Է Հիպոկրատի Գլխարկը», բայց միթէ աւելի ծանր չէ՞ր գրողի, հրապարակախօսի, պատգամաւորի գլխարկը եւ միթէ հիմա աւելի ծանր չէ՞ մեր վիշտը: Նա գրեց «Դեղատուն Անի»ն, բայց հիմա ի՞նչ դեղատուն ու ի՞նչ դեղ կը փրկի նրան, ի՞նչ դեղ կը բուժի մեր կսկիծը:
Իսկ «Հաւասարում Բազմաթիւ Անյայտներով» գիրքը. այն նոյնպէս խորհրդանշական եղաւ, իրօք նրա կեանքը ու վախճանը մի հաւասարում էր՝ բազմաթիւ անյայտներով», գրեց Արամայիս Սահակեանը:
***
«Ես զարմացայ, երբ Աւստրալիայում ինձ պատմեցին, որ Ապրիլի 25ը ամէն տարի նշւում է իբրեւ համազգային սգի օր՝ ի յիշատակ 1915ի Ապրիլի 25ին Դարդանելի նեղուցում զոհուած իրենց հայրենակիցների: Աւստրալիական նաւերը կենսամթերք էին տանում Ռուսաստան եւ Գալիպոլ թերակղզու մօտ կատաղի յարձակման ենթարկուեցին թուրքերի կողմից. 1915թ. Ապրիլի 25ին, Ապրիլի 24ի յաջորդ օրը: Բոլոր նաւերը խորտակուեցին, եւ աւստրալիացի հարիւրաւոր տղաներ գերեզման գտան նեղուցի յատակում:
Քսան հազար կիլոմետրի վրայ կուչ եկաւ աւստրալիական մայրցամաքը, մայրերը սեւ հագան, եւ հարսնացուները անմխիթար ցաւով նայեցին իրենց նշանի մատանիներին:
Տարիներ անց, Բալարատ քաղաքից մինչեւ Արարատ քաղաք (ճանապարհի երկարութիւնը 13 կիլոմետր է) ծառեր տնկուեցին՝ ի յիշատակ այդ օրուայ զոհերի.
ամէն զոհուած տղայի համար մի ծառ:
Ես տեսայ այդ ծառերի կանաչ շարասիւնը, բարեւեցի նրանց, ինչպէս եղբայրներիս կը բարեւէի:
(Ծովի յատակում նրանք հանդիպեցի՞ն հայ նահատակներին…)
Արարատ քաղաքը ինձ ցոյց տուին հեռուից: Փոքրիկ քաղաք է՝ ինը թէ տասը հազար բնակչութեամբ: Հեռուից տեսայ նաեւ լեռը, որ այնպէս նման է մեր Արարատին: «Հենց այդ նմանութեան համար են քաղաքը Արարատ կոչել», ասաց ինձ մի աւստրալիացի գրող: Մէկ ուրիշը այլ բացատրութիւն ունէր. «Աւստրալիան նուաճողների մէջ, «ոսկու տենդ»ի ժամանակ, նաեւ շատ հայեր են եղել: Երեւի նրանք են տեսել լեռը եւ քաղաք հիմնադրել: Հիմա հայեր չեն ապրում կամ գուցէ յաջորդ սերունդները ձուլուել են, աւստրալիացի դարձել: Հարիւր յիսուն-երկու հարիւր տարի է անցել…» (հատուած Վ. Պետրոսեանի «Հայկական Էսքիզներ» գրքից):
***
Նա մեծ հայրենասէր էր, սա քննելի չէ: «Գարուն» ամսագրի խմբագիր եւ յատկապէս Գրողների միութեան նախագահ եղած տարիներին նա ամբողջ աշխարհի ուշադրութիւնը հրաւիրեց հայ գրականութեան վրայ: Յիշենք Թարգմանչաց տօները: Աշխարհի բոլոր գրողներն էին գալիս, մտնում հայ գրականութիւն: Որքան մեծ գործ կատարեց գրականութեան միջոցով Հայաստանը դէպի մեծ աշխարհ տանելու ասպարէզում:
Մենք ներկայ ենք եղել Մոսկուայում ամենագլխաւոր լեփ-լեցուն դահլիճներում բազում յոբելեանական երեկոների, որտեղ Վ. Պետրոսեանը ազգային բարձր արժանապատուութեամբ էր ներկայացնում մեր գրականութիւնն ու հայ գրողին:
Նա ազգայնամոլ չէր: Ու երբ «Կրակէ Շապիկ» առասպելի համար նրան սկսեցին մեղադրել ոչ աւել ոչ պակաս ազգադաւութեան մէջ, շատերը չէին հասկանում կամ չէին ուզում հասկանալ, որ մենք մեր ճակատագրում ստիպուած ենք, պարտաւոր ենք ելք գտնել, «կրակէ շապիկ հագնել»: Վարդգէսը «կրակէ շապիկ» էր հագել, եւ հիմա յստակ տեսնում ենք, որ նրա խօսքերը ապագայի կանխագուշակումներ են եղել:
Ո՞ւմ մտքով կ՛անցնէր, որ կը գայ ժամանակ, երբ Հայաստանի նախագահը կը գնայ Ստամբուլ, այնտեղ կը նստի ու վեր կը կենայ Թուրքիայի նախագահի հետ: «Կրակէ Շապիկ»ից առաջ «Կարսից Մինչեւ Տրոյայի Աւերակները» ակնարկի հեղինակը՝ Վարդգէս Պետրոսեանը, նոյնն էր ասում.
«Ճակատագրի պարտադրմամբ մենք պէտք է նստենք ու վեր կենանք մեր թշնամու հետ, բայց… առանց մոռանալու մեր պատմութիւնը…»։
Վանիկ Սանթրեան
«Երկիր Նաիրի»
***
Մինչեւ Վ. Պետրոսեանը՝ հրապարակագրութիւնը լրիւ ձեւաւորուած չէր: Ուժեղ, կուռ, սթափ հրապարակագրութիւնը օդի պէս անհրաժեշտ է մեր ժողովրդին, մեր հայ իրականութեանը: «Հայկական Էսքիզներ»ն այդ ժանրի լաւագոյն օրինակն է:
Ժամանակին, միութենական «Դրուժբա Նարոդով» ամսագիրը մէկ միլիոն տիրաժով տպագրեց Վ. Պետրոսեանի «Հայկական Էսքիզներ»ը, եւ բազում օտարներ հիացմունքով նշեցին Վարդգէսի գրչի եւ սրտի ոյժը. «Այդպէս պէտք է սիրել սեփական ժողովրդին, երկիրը եւ դա օրինակ պիտի լինի նաեւ մեզ համար»:
Վարդգէսը կեանքով լեցուն, բազմաթիւ շնորհներով օժտուած մարդ էր: Մի առիթով, իր արուեստանոցում, գեղանկարիչ Յակոբ Յակոբեանը կատակով ասաց. «Վարդգէս, եթէ լեզուդ այդքան երկար չլինէր, քեզանից լաւ նկարիչ կը ստացուեր»:
Նաեւ գեղեցիկ, թաւ ձայն ունէր ու երգում էր: Ընկերական հաւաքոյթներում, որտեղ սեղանի թամադան անպայման ինքն էր, նաեւ ռեստորանում, եթէ երգիչը շատ էր ոգեւորւում եւ կլկլացնում էր, բեմ էր բարձրանում, խլում էր միկրոֆոնն ու բացատրում, որ այդ երգը ահա այսպէս պիտի երգել: Եւ երգում էր…
Քանի որ Վ. Պետրոսեանի արխիւից, ողբերգական դէպքերից յետոյ, թէ՛ աշխատավայրից ու բնակարանից, թէ՛ Աշտարակի առանձնատնից քննութեան նպատակով վերցուել են բոլոր ձայներիզները, տեսագրութիւնները, նկարներ, փաստաթղթեր, նամակներ, ցաւօք, չենք կարող լսել ոչ միայն Վ. Պետրոսեանին, նաեւ՝ ժամանակի շատ երեւելիների, գրողների, դերասանների, քաղաքական գործիչների: Այդ հանդիպումների, զրոյցների, ազատ քննարկումների մեծ մասը, ի հարկէ, դուրս էին անձնական-ընտանեկան արխիւ լինելու շրջանակներից: Դրանք ժամանակի թէ՛ հայ, թէ՛ այսօր համաշխարհային մշակոյթի մեծանուն գործիչների անկրկնելի, անչափ հետաքրքիր պատմա-քաղաքական կարեւոր իրողութիւններ էին, նաեւ՝ ապագայի մասին կանխատեսումներ, տագնապներ, երազանքներ…
Տարիները գլորւում են, իսկ գրողի արխիւը շարունակում է մնալ մթութեան մէջ, ինչպէս նաեւ՝ չբացուած գործը:
Վ. Պետրոսեանի ընտանիքն այժմ ապրում է Միացեալ Նահանգներում: Թէպէտ շարունակում է ծառայել հայ մշակոյթին, սակայն՝ Սփիւռքում:
***
«Մի անգամ, յիշում եմ, տղայիս նկատողութիւն արի, ասելով, թէ հիմա ինքը չէ՞ որ մեծ է, այլեւս չարութիւն չպիտի անի, այ ուրիշ էր, ասենք, անցեալ տարի, երբ նա դեռ փոքր էր, չորս տարեկան: «Իսկ որտե՞ղ է իմ անցեալ տարին», հարցրեց որդիս:
Իմ որդու համար անցեալը գետակ է, քաղաք կամ մանկապարտէզ եւ կարելի ու հնարաւոր է վերադառնալ այնտեղ, եթէ ուզենաս:
Այս գիրքը՝ ապրած-չապրած ժամանակներին վերադառնալու, մօտենալու-հեռանալու ճիգերից գոյացած խճանկար է, անընդհատ մի ճանապարհ՝ վերելքներով ու անկումներով: Մեղուներն անցեալի ծաղիկներից ի՞նչ են բերում, չգիտեմ: Հասկանո՞ւմ են, արդեօք, մեղուները, որ իրենք մեղր են յօրինում, ծաղիկները նաեւ թոյն ունեն, նաեւ դառնութիւն: Եւ փեթակն է, որ զտում-առանձնացնում է նեկտարը թոյնից ու դառնութիւնից (ինչպէ՞ս, ոչ ոք չգիտի), տարիների հետ՝ գրողի ներաշխարհ-փեթակն էլ մաքրւում է չարութեան սերմերից (ինչպէս՝ գրողն ինքն էլ չգիտի), որովհետեւ մեղուն մեղր է պարտք մարդկանց, գրողը՝ բարութիւն:
Եթէ ոչ, աւելի լաւ է փեթակներում քնեն մեղուները, եւ գրողի ներաշխարհը փակ մնայ: Փակ» (հատուած Վ. Պետրոսեանի «Հայկական Էսքիզներ» գրքից):
***
Հայաստանի Գրողների միութիւնը մեծ ոյժ էր, եւ յատկապէս ազգային զարթօնքի, 1988ի տարիներին կարող էր հսկայական դեր ունենալ: Այդ մասին շատ լաւ գիտէին ե՛ւ բարեկամները, ե՛ւ յատկապէս թշնամիները, որոնք միշտ աչալուրջ են:
Վարդգէսը, ինչպէս միշտ՝ առաջին գծում էր, սակայն նրա ելոյթների ժամանակ Հայաստանի խորհրդարանում յաճախ անջատում էին խօսափողը… պարզապէս անջատում էին: Դա նոյն այդ «մարտնչող տգիտութիւնն» էր եւ ազգային դիմակ հագած բախտախնդիրները: Լռեցնում էին այն Վ. Պետրոսեանին, որ 1988ի Յուլիսին, այն էլ սումգայիթեան եղեռնագործութեան արիւնոտ ֆոնի վրայ, ղարաբաղեան հիմնահարցին նուիրուած ԽՍՀՄ Գերագոյն խորհրդի նախագահութեան ընդլայնուած նիստում բանավիճում էր մեծ իմպերիայի առաջնորդի՝ Միխայիլ Գորբաչովի հետ:
Վ. Պետրոսեանը յետագայում իր այդ ելոյթը իբրեւ յօդուած վերնագրել է այսպէս՝ «Թէ ինչպէս էր Միխայիլ Գորբաչովը ցեղասպանութիւն բառը սովորեցնում… հայ գրողին»:
Վ. Պետրոսեանի ելոյթից.- Լեռնային Ղարաբաղում, բնականաբար նաեւ Հայաստանում, իրադարձութիւնները կարող էին զարգանալ աւելի հանգիստ, առանց դրամատիզմի եւ ծայրայեղութիւնների, եթէ չլինէր հայ խաղաղ քաղաքացիների ջարդը Սումգայիթում:
Իմ կարծիքով, պակասում է մի բնութագրութիւն, որ Սումգայիթում ցեղասպանութեան փորձ է կատարուել: Այո, ցեղասպանութեան, որովհետեւ անկախ զոհերի, բռնաբարուածների, խեղանդամ դարձուածների թուից, անկախ բարբարոսութեան ձեւերից, դա ցեղասպանութիւն է արդէն նրանով, որ մարդկանց սպաննել են նրանց ցեղային պատկանելութեան համար, սպաննել են, որովհետեւ այդ մարդիկ հայ են եղել:
Մ. Ս. ԳՈՐԲԱՉՈՎ.- Ի՞նչ ցեղասպանութեան մասին էք դուք խօսում: Դուք չէ՞ որ գրող էք, տիրապետում էք խօսքին, պիտի որ իմանաք, թէ ինչ է բառը, ամէն բառի կշիռը:
Վ. Հ. ՊԵՏՐՈՍԵԱՆ.- Միխայիլ Սերգէյեւիչ, ինձ մինչեւ հիմա միամտօրէն թւում էր, թէ «ցեղասպանութիւնը» այն բառերից է, որի կշիռը ես լաւ գիտեմ: Այդ բառի կշիռը գիտի ամէն հայ, եւ «ցեղասպանութիւնը» հայերը բառարաններից չեն սովորել: Դա մեր պատմութիւնն է: Ես եւս «ցեղասպանութեան» զաւակ եմ, այնպէս որ, ինչ-ինչ՝ այդ բառը երեւի պէտք չէր ինձ սովորեցնել: Երբ մարդկանց սպաննում են որոշակի ազգային պատկանելութեան համար, դա ցեղասպանութիւն է, Միխայիլ Սերգէյեւիչ:
Մ.Ս. ԳՈՐԲԱՉՈՎ.- Ոչ, ցեղասպանութիւնը քաղաքականութիւն է: Ես ձեզ պիտի խնդրեմ շատ զգոյշ լինել, երբ խօսում էք ցեղասպանութեան մասին:
Վ. Հ. ՊԵՏՐՈՍԵԱՆ.- Ես ասացի Սումգայիթում ցեղասպանութեան փորձ է կատարուել:
Մ. Ս. ԳՈՐԲԱՉՈՎ.- Դուք այնպիսի մեղադրանքներ էք շպրտում, որոնց համար ափսոսալու էք ձեր ողջ կեանքում:
Այս օրերին, 2015ին, երբ ազգովի, Հայաստանում եւ Սփիւռքում, նշում ենք Ցեղասպանութեան 100ամեայ սեւ տարելիցը, իւրաքանչիւրս պէտք է մեզ հարց տանք. արդեօք մենք կարո՞ղ ենք այսօր Արեւմտեան Հայաստանին տէր կանգնել, պատրա՞ստ ենք, ինչպէս պատրաստ չէինք մեր այնքան երազած անկախութեամը: Սթափուենք, սթափ դատենք, յիշենք անցեալը, մեր գտածն ու կորցրածը, հիասթափութիւնները: Միթէ այսօր մենք սեփական ձեռքերով չե՞նք շարունակում մեր ժողովրդի տեղահանութիւնը՝ այժմ էլ՝ մեր նորանկախ երկրից:
Մի իմաստուն ասել է. «Օրէնքն առանց ազատութեան մահ է, բայց ազատութիւնն առանց օրէնքի՝ կրկնակի մահ է»: «Յանկարծ չձգտենք ապրել այդ ժամանակը՝ ազատութիւն՝ առանց օրէնքի», գրում էր Վարդգէս Պետրոսեանը:
Ցաւօք, այստեղ էլ ճիշդ դուրս եկաւ մեծ մտաւորականը, գրողը, քաղաքական գործիչը: Մենք այսօր ապրում ենք այդ ժամանակները՝ «Ազատութիւն՝ առանց օրէնքի»:
Թէպէտ մեր նորանկախ հանրապետութեան խորհրդարանը օրնիբուն աշխատում է եւ օրէնքներ է արտադրում… որոնք հիմնականում մի նպատակի են ծառայում. պահպանել իշխանութիւնը: Իսկ ժողովո՞ւրդը… որքանո՞վ են դրանք ծառայում ժողովրդին:
Մենք կարիք ունենք ինքնամաքրման: Պէտք է ոյժ գտնենք խոստովանելու մեր անցեալի սխալները, խօսելու այդ մասին բարձրաձայն եւ բուժելու մեր վէրքերը, որոնք չեն սպիանում, որոնք մենք ստացանք հէնց անկախ Հայաստանի տարիներին:
Ոյժ գտնենք բուժելու այդ արնածոր վէրքերը, մեր ունեցած երկրի վէրքերը, որ իրաւունք ստանանք պահանջելու մեր կորցրածը եւ կարողանանք պահել: Մենք դաժան, անդառնալի կորուստներ ենք ունեցել մեր անկախութեան ճանապարհին, ոչ միայն պատերազմի դաշտում, այլ նաեւ՝ թիկունքում, թիկունքից ստացած վէրքերը աններելի են… Քաջութիւն ունենանք մեզ նայելու, մեզանից սկսելու եւ այդ ժամանակ հաստատ կը կարողանանք վերադարձնել մեր բոլոր կորուստները… փոքր ու մեծ:
Ինքներս մեր ներսը նայենք, առողջանանք, մաքրուենք, որպէսզի վստահ կարողանանք առաջ գնալ:
Այնտեղ, որտեղ մենք անվերապահ արդարացի ենք, կարող ենք յաղթել: Վկայ՝ Արցախի օրինակը:
Այդ դէպքում, հաստատ հնարաւոր է վերադարձը: Ականջալուր լինենք մտաւորականին, լսենք, գուրգուրենք ու պահպանենք նրան: Այլապէս անընդհատ մոլորուելու ենք անտէր, ոչ անկախ, անտէր հոտի նման… օրը ցերեկով զոհաբերելով մեր մտաւորականին, մեր բարոյականութիւնը, մեզ…
«Եւս մի երկու այդպիսի խուլ թխկոց, եւ մեր ժամանակի կափարիչը կը մեխուի անժամանակ, եւ մեր մէջ այլեւս սթափ մտքի տէր մարդ չենք ունենայ», գրեց Հրանդ Մաթեւոսեանը:
Նոյնիսկ երջանկութիւնը պէտք չէ մարդուն ամէն րոպէ, իր ժամանակին է պէտք: Մարդուն պէտք է սիրել կենդանի ժամանակ: Նրանք բոլորը իրենց սիրով եւ ատելութեամբ մնացին անցեալում:
Իսկական գրողի ժամանակի հաշուարկը սկսւում է յետմահու, ուրեմն եւ՝ Վարդգէս Պետրոսեանի ժամանակը:
Լոս Անջելես