Անցաւ անկախութեան Կիրակին, վաղը Երկուշաբթի է` պէտք է աշխատել»։
Վարդգէս Պետրոսեան
ՍՈՆԱ ՏԻԳՐԱՆԵԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆ
Այո՛, կայ անկախ պետութիւնը:
Կայ Հայաստանի Հանրապետութիւնը` անկախ ու ինքնիշխան:
Կայ պետական երկունքի ցաւագին գալարումներով, դժուարութիւնների իր բեռով, ժողովրդի դժուար կեանքով, աշխարհի հզօրների դիւանագիտական խաղերի ու շահերի երերուն բախումներով:
Կայ լեռան կարօտը` ոգով, զէնքով ու տոկոնութեամբ` պետութիւնը վերածնելու հաւատով:
Կայ մարտնչող Արցախը` որդի – որպէս դէպի մայրը ձգտող իր անդաւ սիրով ու աննուաճ ոգով:
Եւ կայ Սփիւռքը` կենսունակ, զօրացնող, Հայաստանի ու Արցախի պայքարին ապաւէն:
Ուրեմն, ինչպէս բանաստեղծն է ասել. «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք»:
Մենք ապրող ժողովուրդ ենք եւ թող անցած տառապանքների ու կորուստների յիշողութեան ցաւը ոչ թէ թուլացնի, այլ զօրացնի մեր հաւաքական ոգին, միտքը, նաեւ բռունցքը:
Այո՛, Հայոց Անկախ Պետականութիւն:
Տեսիլք:
Երազանք:
Տեսիլքներ եւ երազանքներ…
Ոչ՛, անկախ պետութիւնը այսօր տեսիլք չէ, եւ երազանք չէ, այլ իրաւաբանօրէն աշխարհի երկրների կողմից ճանաչուած փաստ:
Ուրեմն` մեզ մնում է սեւագործ աշխատանքը:
Լեհերը սիրում են դառը կատակել. «Ամէն լեհ պատրաստ է կեանքը զոհել հայրենիքի համար, բայց աշխատել՝ երբեք»: Այնպէս անենք, որ մեր ազգային բնաւորութեան մէջ նոյն սաղմը չաճի: Մենք պէտք է մեր պետութեան սեւագործ աշխատողները դառնանք, ազգովին, միասին:
Մենք պիտի պետութիւն սովորենք:
Հոգեբանօրէն պատրա՞ստ ենք սեփական պետութեան օրէնքներին, մեր կամքի սահմանափակումներին:
Ոմանք ասում են, որ պետութիւնը մօր գուրգուրող ձեռքը պիտի լինի եւ պէ՛տք է, որ լինի: Բայց պետութիւնը, անհրաժեշտութեան պահին, հօր սաստող ձեռք պէտք է լինի:
Ուրեմն` սիրել եւ վախենալ կամ վախենալ, բայց սիրել:
Մի իմաստուն ասել է. «Օրէնքն առանց ազատութեան` մահ է, բայց ազատութիւնն առանց օրէնքի` կրկնակի մահ է»: Յանկարծ չձգտենք ապրել այդ ժամանակը` ազատութիւն` առանց օրէնքի:
Այո՛, հայոց անկախ պետականութիւնն այսօր տեսիլք ու երազանք չէ, այլ պատմական իրողութիւն: Ուրեմն գուրգուրենք մեր պետութիւնը, դառնանք նրա հաւատարիմ զինուորները եւ որդիները։
Այսպէս էր մտածում մեծ հայրենասէրը․ «…անցաւ անկախութեան Կիրակին, վաղը Երկուշաբթի է, պէտք է աշխատել»: Ցաւօք, ոչ միայն չաշխատեցինք, այլ ընդհակառակն` քանդեցինք, ծուէն-ծուէն արեցինք մեր սրբազան երկիրը: Թշնամու նման, թշնամուց էլ վատ: Եւ ի՞նչ… հիմա վայելում ենք: Մենք՝ մի բուռ, բզկտուած, անմիաբան: Մի ամբողջ սերունդ նահատակուեց: Հրապարակներում դաւադիրներ, գողեր ու մարդասպաններ: Կառավարութեան մէջ, երկրի գլխին, դաւաճաններ: Բոլոր բառերն իրենց տեղում են, ցաւօք:
* * *
1986 թուական: Երեւան, Դեկտեմբերի 25, տպագրութեան ստորագրուեց Վարդգէս Պետրոսեանի «Կրակէ Շապիկ» վէպը: «Սովետական Գրող» հրատարակչատուն, համար մէկ տպարան։
Գիրքը շուտով լոյս տեսաւ եւ… սկսուեց հիացմունքի, նախանձի եւ հալածանքների մի ամբողջ շղթայ: Գրքի մի քանի օրինակ որոշ «վայ» հայրենասէրների ձեռքով կրակի տրուեց Հայաստանի Գրողների միութեան շէնքի առջեւ, որի նախագահն էր Վարդգէս Պետրոսեանը:
Վարդգէս Պետրոսեան. հեղինակ բազում տաղանդաւոր, ինքնատիպ, փնտռուած ու գնահատուած գրքերի, նաեւ հրապարակախօսական չգերազանցուած յօդուածների:
Կազմակերպչական եւ ստեղծագործական նուաճումների հասած գրական, հասարարական, քաղաքական գործիչ, ով յայտնի էր ոչ միայն հայրենիքում: Գրողը, իսկական գրող, ում ստեղծագործութիւնները միշտ արդիական են եղել, փորձել էր իր ժողովրդի սահմռկեցուցիչ ողբերգութեան` 1915 թուականի Ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման նոր ուղիներ գտնել եւ ոճրագործների նոր սերնդի հետ շփման եզրեր փնտռել:
«Երկիրը երկու հարեւանով տուն չի, որ վատ հարեւանի պատճառով ծախես, գնաս մի ուրիշ փողոց կամ քաղաք, նոր տուն առնես… Կպած ապրում ենք ու պիտի ապրենք մինչեւ Ահեղ Դատաստան…», գրել է Վարդգէս Պերտոսեան «Կրակէ Շապիկ»ի մէջ:
Շատերը դա չլսուած խիզախութիւն համարեցին, շատերը Վարդգէս Պետրոսեանի ստեղծագործական գործունէութեան տրամաբանական շարունակութիւնը: Ոմանք շփոթութեան մէջ էին. վէպի հերոսները` երկու երիտասարդ, մէկը ազգութեամբ հայ, միւսը` թուրք, զրուցում են. «- Ուրեմն, ի՞նչ մենք մարդասպանների ա՞զգ ենք», տագնապով հարց է տալիս Էնիս Բէյը: «Ո՞վ ասաց, իսկ Մուստաֆա Նեդի՞մը: Նրա գրքում հիանալի թուրքեր են, անգամ նահանգապետ, վալի. ովքեր հրաժարուել են հրամաններ կատարել»:
Վարդգէս Պետրոսեանը մեծ դիւանագէտ էր: Նա ցոյց էր տալիս, որ թշնամու տունը նախ ներսից պիտի քանդես, այնտեղ բարեկամներ գտնելով: Ուրախալին ու մի քիչ էլ զարմանալին այն էր, որ նոյնիսկ միջին ընթերցողը ճիշդ հասկացաւ Վարդգէս Պետրոսեանին: Նախ եւ առաջ` ակնածանք ու հաւատ ունեցողները գրողի նկատմամբ: Վկայ այն բազում նամակները, որոնք այժմ արխիւում են: Հայ գրականութեան պատմութեան մէջ Հայոց Ցեղասպանութեանը նուիրուած «Կրակէ Շապիկ» վէպը, թէ՛ այն ժամանակ, թէ այժմ կարելի է ասել եզակի գործերից է, այն էլ այդպիսի թարմ, անսովոր, յանդուգն մտածողութեամբ: Այն դէպքում, երբ ժամանակին որոշ հայ գրողներ գտնում էին, որ Եղեռնի մասին չի կարելի է գրել, այդ թեմային ընդհանրապէս չպէտք է անդրադառնալ: Որոշ բանաստեղծներ լացակումած ոտանաւորներն էին գրում` «մեզ ջարդել են, մեզ մորթել են»: Խեղճ, ստրկամիտ մտածողութիւն, էժան հեղինակութիւն կորզելու մարմաջ: Ոմանք պատեհ անպատեհ ատելութեան լցուած սրտառուչ ճառեր էին արտասանում: Կար նաեւ այսպէս կոչուած «ցաւի գրականութիւն», «կարօտի գրականութիւն», «ազնիւ գրականութիւն». Քոչար, Մահարի, աւելի երիտասարդներից` Մուշեղ Գալշոյեան եւ ի հարկէ Շիրազի պէս հսկան:
Երիտասարդութիւնը այլ կերպ էր նայում պատմութեանը. կարելի է արդեօ՞ք այդքան սիրել վիշտը․ միմեանց սիրէք …
Եւ յանկարծ Վարդգէս Պետրոսեանը գտնում է բանալին. «Ատելութիւնը ճանապարհ է դէպի ոչ մի տեղ: Բայց ատելութեան միւս երեսը սէր չէ անպայման»:
Գրչակից ընկերները, մեր մեծերը` Սերօ Խանզադեան, Վահագն Դաւթեան, աւելի երիտասարդներից` Պերճ Զէյթունցեան այսպէս արձագանգեցին.
– Վարդգէս ջան, չեն հասկանայ:
– Մի քիչ չե՞ս շտապել:
– Վտանգում ես հեղինակութիւնդ, բայց ճիշդ ես:
– Ճիշդ ժամանակին է, թէպէտ ես չէի համարձակուի, դժուարին կացութեան մէջ ես դնում քեզ:
«Ազգադաւ», յայտնուեց պատուէրով ելոյթ ունեցող մէկը, որ իբր թէ գրող էր: Անունն էլ չեմ ուզում տալ: Թէ որեւէ մէկը չգիտի` աւելի լաւ: Չէի ցանկանայ, որ ժողովուրդն իմանայ, որ այդպիսի վայ գրողներ էլ են լինում: Թէպէտ մեր պատմութեան մէջ կան թուղթ մրոտողների ուրիշ օրինակներ, որոնք մատնել, բանսարկել, կործանել են իսկական հաճարներին` Չարենցին, Բակունցին, Սեւակին…:
Բայց թէպէտ ճիշդ ընկալուեցին Վարդգէս Պետրոսեանի գաղափարները, որ սառը ցնցուղի նման զգաստացրեց, մտաւորականութիւնը հիմնականում լուռ մնաց: Դրա փոխարէն ազգադաւ-հացկատակները աննկարագրելի ատելութեամբ փրփուրները բերաններին ջարդ ու փշուր արեցին ազնիւ խոյանքը, գրողի գաղափարները աղաւաղելով: Շատերը չհասցրին գիրքը կարդալ եւ առաջնորդւում էին կրակի պէս թափուող լուտանքերով: Ինչպէ՞ս էր համարձակուել Վարդգէսը այսքան խելօք ու խիզախ լինել: Ինչպէ՞ս էր համարձակուել: Ունեցած փառքն արդէն դժուարամարս էր շատերի համար: Սա արդէն չափազանց էր: Այն էլ այդ բախտորոշ ժամանակներում այդպիսի հեղինակութիւնը շատ վտանգաւոր էր … Հարկաւոր էր դէմն առնել, որպէսզի յետոյ հնարաւոր լինէր ժողովրդին շեղել ճիշդ ճանապարհից: Ժամանակները յղի էին անկանխատեսելի հետեւանքներով: Մեծ կայսրութեան փլուզում, ազգային զարթօնք, Սումգայիթ, երկրաշարժ… շատ ժամանակ չի անցել, երէկուայ դէպքերն են:
Յուլիս 1988 թիւ, ԽՍՀՄ Գերագոյն խորհրդի ընդլայնուած նիստ` նուիրուած ղարաբաղեան հիմնախնդրին` սումգայիթեան եղեռնագործութեան արիւնալի դէպքերի վրայ:
Վարդգէս Պետրոսեան՝ Գորբաչովին․ «Միխայէլ Սերգեւիչ, ինձ մինչեւ հիմա միամտօրէն թւում էր, թէ «ցեղասպանութիւն»ը այն բառերից է, որի կշիռը ես լաւ գիտեմ: Այս բառի կշիռը գիտի ամէն հայ: Եւ Ցեղասպանութիւնը հայերը բառարանից չեն սովորել: Դա մեր պատմութիւնն է: Ես եւս Ցեղասպանութեան զաւակ եմ, այնպէս որ, ինչ-ինչ, այդ բառը պէտք չէ ինձ սովորեցնել: Երբ մարդկանց սպանում են որոշակի ազգային պատկանելութեան համար, դա ցեղասպանութիւն է, Միխայէլ Սերգեւիչ»:
Առարկել Գորբաչովին` խորհրդային բիրտ մեքենային դէմ-յանդիմա՞ն: Այսօր հեշտ է եզրակացութիւններ անել, իսկ երե՞կ: Երէկ անյայտ էր, թէ ինչ կարող է լինել, բայց Վարդգէս Պետրոսեանն անկոտրում էր: Նա այնքան միամիտ չէր, որ չհասկանար հետեւանքները, սակայն յուսով էր, որ թիկունքը դատարկ չի մնայ, որովհետեւ կային իր նման մտածողներ` հայ ժողովրդի իսկական զաւակներ՝ Վիկտոր Համբարձումեան, Սերգէյ Համբարձումեան եւ շատ ուրիշ պայծառ դէմքեր, քաղաքական գործիչներ, մտաւորականներ: Կարողացան շեղել ազնիւ շարժումը: Դրա համար էլ սկսել էին… Աւելորդ անգամ յիշեցնեմ, որ հայ գրողը դատապարտուած է իր գրականութեան մէջ ոչ միայն գեղագէտ լինել, այլ նաեւ քաղաքական գործիչ: Երանի ապրենք այն ժամանակները, երբ հայ գրողը հնարաւորութիւն կ՛ունենայ իր ստեղծած գրականութեան մէջ լոկ գեղագէտ լինել` համաշխարհային, համամարդկային գրականութեան ներկայացուցիչ:
Ահաւասիկ` գրականագէտ Սերգէյ Սարինեանի գրախօսութիւնից մի հատուած. «Եղեռնի սարսափների մասին այս վկայութիւնները բացառիկ արժէք են ներկայացնում ոչ միայն այն իրողութեամբ, որ արւում են պետութեան ներքին գաղտնիքներին տեղեակ թուրք պաշտօնեայի խոստովանութեամբ, այլեւ որ դրանց հեղինակը, սուլթան Համիդի երբեմնի քարտուղար Մուստաֆա Նեդիմը, դատապարտելով պետական վերնախաւի դաւադիր քաղաքականութիւնը` համակրանք է տածում հայ ժողովրդի նկատմամբ եւ նոյնիսկ վտանգելով իր կեանքը, փրկում է մահուան դատապարտուած բազմաթիւ հայ գերեալների: Ուրեմն իմանանք, որ այս տեսակն էլ եղել նրանց մէջ»: («Գրական Թերթ» «Կրակէ Շապիկ», 09-01-1987)։
Այսպէս, ժամանակին Վ. Պետրոսեանը ճիշդ ուղիներ էր մատնանշում իր ժողովրդի համար, կոչ էր անում թօթափել «տրեխաւոր», «գոմահոտ» հայրենասիրութիւնը, որ մեզ յետ էր տանում: Իսկ մենք քաղաքակիրթ ապագայ ունեցող ժողովուրդ ենք:
… Լռեցրին մտաւորականի ձայնը:
… Լռեցրին ճշմարտութեան ձայնը:
Իսկ յետոյ եղաւ այն, ինչ դուք հիմա աւելի լաւ գիտէք:
Հիմա՛, բայց այն ժամանակ չլսեցինք, ականջալուր չեղանք: Տէր չկանգնեցինք Վարդգէս Պետրոսեանին ու նրա գաղափարներին, նաեւ նրա նմաններին, որոնց կորցրինք անդառնալիօրէն: Սակայն գրողի կորուստը, ինչպէս հողի կորուստը անդառնալի չէ: Անդառնալի չէ, որովհետեւ հողը սպասում է իր տիրոջը, հաւատացէ՛ք, սպասում է: Իսկ գրողը անմահ է իր ստեղծածով, ինչպէս մեծ բանաստեղծը կ՛ասէր` իր գործով. «Ոեւէ հայ եւ թուրք չեն կարող միայն երկուսով լինել: Նրանց արանքում միշտ պիտի գայ, նստի երրորդը` պատմութիւնը»:
Ոչ մէկն ականջալուր չեղաւ: Ծայրայեղ անտարբերութիւն կամ պոռոտախօսութիւն: Ինչպէս Մուշեղ Գալշոյեանն է գրում իր պատմուածքներից մէկում. «…Գիւղի շները զայրացած գռմռացին, բներին կպած հաչեցին ու սուտմեռուկ տուին»:
Պետական այրերը ծայրայեղ քայլեր արեցին, մոռանալով երրորդը՝ պատմութիւնը: Յիշենք տխրահռչակ ֆուտբոլային դիւանագիտութիւնը: Ի՞նչ ենք անում մենք: Այսօրուայ պատկերը՝ անտրամաբանական, անմարդկային, երբեւէ չարդարացուող, կամովին ինքնասպանութեան գնացող խառնամբոխ:
Սիրելի Վարդգէս: Չեմ ցանկանում աւելի ու աւելի դառնացնել քեզ: Դու, ի հարկէ ենթադրում էիր, զգում էիր վտանգները, սակայն հաստատ ոչ այսքան դաժան ու մերկապարանոց ու «ցինիզմ»ի հասնող ինքնագոհ անտարբերութեամբ:
2019ին, երկու տասնամեակ անց, վերջապէս այցելեցի Հայաստան, Աշտարակ: Վարդգէս Պետրոսեան փողոցով` որտեղ եւ յուշարձանդ է, բարձրացայ տուն: Յետոյ այցելեցի գերեզմանիդ: Շոգ էր, Օգոստոսի 9ին : Շատ շոգ էր Աշտարակում: Դստերդ`Լիլիթի, նրա ամուսնու` Արմէնի, զաւակների, թոռներիդ`Դանիէլայի եւ Տիգրանի (որոնց չես տեսել) հետ սրտառուչ հաւաքոյթ ունեցանք մեր տանը: Աշտարակի ղեկավարութեան ներկայացուցիչները եւս մասնակից էին: Մոսկուայից եղբօրդ դուստրը` Նունէն էլ, աղջկայ հետ: Տիգրանը, միւս եղբօրդ որդին, տիկնոջ հետ: Սեւակի ընկերները: Լիլիթի ընկերները, իմ լաւագոյն ընկերուհին` Ռուզաննա Բաղդասարեան եւ էլի շատերը… Մեր տունը կանգուն է: Նոր ծառեր ենք տնկել… Ինչպէս ապրեցիք, ինչպէս դիմացանք այսքան արհաւիրքների: Ահա մի հատուած «Սպուտնիկ Արմէնիա»ին տուած հարցազրոյցից: Ճիշդն ասած` գնացի, որովհետեւ Սեւակի ընկերը`Դիմա Պիսարենկոն, Միխայէլ Աւչիննիկովի թոռն է` «Ապուտնիկի» տնօրէնը: Բնական է, զրոյցը քո մասին էր: Նաեւ` այսպէս կոչուած «թաւշէ յեղափոխութեան»: Հէնց առաջին օրերից , թէպէտ շատ էի ցանկանում հաւատալ, բայց պարզ տրամաբանութիւնն ուրիշ բան էր յուշում: Հարցում ուղարկեցի ֆեյսբուքեան մօտ 4000 օգտատէրերի: Արձագանգները շատ չէին. շփոթմունք կար, խրախուսանք` յեղափոխութեան մասին իմ գրելու ցանկութեանը: Ուշագրաւը, սակայն Հայաստանից արձագանգներն էին: Ոստիկաններ, պաշտօնեայ, զինուորներ, որոնք ամբողջ գումարտակով լքել էին ծառայութեան վայրն ու միացել յեղափոխութեանը: Մէկ-երկու օր անց, երբ ժողովուրդը դեռ հրապարակում էր, զինուորներից մէկը դառնութեամբ գրեց. «…սուտ է, մեզ խաբել են»: Ի հարկէ օրինակներ չբերեցի, բայց ասացի, որ իսկական յեղափոխութիւն կ՛ուզենայի, ոչ այս թաւիշը ու հաղորդավարի եւ Դիմայի համար յատկապէս, անցանկալի իրավիճակ չստեղծելով` յիշեցի քո խօսքերը. «Դէ` ինչպէս Վարդգէսը կ՛ասէր` բոլորս քաղաքագէտ ենք, գուցէ իրենք մի բան գիտեն… կ՛ուզենայի սխալուած լինել»։
Այն ժամանակ դեռ շատ քչերն էին, որ չհաւատացին թաւշէ յեղափոխութեանը: Բայց շատ չանցած այսպէս կոչուած յեղափոխականները կամաց-կամաց ցոյց տուեցին իրենց իրական դէմքը: Այժմ այս իշխանութիւնը անթաքոյց ծառայում է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումներին: Թուրքերն իրենց ծրագրի տէրն են: Մենք` հլու հպատակ, մոռացած երրորդը` պատմութիւնը, խաղաղութեան դարաշրջան ենք բացում մեր ոխերիմ թշնամիների հետ:
Ասեմ, որ հիմնականում Հայաստան գնացի դասագրքերի կապակցութեամբ, քանի որ նախարարութեան համապատասխան յանձնաժողովը դրական կարծիք էր գրել: Մեր ծրագիրն ամբողջութեամբ կատարել եմ. հինգ գիրք դասական առումով եւ վեց ` էլեկտրոնային: Այն ժամանակ մենք երազում էինք, հիմա դա իրականութիւն է եւ մի բան էլ աւելին` «ինտերակտիւ»: Այնպէս, որ կարող ես հանգիստ լինել եւ բոլոր նրանք, ովքեր այդ ծրագրի հեղինակներն էին: Զաւեշտականն այն է, որ այժմ նախարարութիւնը ոչ մի կերպ չի ուզում յիշել այդ ընդունուած դասագրքերի մասին: Բանն այն է, որ որոշումը ուրախութեամբ ընդունուել է, քանի որ մարդիկ հաւատացել են բարեփոխումների խոստումներին: Ասեմ, որ յանձնաժողովում նաեւ դասագրքերի հեղինակներ են, որոնց գրքերը փոխարինում են մեր նոր ծրագրով: Այսինքն նրանք ուրախ են, որ վերջապէս ճիշդ գրքեր են ներկայացւում մեր դպրոցներին: Այն, ինչ գրել են իրենք, գիտեն, որ թերի է, բայց ներկայացրել են անցնող, ընդունելի տարբերակը: Իսկ այսօր իրականութիւնը փոխուել է: Բայց փոխուե՞լ է արդեօք: Ոչ միայն չի փոխուել, այլ աւելի վատթարացել է: Չես հաւատայ աչքերիդ` եթէ կարդաս այս նորելուկների «բարեփոխումները», «չափորոշիչները…»:
Գիտեմ, դառնացնում եմ քեզ, բայց այս է իրականութիւնը:
Ժամանակը թռչում է: «Կրակէ Շապիկը» այրեցին 1987 թուականին:
«Կրակէ Շապիկ» վէպը երէկ, այսօր եւ վաղը դիւանագիտութեան, ողջախոհութեան, սթափ հայրենասիրութեան դասագիրք է: Ճիշդ գնահատենք մեր մեծերին, ժամանակին գնահատենք: Այսօր իրականութիւն է այն` ինչի անհրաժեշտութիւնը զգում, հասկանում էր կրակէ շապիկ հագած մարդը` Վարդգէս Պետրոսեանը:
«Հայրենի՛ք, սերդ կրակէ շապիկ է, հագնում եմ վառւում եմ, հանում ` մեռնում եմ»: Այսօր շատերս ենք կրակէ շապիկ հագել, ազգովի: Պիտի կարողանա՞նք գտնել ելքը, պիտի կարողանա՞նք դուրս գալ այս կրակէ օղակից…
Յիշենք պատմութիւնը: Երբ մեր շատ տաղանդաւոր գրողներից մէկը որդուն, յանուն հաւատքի, մoր դէմ է հանում, երբ մէկ ուրիշ ոչ պակաս տաղանդաւոր բանաստեղծուհի գրում է` «քո կապոյտ աչքերի համար իմ Մասիսն էլ կտամ», երբ բոլոր ժամանակների ամենաքնքուշ պօէտը գրում է՝ «ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար», ես ընդվզում եմ, լաւ հասկանալով, որ դա գեղարուեստական հնարք է` ընդգծելու համար սիրոյ մեծութիւնը առ հաւատք, առ հայրենիք, առ սիրած էակ: Բայց միեւնոյնն է` ընդվզում եմ, քանզի մէկ բարձր բարոյական արժէք հաստատելու համար պարտադիր չէ, աւելին, սխալ է անցնել մէկ ուրիշ բարձր բարոյական արժէքի վրայով: Այս խնդիրը միշտ խռովել է միտքս ու հոգիս: Բայց, երբ տարիներ առաջ Վիլեամ Սարոյեանի հետ Երեւանում դիտում էինք Սերօ Խանզադեանի «Յուսոյ Աստղը» ֆիլմը` հասկացայ, որ սխալն իմ մէջ չէ… Սարոյեանը թափով ելաւ տեղից, երբ հայոց թագուհին խեղդում է իր զաւակին` թշնամու ձեռքը չտալու համար: «Ասիգա սխալ է, տար ինձի, չեմ ուզէր այլեւս հոս մնալ…»: Հանճարեղ մարդ էր, հանճարեղ գրող լինելը գիտէք:
Հաստատ կայ ճանապարհ, առանց այս դիւային երկընտրանքի: Ես գտել եմ մեր բոլոր ողբերգութիւնների պատճառն ու բանալին: Յստակեցնենք մեր բարոյական իսկական արժէքները եւ սրբութեամբ հետեւենք: Առողջանանք այս կեղծ բարոյականութեան ու ճշմարտութեան հիւանդութիւնից. այս անբարոյական երկընտրանքից: Վեր կանգնենք, ամէն բան իր տեղում տեսնենք ու պաշտպանենք: Պաշտպանենք հրով ու սրով ու առողջ մտքով: Մնացածը` խաբէութիւն է… մնացածը ճանապարհ է դէպի ոչ մի տեղ: Այսօր մենք հոգեբուժման ժամանակը չունենք, ցաւօք: Մեզ վիրաբոյժ է հարկաւոր: Մաքրուենք, որ առողջանանք: Դու ասում էիր` բարութիւնը անպաշտպան է: Չպէտք է անպաշտպան լինի:
Բարութիւնը սէր է, հաւատք է, Երկիր է, որ պիտի պահենք աչքի լոյսի պէս: Այսօր, ես ովկիանոսից այն կողմ, օտար երկրում ծուարել եմ ամենաբարձր սարի գլխին, որ յիշեցնում է Քասախ գետի ափամերձ ժայռերի գլխին կանգնած Աշտարակի մեր տունը: Եթէ որեւէ անցանկալի անձ համարձակուի խանգարել իմ անդորրը, ես իրաւունք ունեմ ամենախիստ ձեւով պատժել այդ ինքնակոչին եւ օրէնքն իմ կողմն է: Ինչու՞ պիտի ես, ի՛մ հայրենիքում, ի՛մ տունը նորից ինքս ինձնից գնեմ… աճուրդով: Զաւեշտ է: Յետոյ տարիներ շարունակ հեռուից հեռու հազար կտոր լինեմ իմ օջախը պահպանելու համար: Հաւատա, շատ դժուար է, սակայն ես պահում-պաշտպանում եմ իմ «բերդաթաղը», չիմացողների համար ասեմ, որ այդպէս են անուանում աշտարակցիները ժայռերի գլխին տարածուած այդ թաղամասը: Ինչպէ՞ս է, որ ես կարողանում եմ պահել իմ մի ոտնատեղ հողը, իսկ մենք` միասին չենք կարող պահել մեր մի բուռ Երկիրը: Ուրեմն` Բարութիւնը պիտի պաշտպանել այնպէս, որ թշնամին չհամարձակուի մտածել անգամ սահմանն անցնելու մասին:
Քո երազանքների ժամանակը գալու է:
Գալու է:
Ծնունդդ շնորհաւոր, Վարդգէս:
Յուլիս, 2022
Լոս Անջելես