https://www.azatutyun.am/-Աստղիկ Բեդեւյան
Ապրիլի 5-ի Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն բրյուսելյան հանդիպումը Բաքվի, Մոսկվայի ու Երևանի միջև դիվանագիտական նոր լարվածության պատճառ է դարձել։
Պատասխանելով Բաքվից հնչած մեղադրանքներին Երևանը պնդեց՝ այդ հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ չէ։
Մոսկվային այս հավաստիացումները չեն համոզել։ ԱԳՆ խոսնակը սա Ռուսաստանի դեմ քայլ է համարում։
«Թե ինչո՞ւ է պաշտոնական Երևանը ձևացնում, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, մեծ հարց է։ Ի վերջո, ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածում են հայ ժողովրդի հիմնարար շահերին հակասող հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի», – նշել է Մարիա Զախարովան։
Երևանից այս մի հայտարարությանը դեռ չեն արձագանքել, փոխարենը ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը երեկ՝ ուշ երեկոյան հակադարձեց ադրբեջանցի գործընկերոջը, թե Բաքուն է ձգձգում և խաթարում խաղաղության գործընթացը, մերժում արևմտյան հարթակներում ղեկավարների ու արտգործնախարարների հանդիպման ԵՄ և ԱՄՆ-ն առաջարկները։
Բաքուն «կողմնակալ, երկակի ստանդարտների վրա հիմնված» էր որակել ապրիլհինգյան հանդիպումը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պնդել էր, Երևանի ցանկացած ապակայունացնող գործողության համար պատասխանատվությունը նաև ԵՄ-ն ու ԱՄՆ-ը կկիսեն։
Հայաստանի ԱԳՆ-ից պատասխանել են. – «Տեղին է թերևս նաև հիշատակել Ադրբեջանի կողմից շարունակվող գործողությունները, տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու, ներառականության սկզբունքն ամեն կերպ խաթարելու ջանքերը, ինչի վառ օրինակ է Սևծովյան ստորջրյա էլեկտրական մալուխ ծրագրին Հայաստանի մասնակցության խոչընդոտումը»:
Եվրահանձնաժողով Հայաստանին խոստացել էր աջակցել Սևծովյան էներգետիկ մալուխին միանալու հարցում, սակայն կես տարի անց Երևանը փաստորեն հայտարարում է, որ ծրագրին մաս դառնալուն խանգարում է Ադրբեջանը։
Ժամեր առաջ որոշ փակագծեր Վաշինգտոնը բացեց՝ Պետդեպարտամենտի խոսնակը հայտարարեց՝ բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայության վրա, քանի որ այն աշխատում է առևտրային կապերը դիվեսիֆիկացնելու և հումանիտար կարիքները լուծելու ուղղությամբ:
Երևանն, ըստ ԱԳՆ խոսնակի, ակնկալում է բովանդակային քննարկում ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, էներգետիկ ու հումանիտար ոլորտներում ՀՀ կարողությունների զարգացման շուրջ։
ԱԺ-ի նախագահը երեկ չէր բացառել, որ Բրյուսելի հանդիպմանը հայտարարվի նաև «Եվրոպական խաղաղության մեխանիզմով» տրվող օգնության մասին։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը բրյուսելյան հանդիպումը ոչ թերագնահատելու, ոչ էլ գերագնահատելու կողմնակից է. – «Սա առաջին հերթին ինչ-որ քաղաքական, դիվանագիտական աջակցություն է Հայաստանին Ադրբեջանի հետ այս լարված հարաբերությունների ֆոնին: Մենք տեսանք, որ Ադրբեջանը հաջողությամբ դուրս մղեց Արևմուտքին բանակցային գործընթացից, ու, կարելի է ասել, սա Վաշինգտոնի ու Բրյուսելի պատասխանն է հենց Ադրբեջանին»: