https://www.azatutyun.am-Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման, հայտարարել է վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը՝ պատասխանելով աահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների այսօր ունեցած հանդիպումից հետո տարածած հաղորդագրության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցերին:
Հաղորդագրությունում մասնավորապես նշվում է, որ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, -Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջև սահմանային գծի հատվածներում սահմանի անցումը:
Հրապարակած քարտեզից պարզ է դառնում՝ Ադրբեջանը կմոտենա միջպետական ճանապարհին Բաղանիսի հատվածում, նրա մի մասը Կիրանցի հատվածում կանցնի Բաքվի վերահսկողության տակ:
Թե ո՞ր թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում այս գործընթացը, վարչապետի աշխատակազմից պատասխանել են, որ քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող մարմինների կողմից:
«Կարևոր նրբությունն այն է, որ համաձայն Հանձնաժողովների տարածած հայտարարության, վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած, իրավական հենք ունեցող սահմանները: Այսինքն, այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև: Կարևոր է նաև արձանագրել՝ Հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք: Այս սկզբունքը պետք է արձանագրվի նաև Սահմանազատման գործընթացի Կանոնակարգի մեջ, որն առաջիկա ամիսներին կհամաձայնեցվի կողմերի միջև և կանցնի անհրաժեշտ ներպետական համաձայնեցումների՝ ներառյալ խորհրդարանում հաստատման գործընթաց», – նշված է պատասխանում: