ԱՄԱԼԻ ԽԱՉԱՏՐԵԱՆ
«Թեւանիկ» եւ «Վերջին Բնակիչը» ֆիլմերի ռեժիսոր Ջիւան Աւետիսեանի նոր՝ «Դրախտի Դարպասը» կինօնախագծի բիւջէի մի մասը կը հաւաքուի Indiegogo առցանց հարթակի միջոցով: Այս ձեւով իւրաքանչիւրը կարող է ֆինանսաւորել կինօնկարը եւ, ըստ կինօռեժիսորի, աջակցել հայկական ֆիլմարտադրութեանը:
Crowdfunding-ը մեկնարկել է Մարտի 17ին: Ջիւան Աւետիսեանը նաեւ առաջին անգամ իր ֆիլմում կ՛օգտագործի թաքնուած գովազդ (product placement): Թեման կրկին Արցախն է:
ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ
«Թեւանիկ» եւ «Վերջին Բնակիչը» ֆիլմերը սիրած իւրաքանչիւր մարդ եթէ մէկ դոլար տայ, կը գերազանցենք 100 հազարը: Ակնկալում ենք հաւաքել 53 հազար դոլար, չնայած վստահ ենք՝ պէտք է աւելին հաւաքենք:
Crowdfunding-ի մասին գիտէի 6-7 տարի առաջ, բայց ո՞ւմ դիմէի եւ ինչո՞ւ. ո՞վ էի ես: Իսկ հիմա իմ նախորդ ֆիլմերով, կարծում եմ, ունեմ իմ հանդիսատեսն աշխարհում, որը գիտի՝ ինչի մասին ենք խօսում ու ինչ ֆիլմ կը ստեղծենք: Պէտք է հեղինակութիւն ունենաս, ճանաչուած լինես, սիրուած, ի վերջոյ, պէտք է մարդիկ քեզ վստահեն, որ գումարից հրաժարուեն:
Նախորդ ֆիլմերն 90ականների մասին էին պատմում, իսկ այս մէկը զարգանում է մեր օրերում՝ գեղեցիկ հագուստ, ռեստորաններ, մեքենաներ, օպերային աստղեր… Աշխարհում ամէն տեղ էլ թաքնուած գովազդը կայ, եթէ ճիշդ ես անում այն, ոչ մի խնդիր չկայ:
Բաւականին գումար հաւաքել ենք եւ ֆիլմի նկարահանման նախապատրաստական փուլի մէջ ենք: 22 ամիս առաջ արդէն սկսել ենք աշխատանքները եւ սցենարը:
Սպասում ենք նաեւ Ազգային կինոկենտրոնի պետական աջակցութեան հաստատմանը, յայտն արդէն տուել ենք: Շատ կարեւոր է պետութեան աջակցութիւնը: Մարդիկ հարցնում են՝ քո պետութիւնը քեզ որքա՞ն գումար է տալիս, եթէ քո պետութիւնում ճանաչուած եւ յայտնի դէմք ես, միւսները նոյնպէս կ՛օգնեն քեզ: Ունենք նաեւ մի շարք գործընկերներ, արդէն երրորդ անգամ համագործակցում ենք լիտուական ARTBOX Production ընկերութեան հետ:
ԻՆՉՈ՞Ւ ԱՋԱԿՑԵԼ
Յանուն հայկական ֆիլմի, յանուն հայկական թեմայի: Մեզ կ՛աջակցեն մարդիկ, որոնք սիրում են հայկական կինօն, ուզում են հայկական կինօն մրցունակ լինի: Իմ ֆիլմերն աշխարհում պատմում են հայկականի մասին: Ոչ միայն ֆիլմ ենք պատրաստում Արցախի մասին, այլ զարգացնում ենք հայկական կինօն: Արցախի թեման կարողացել ենք ամբողջ աշխարհով տարածել: «Թեւանիկն» ունի 20ի հասնող մրցանակ, ցուցադրուել է աւելի քան 25 երկրում:
Օտարերկրացիներն աւելի շատ են սիրում մեր ֆիլմերը: Հայ հանդիսատեսը շատ աւելի քննադատ է, աւելի խստապահանջ ու պահանջկոտ, իսկ օտարը որպէս պատմութիւն է լսում: Մերոնք, օրինակ, ասում են՝ ինչպէ՞ս կարող է Վարդան Մամիկոնեանը յանկարծ վախենայ: Բայց չէ՞ որ նա էլ է մարդ… Պէտք է նկարենք մեր մասին, պատկերացնում էք՝ յանկարծ ես ամերիկեան գանգստերական ֆիլմ նկարեմ Բաղրամեան փողոցում, ծիծաղելու կը լինի չէ՞: Եթէ մենք մեր մասին չպատմենք, ինչո՞վ ենք հետաքրքիր լինելու աշխարհին:
ՍԻՆՈՓՍԻՍ
Ֆիլմի գլխաւոր հերոսը հայ չէ՝ եւրոպացի լրագրող է: Երիտասարդ է՝ 25 տարեկան, փորձում է կարիերա (ասպարէզ-Խմբ.) սկսել ու յանկարծ սայթաքում է կոնֆլիկտում (ընդհարումի, տագնապի մէջ-Խմբ.), որը յետոյ բացուելու է ու վերածուի մեծ դրամայի: Ո՞վ չի սայթաքել կեանքում: Արել է մի բան, որ կեանքում չի կարողացել հանգիստը գտնել, գնալով քարը մեծանում է խղճի վրայ, ու յանկարծ իմանում է, որ պատերազմ է Ղարաբաղում եւ իրեն նետում է այնտեղ, որովհետեւ դա շանս (առիթ, բախտ-Խմբ.) է սկսել նորից: Գալով, սակայն, հասկանում է, որ ոչ միայն ուղղել հնարաւոր չէ, այլեւ կրկնակի մեղքի մէջ է ընկնում՝ սիրահարուելով այն մարդու աղջկան, ում հանդէպ մեղաւոր է, իսկ աղջիկն իր մէջ տեսնում է հօրը: Պարզւում է, որ նա այն անյայտ կորած ֆոտօլրագրողի աղջիկն է, ում 1992ին՝ Թալիշի անկման օրը, լրագրողը թողել է գիւղում՝ գերեվարութեան մէջ, ապա՝ իւրացրել նրա մարտի դաշտում արուած լուսանկարները: Եւ յետոյ մնում է մի բան՝ խոստովանել դրախտի դարպասների դիմաց:
ԴԵՐԵՐՈՒՄ
Երկար ենք մտածել ֆիլմի գլխաւոր հերոսուհու ընտրութեան շուրջ: Փնտռում էինք աղջիկ, որը հայ է, ունի հայկական դիմագծեր, ում մէջ կայ այդ կրակոտ հայութիւնը, բայց ապրել է այլ երկրում, ձեռք է բերել եւրոպական մշակոյթ: Այս դերի համար տեսնում եմ մեր հայրենակից Տատեանա Սպիւակովային՝ Ֆրանսիայից: Միւս գլխաւոր դերասանուհին Նաիրա Զաքարեանն է՝ Նիւ Եորքից:
Իսկ գլխաւոր հերոսը Սօս Ջանիբեկեանն է՝ մեր Սօսը: Այո, պէտք է նա խաղայ, նա ինձ պէտք է այդ դերի համար: Ես կեանքում փնտռում եմ մարդուն: Ես տեսնում եմ նրան: Իմ նախկին ֆիլմերի համար ես տեսել եմ նրան որպէս հրամանատար, հիմա տեսնում եմ նրան որպէս «Արցախպրէս»ի լրագրող, որը պատերազմ է լուսաբանում: Սօսը ֆանտաստիկ (առասպելական, սքանչելի-Խմբ.) կերպար է, խօսում է անգլերէն, ճտպտ (խայտ ունեցող-Խմբ.) տղայ է, ամուսնացած չէ՝ այսպէս ասած, ցանկալի փեսացու:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ֆիլմի լեզուն 80 տոկոսով լինելու է անգլերէն: «Դրախտի Դարպասով» փորձում ենք աշխարհով մէկ ձեւաւորել մեծ լսարան, եւ հէնց այդ պատճառով ֆիլմը պէտք է անգլերէն լինի, Ղարաբաղի մասին պէտք է պատմենք անգլերէն, այն պէտք է ունենայ միջազգային դերասանական կազմ, անցած լինի փառատօնների շուկաներով:
Սցենարի նախնական տարբերակը հեղինակի հետ վերցրել-գնացել ենք Կանն, յետոյ սկսել ենք նորից մշակել ու դեռ աշխատում ենք սցենարի վրայ ու փորձում ենք կատարելութեան հասցնել:
Եւ վերջապէս, ո՞վ է crowdfunding-ի միջոցով գումար տալու: Մարդ, որն ուզում է Ղարաբաղի մասին անգլերէն ֆիլմ դիտել, որն ուզում է՝ Ղարաբաղի մասին ֆիլմն ամբողջ աշխարհում նայեն: