ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ տարվա պատմություն ունեցող «ռեԱրմինիա» հարթակն իր շուրջ համախմբել է գործունյա և ստեղծարար 4 հազար մարդու: Հաջորդ թիրախն է ավելի շատ մարդկանց գտնելը և ներգրավելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «ռեԱրմինիա» հարթակի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը:
Նրա խոսքով՝ «ռեԱրմենիա»-ն հաշվետվություն է ներկայացնելու համայնքին, թե ինչ հաջողություններ են գրանցել և ինչ բարդ ճանապարհ են անցել այդ ընթացքում, խոսելու են նաև հաջորդ քայլերի և նախագծերի մասին, հարթակի գործընկերները ներկայացնելու են իրենց տեսլականը և ինչ ծրագրեր պետք է իրականացվեն:
«Քանի որ շատերս հենց բիզնես ոլորտից ենք, միշտ ավելի բարձր նշաձողեր ենք դնում, քան որևէ մեկը կարող է հավատալ, որ հնարավոր է դրան հասնել: Այդ նշաձողերը հնարավորություն է տալիս, որպեսզի կարողանանք մեր ուժերի առավելագույնը օգտագործել: Մենք այդպիսի պլաններ ենք մշակել: Հարթակի ամենամեծ ձեռքբերումը այս տարվա համայնքի ձևավորումն է, որը չափելի արդյունք ստեղծող, գործ անող համայնք է:
Դրանից բացի, ամբողջ տարվա ընթացքում 300 դիմում ենք ստացել տարբեր նախագծերի վերաբերյալ: Այդ նախագծերը ստուգվել են և դրանցից ամենահաջողվածները, վստահություն ներշնչողները, լավ մշակվածները՝ մոտ 50 նախագիծ, ներկայացվել է հարթակում, որից 30-ը հասել են հաջողության: 650 հազար դոլար ֆինանսական միջոցներ է հավաքվել այդ ծրագրերը իրականացնելու համար»,- ընդգծեց Պողոսյանը:
Ըստ «ռեԱրմինիա» հարթակի գործադիր տնօրենի՝ Արցախի Հաղորտի գյուղի «Մունք» տեխնոդպրոցի կառուցումը մեկ գաղափարի շուրջ համախմբման վառ օրինակ է:
«Արցախի Հաղորտի գյուղում բացվեց «Մունք» տեխնոդպրոցը, որը բարձր մակարդակի կրթություն է ապահովում: Այն կազմակերպվել է համագործակցության շնորհիվ՝ մոտ 600 հոգի միավորվել են, գումարը ներդրել են, ու դպրոցը կառուցվել է: Այդ դպրոցում դասավանդում են մեր հայրենակիցները, օրինակ՝ Սիլիկոնյան հովտից: Արդյունքում մենք այդ գյուղի բնակիչներին, իրենց հայրենի հողի վրա պահելով՝ կարողանում ենք ամենաբարձ որակի կրթություն տալ»,- շեշտեց Պողոսյանը:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ «ռեԱրմինիա» նախագծերի համակարգող Մայա Շահումյանը հայտնեց, որ նվիրելու մշակույթը խթանելու նպատակով հարթակը երեք նոր պրոդուկտ է գործարկել:
«Առաջին փաթեթը՝ «ռեԱրմենիա»-ի նվեր-քարտն է, որի միջոցով անհատը անհատին կարող է նվիրելու հնարավորություն տալ: Նվեր-քարտը հնարավորություն կտա նրան նվիրաբերություն կատարել հարթակում ներկայացված նախագծերից որևէ մեկին: Այդ միջոցով փորձում ենք նվիրելու շղթան և նախագծերի աջակցելու սովորությունը շատերի մեջ տարածել: Կարելի է ընտրել ցանկացած դիզայնով նվեր-քարտեր և ընկերոջդ նվիրել ցանկացած առիթի համար:
Երկրորդ պրոդուկտով առաջարկում ենք «ռեԱրմենիա» հարթակի կայքը այլ կազմակերպություններին՝ որպես ծառայության մատուցում:
«ռեԱրմենիա» հարթակի երրորդ պրոդուկտը կորպորատիվ բարեգործությունն է: Այստեղ ունենք մի քանի բաղադրիչ, օրինակ՝ կազմակերպությունները իրենց ներսում կարող են նվեր-քարտեր տարածել իրենց կորպորատիվ բրենդի լոգոյով: Մյուս բաղադրիչը կոչվում է «Նվիրաբերությունների կրկնապատկում», որի միջոցով աշխատակցի նվիրաբերությունը կրկնապատկվում է տվյալ կազմակերպության կողմից: Նաև ունենք «Կորպորատիվ կամավորություն» ծրագիր, որի շնորհիվ, օրինակ՝ ձեր աշխատակիցը նվիրաբերում է իր «ժամանակը» (կատարելով կամավորություն) «ռեԱրմենիա»-ի նախագծերին, իսկ ձեր ընկերությունը կրկնապատկում է աշխատակցի ժամանակը «գումարով» »,- ասաց Շահումյանը:
«ռեԱրմենիա»-ն համագործակցության հարթակ է աշխարհի հայության համար, որտեղ տարբեր խնդիրներ լուծող նախագծեր են ներկայացվում և ստանում լուծման համար անհրաժեշտ ռեսուրսներ. գիտելիք, փորձ, կապեր և ֆինանսներ: