«ՄԵԴԻԱՄԱՔՍ»Ի ՀԱՐՑԱԶՐՈՅՑԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐԵԱՆԻ ՀԵՏ
Զրուցեց՝ ՍԻՐԱՆՈՅՇ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ
Ապրիլեան պատերազմի առաջին օրերին ԼՂՀ կառավարութեան կողմից բացուեց յատուկ հաշուեհամար, որի նպատակն էր մէկ վայրում հաւաքել բարեգործական նպատակով Արցախ եկող գումարը:
Դեկտեմբերի 12ի դրութեամբ հաշուեհամարին փոխանցուել է 5 մլրդ. 473 մլն. 401 հազար ՀՀ դրամ, որի 47.2 տոկոսը՝ ՀՀից, 9.5 տոկոսը՝ Արցախից, 26 տոկոսը՝ ՌԴից եւ 2.1 տոկոսը՝ ԱՄՆից, մնացածը՝ այլ պետութիւններից:
Ստացուած միջոցների եւ դրանց ծախսման մասին «Մեդիամաքս»ը զրուցել է Արցախի Հանրապետութեան վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարեանի հետ:
ՍԻՐԱՆՈՅՇ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ.- Նախ կը ցանկանայի խօսել ԱՄՆից ստացած միջոցների մասին, որոնք կազմել են ողջ ծաւալի ընդամէնը 2.1 տոկոսը:
ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐԵԱՆ.- Հակուած չեմ մտածելու, որ ԱՄՆում հայկական համայնքը չի ցաւում Արցախի համար, այլապէս՝ ամէնամեայ հեռուստամարաթոնին նրանք միլիոնաւոր դոլարներ չէին հաւաքագրի: Ի սկզբանէ յայտարարուել էր, որ հաւաքագրուած միջոցներն օգտագործուելու են Արցախի պաշտպանութեան համակարգի բարելաւման նպատակով: Կարծում եմ՝ ԱՄՆից գրանցուած պասիւութիւնը որոշ չափով պայմանաւորուած է այն մտավախութեամբ, թէ այս հիմնադրամին գումար փոխանցելը կը դիտուի ոչ թէ որպէս բարեգործութիւն, այլ՝ ռազմական օգնութիւն, ինչը, միգուցէ, կարող է խնդրահարոյց լինել ԱՄՆում:
ՍԻՐԱՆՈՅՇ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ.- Ապրիլին Արցախի վարչապետը նշել էր, որ հաւաքուած գումարն ուղղուելու է բացառապէս պաշտպանութեան համակարգի ամրապնդմանը: Արդեօք այս մօտեցումը փոխուե՞լ է եւ կա՞ն այլ ծրագրեր, որոնց ուղղուել կամ ուղղուելու են միջոցները:
ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐԵԱՆ.- Հաւաքագրուած գումարի գերակշիռ մա-սն արդէն իսկ ծախսուել է բանակի մարտունակութեան բարձրացման նպատակով՝ որպէս յաւելեալ օ-ժանդակութիւն Պաշտպանութեան բանակին: Ձեռք են բերուել ռազմական նշանակութեան տեխնիկա եւ սարքաւորումներ, այդ թւում՝ գիշերային ու ցերեկային դիտարկման սարքեր ու նշանոցներ, կատարուել է ինժեներական եւ ենթակառուցուածքների ամրացման հսկայական աշխատանք՝ ներառեալ ճանապարհների ու խրամուղիների բարեկարգում ու կառուցում:
Յատկացումներ ենք արել նաեւ կամաւորների ընտանիքներին՝ հաշուի առնելով այն հանգամանքը, որ լարուած իրավիճակում ընտանիքի կերակրող ձեռքը թողել է իր տունն ու կանգնել սահմանին: Իւրաքանչիւր ինքնազբաղուած կամաւորի տրամադրել ենք փոխհատուցում՝ օրական մօտ 5 հազար ՀՀ դրամի չափով:
Վարչապետի ներկայացրած մօտեցումը փոփոխութեան չի ենթարկուել. մինչ օրս հաւաքագրուած գումարը ուղղել եւ շարունակելու ենք ուղղել Պաշտպանութեան բանակի մարտունակութեան բարձրացմանը:
Ծախսերի մանրամասն հաշուետուութիւնը կ՛ամփոփենք ու կը ներկայացնենք Յունուարին՝ ֆինանսական տարին աւարտելուց յետոյ:
ՍԻՐԱՆՈՅՇ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ.- Ի՞նչ ակտիւութեամբ է կատարւում հանգանակութիւնը: Ապրիլին յաջորդող յարաբերական անդորրը «ստիպե՞լ է» բարերարներին մոռացութեան տալու հաշուեհամարը:
ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐԵԱՆ.- Նշուած գումարի հիմնական մասը հաւաքուել է Ապրիլ եւ Մայիս ամիսներին: Օգոստոսից սկսած գրեթէ մոռացել են ֆոնդի մասին: Կարծում եմ՝ պասիւութեան հիմնական պատճառը յարաբերական անդորրը կարող է լինել:
ՍԻՐԱՆՈՅՇ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ.- Ապրիլեան պատերազմի հետեւանքով Արցախի տնտեսութիւնն ու որոշ բնակավայրեր զգալի վնասներ կրեցին: Դրամական արտայայտութեամբ որքա՞ն է կազմում այդ վնասի ծաւալն ու ո՞ր մասն է վերականգնուել:
ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐԵԱՆ.- Ապրիլեան պատերազմի ուղղակի վնասը մի քանի միլիարդ դրամ է կազմում՝ ընդգրկելով ենթակառուցուածքներ, տնտեսական նշա-նակութեան օբյեկտներ, տներ եւ քաղաքացիների մասնաւոր գոյք: Առաջնահերթ վերականգնման աշխատանքները կատարուել են մի քանի շաբաթուայ ընթացքում:
Ինչ վերաբերում է բնակավայրերի ու տների կրած վնասին՝ Մարտակերտում հիմնական մասը վերացուել է, մի մասի ուղղութեամբ դեռ աշխատում են: Թալիշում, ինչպէս գիտէք, վերջերս Արցախի նախագահ Բակօ Սահակեանը յանձնարարեց սկսել վերականգնողական աշխատանքները:
ՍԻՐԱՆՈՅՇ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ.- Անուղղակի վնասի մասին ի՞նչ կ՛ասէք:
ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐԵԱՆ.- Անուղղակի վնասի յստակ հաշուարկ, բնական է, չենք կարող ներկայացնել, քանի որ հնարաւոր չէր նախօրօք իմանալ, թէ այս տարի որքան ներդրում կը գար Արցախ, եթէ պատերազմ չլինէր: 2016ի առաջին ինը ամսուայ նախնական տուեալով, նախորդ տարուայ համեմատ, ներդրումների ծաւալը մեզ մօտ կրճատուել է: Այս մասով առաւել առարկայական կարող ենք խօսել 2017ի սկզբին, երբ կ՛ունենանք ողջ տարուայ ֆինանսական տուեալները:
Բնական է, որ ապրիլեան պատերազմն իր բացասական ազդեցութիւնը պէտք է ունենար Արցախի Հանրապետութեան ներդրումային միջավայրի վրայ: Բայց միւս կողմից, այն նաեւ խթանիչ ազդեցութիւնն է թողել հայութեան շրջանում, ովքեր աւելի շատ պատասխանատուութիւն են զգում աջակցելու Արցախի տնտեսական զարգացմանը եւ ներդրումներ են կատարում Արցախում: