Երիտասարդ գիտնականի ամբիոն
Ռոման Հովսեփյանն աշխատում է ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում` որպես գիտաշխատող: Զբաղվում է Հարավային Կովկասում անցյալ դարաշրջանների բուսական տնտեսության, մշակույթի և շրջակա միջավայրի ուսումնասիրությամբ (այս մասնագիտության ընդհանրական անունը հնաբուսաբանություն է (անգլ. archaeobotany կամ palaeoethnobotany), մասնագետն էլ` հնաբուսաբան): Հայաստանում այս ոլորտում համակարգված և ակտիվ ուսումնասիրությունները սկսել է 2002 թ.-ից:
Թե ինչն է իրեն գրավում գիտության մեջ՝ Ռոմանը պատմում է, որ դեռ մանկուց բնույթով եղել է հետազոտող. հետաքրքրասիրությունը, ճանապարհորդությունների և բացահայտումների ձգտումն են իր մոտ դրդապատճառ եղել, որ զբաղվի գիտությամբ: Պատմում է, որ դպրոցի տարրական դասարաններում արդեն գիտեր, որ ուզում է գիտնական դառնալ.-«Ողջ մասնագիտական կյանքիս ընթացքում ենթագիտակցաբար ընտրել եմ «տարածային և ժամանակային ճանապարհորդություններ» պահանջող մասնագիտություններ: Զբաղվել եմ այնպիսի քիչ ուսումնասիրված ոլորտներով, ինչպիսիք են պալեոբուսաբանությունը` միլիոնավոր տարիներ առաջ գոյություն ունեցած բույսերի ուսումնասիրությունը, ջրաճահճային էկոհամակարգերի պատմությունը, ստորգետնյա սնկերը, իսկ ներկայում` Հարավային Կովկասի նախապատմական բուսական տնտեսությունը, մշակույթը և շրջակա միջավայրը»:
Ռոմանը 32 տարեկան է, ամուսնացած, ունի երկու երեխա` 6 տարեկան աղջիկ և 3 տարեկան տղա։
-Այդ դեպքում, Ռոման, ինչո՞վ եք ընտանիք պահում: Ինչպե՞ս եք հոգում ընտանիքի հոգսերը։
–Բարեբախտաբար, ես համագործակցում եմ արտասահմանցի գործընկերների հետ. վաստակում եմ միջազգային ծրագրերի մասնակցելով, երբեմն նաև արտերկրում աշխատելով:
Արդյոք շատերի՞ն է դա հաջողվում, թե՞ հազվագյուտ դեպքերում հարցի վերաբերյալ կարծում է, որ Հայաստանում գործող բոլոր երիտասարդ գիտնականներն էլ, եթե ինչ որ բան վաստակում են, ապա դա անում են գլխավորապես միջազգային ծրագրերին մասնակցելու և արտասահմանյան գործուղումների միջոցով:
Ռոման Հովսեփյանի խոսքով՝ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում մի քանի տասնյակ միջազգային ծրագրեր են իրականացվում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ավստրիայի, Իտալիայի, Անգլիայի, Ռումինիայի, Ռուսաստանի և այլ երկրների տարբեր գիտահետազոտական հիմնարկությունների հետ, որոնց շրջանակներում ամեն տարի հետազոտություններ են կատարվում շուրջ 25-30 հնավայրերում: Այս ակտիվ համագործակցությունները սկսվել են հիմնականում վերջին 15 տարիների ընթացքում և ամեն տարի ավելանում են. ոլորտը ակնհայտորեն ակտիվ կերպով զարգանում է: Ինստիտուտն օտարերկրյա հնագետ հետազոտողների համար տարածաշրջանում ամենակարևոր գործընկեր հիմնարկություններից մեկն է: Վերոհիշյալ համագործակցությունների ընթացքում շատ կարևոր հետազոտություններ են կատարվում և հրատարակվում, որոնք փոխում են Հին Աշխարհում մեր տարածաշրջանի մարդկանց ունեցած դերի և նշանակության մասին նախկինում գոյություն ունեցած պատկերացումները:
Ռոմանն ընդգրկված է այդ ծրագրերի մի մասում. «բոլորին ֆիզիկապես մասնակցել չեմ կարող՝ առաջին հերթին ժամանակի սղության պատճառով, չնայած որ մասնագիտական աշխատանքի պահանջարկը կա: Հայաստանի սահմաններից դուրս աշխատում եմ նաև Ռումինիայում և Եգիպտոսում»: Այս ոլորտի խնդիրները հիմնականում նույնն են, ինչ գիտության մյուս ոլորտներում (բայց արդարության համար պետք է նշել, որ ֆինանսական առումով թերևս մի փոքր ավելի բարվոք վիճակ է, քան բազմաթիվ այլ գիտահետազոտական ինստիտուտներում). ցածր աշխատավարձեր, անհրաժեշտ սարքավորումների բացակայություն, ինչպես նաև մասնագետների պակաս և տարածքի խնդիր: Վերջին երկուսով` տարածքի խնդրով և մասնագետների պակասով ինստիտուտը թերևս առանձնանում է. «հնագիտության և հարակից ոլորտներում մասնագետների պահանջարկ կա, սակայն երիտասարդները չեն կարողանում աշխատել` որպես կայուն վաստակի աղբյուր ունենալով միայն գիտաշխատողի աշխատավարձը: Երկրորդ խնդիրը` մեր աշխատակից երիտասարդներից շատերը ֆիզիկապես տեղ չունեն ինստիտուտում, աշխատում են անգամ միջանցքներում, հերթափոխով կամ պարզապես տանը և այլուր»:
Իսկ թե որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները, նա կարծում է, որ իրական կյանքում ոչինչ սովորաբար մեկ պատճառով չի լինում, Հայաստանում գիտության թերֆինանսավորման երևույթի համար էլ մի քանի պատճառներ կան: Որպես գիտնականի և պարզապես սովորական մարդու՝ նրան էլ խիստ անհանգստացնում է տիրող իրավիճակը ու նա փորձել է վերլուծել գիտության և մշակույթի հանդեպ մեր երկրում ներկայումս տիրող ոչ նպաստավոր բարոյահոգեբանական իրավիճակի պատճառները։
«Մարդու պատմության վաղ փուլերն ուսումնասիրելու ընթացքում և տարբեր տարածաշրջանները միմյանց հետ համեմատելու արդյունքում ինքս իմ համար այն դիտարկումներն եմ արել, որ քանի դեռ կա ֆիզիկական գոյության ներկա կամ հնարավոր վտանգ սովի, հիվանդությունների, ցրտի, թշնամիների և այլ պատճառներով, մարդկանց ուղեղն աշխատելու է միայն այդ կենսականորեն առաջնային խնդիրները անմիջապես կամ, ծայրահեղ դեպքում, շատ կարճ ժամանակում գործնականորեն լուծելու ուղղությամբ»:
Ըստ նրա՝ սա ամեն ինչ իջեցնում է առօրեական և կենցաղային մակարդակի, և մարդիկ լուրջ չեն վերաբերվում հեռահար, իրենց խնդիրները լուծելու համար երկար ժամանակ պահանջող, աստիճանական ազդեցության ծրագրերին և ընդհանրապես տեսական մտքի զարգացմանը: Բնության թելադրանքով մարդիկ պետք է իրենց առաջնային կենսական կարիքները բավարարած լինեն և այդ վիճակի շարունակման երաշխիքներ ունենան, որպեսզի կարողանան տեսական գիտություն և մշակույթ զարգացնեն:
Կարծում է, որ հայաստանցիներիս պետք է արտաքին և ներքին ապահովության զգացում, նվազագույն կենսական պահանջների բավարարում և ինքնին աստիճանաբար կբարելավվի վիճակը նաև գիտության և մշակույթի ոլորտներում: Բայց քանի որ գիտությունը Հայաստանում իսկապես վտանգված վիճակում է և շուտափույթ քայլեր չձեռնարկելու դեպքում անվերադարձ կորուստներ կունենանք, գտնում է, որ հարցի ամենաճիշտ լուծումն այն կլինի, որ կառավարությունը, որը գիտությունը հայտարարել է որպես գերակա ուղղություն, սկսի իրական քայլեր կատարել, մանավանդ, որ երկիրն ունի գիտական մեծ պոտենցիալ:
Դրան զուգահեռ պետք է աշխատել կոռուպցիան մեր հասարակությունից արմատախիլ անելու ուղղությամբ, այլապես, վախ ունի, որ կրկին «կոտրած տաշտակի» առջև կհայտնվենք…
Արդյո՞ք կոռուպցիան այդքան տարածված է նաև գիտական աշխարհում և արդյո՞ք ինքն անձնապես տուժե՞լ է դրանից։ Կամ շահագործո՞ւմ են, արդյոք, երիտասարդ գիտնականների աշխատանքը լաբորատորիաների վարիչները և տիտղոսակիր կամ պաշտոնատար այլ անձինք՝ գրվելով համահեղինակ աշխատանքներում՝ իրենց վերագրելով կատարած աշխատանքը հարցին պատասխանում է, որ արտաքուստ կարող է թվալ, թե գիտնականները, որպես մտավորականներ, բացարձակ զերծ են այդ չարիքից:
Այս հարցերի վերաբերյալ ասում է, որ թեև գիտական աշխարհում կոռուպցիան զգալիորեն քիչ է հանդիպում, բայց, ցավոք, այն առկա է: Գտնում է, որ կաշառակերության համար պետք է շատ խիստ պատիժներ սահմանել: Նա սովորել է մի այնպիսի տեղ` ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետում, որի ներսում, իր խոսքով, կաշառակերությունը գործնականորեն բացակայել է: Բայց պատմում է, որ անձամբ տուժել է` ասպիրանտական տարիներին շահագործվելով գիտական ղեկավարի (ԵՊՀ Սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի լաբորատորիա) կողմից. «Ես կատարում էի ողջ դաշտային և լաբորատոր հետազոտությունները, ամփոփում տվյալները և գրում հոդվածներ, իսկ նա իր պաշտոնը և կարգավիճակը չարաշահելով՝ հարկադրում էր, որ իմ ողջ նյութերը իրեն հանձնեմ և տպագրության էր հանձնում իմ հոդվածները` որպես առաջին և գլխավոր հեղինակ ներկայացնելով իրեն: Ավելին, այլոց մոտ պարբերաբար չարախոսում էր իմ հասցեին և մինչև վերջ էլ թույլ չտվեց պատրաստի ատենախոսությունս ներկայացնեմ պաշտպանության: Հուսահատված, ես թողեցի իմ ասպիրանտական տարիների ընթացքում ձեռք բերած ողջ նյութերը և լքեցի այդ լաբորատորիան: Հետագայում ստիպված էի հեռանալ համալսարանից և փոխել մասնագիտացումս: Բարեբախտաբար կարողացա այնքան կամք դրսևորել, որ նոր թեկնածուական աշխատանք անեմ և պաշտպանեմ այն: Ցավոք, իմ պատմությունը օրիգինալ չէ և նման դեպքեր հաճախ են պատահում մեր իրականությունում»:
Հայաստանում գործող առանձին գիտնականների և գիտական խմբերի միջև ներքին համագործակցության մակարդակը, քիչ բացառություններով, բավարարից ցածր է համարում, և դա այն դեպքում, երբ այդ ոլորտում մեծ հնարավորություններ կան. «Դրա հիմնական պատճառը կարծում եմ պայմանավորված է մեր եսասիրությամբ և միմյանց հետ մրցակցելու հակվածությամբ: Հուսով եմ՝ դա երբևէ կփոխվի և մեր ազգը ավելի համախմբված կլինի: Իհարկե ավելի սերտ համագործակցությունը հնարավորություն կտա ավելի մեծ ծրագրեր ձեռնարկելու և խոշոր միջազգային դրամաշնորհներ շահելու»:
Անդրադարձանք նաև այլ հարցերի։ Գիտական աշխարհում գենդերային խնդիր կա, թե ոչ հարցի մասին ունի ի՛ր հաստատուն կարծիքը, այն է, որ՝ այո, նման խնդիր կա, բայց որ դա օբյեկտիվ պատճառներ էլ ունի. կանայք այնքան էլ հաճախ չեն նախընտրում գիտությամբ զբաղվել:
Ինչո՞ւ է այդպես, կարծում եք՝ հակվածությունը գենետիկակա՞ն է, թե՞ ավելի սոցիալական, հոգեբանական կամ այլ բնույթի. -«Խնդրում եմ շատ խիստ չդատեք, բայց կարծում եմ, որ այո` գենետիկական հակվածության պահը առկա է: Իհարկե սոցիալական խնդիրներն էլ կան` մեր հասարակությունը սովոր է գիտնականի գործում տղամարդկանց տեսնել»։
Ներկայում նա նախընտրում է, որ իր ապագա գիտական աշակերտները և օգնականները հիմնականում իգական սեռի ներկայացուցիչներ լինեին՝ մի պարզ պատճառով, որ մեր երկրի ավանդույթների համաձայն իրենց վրա չէ դրված ընտանիքի հիմնական վաստակող լինելու ծանր բեռը, ուստի, կանայք կարող են իրենց թույլ տալ նման ցածր աշխատավարձերով զբաղվել գիտությամբ և հավանաբար չեն լքի գիտությունը:
Մանե Հակոբյան