Ժիրայր Քոչարեան
Գրախօսութիւն
Թեսսա Հոֆման, Քրիստոնեայ բնիկ ժողովուրդների ցեղասպանութիւնը Օսմանեան տէրութեան մէջ. Հայեր, յոյներ, սիրիացի–արամէացիներ/ասորիներ/քաղդէացիներ։ Մի ընդարձակ վաւերագրական բաղկացած 3 մասից եւ ուսուցման 8 միաւորից, Վայլերսվիսթ-Մեթերնիխ, «Հազէ եւ Քէօհլեր» հրատարակչութիւն, 2024, 381 էջ, 110 սեւ- ճերմակ պատկերներով։ ISBN 9783775814300
Rezension zu: Tessa Hoffmann, Der Genozid an den indigenen Christen des Osmanischen Reiches: Armenier, Griechen, Syro-Aramäer/Assyrer/Chaldäer; eine ausführliche Dokumentation mit drei Modulen von je acht Unterrichtseinheiten. Weilerswist-Metternich: Verlag von Hase & Köhler, 2024. 381 S., 110 s/w Abbildungen. ISBN 9783775814300
Որպէս հայագէտ, ցեղասպանագէտ եւ իրաւապաշտպան Թեսսա Հոֆմանը հայտնի է Գերմանիայի սահմաններից էլ դուրս։ 45 տարիների ընթացքում նա հրատարակել է բազում գրականութիւն՝ որպէս հեղինակ եւ խմբագիր հանդէս գալով ինը երկրներում։ Ցեղասպանութեան ուսումնասիրութեան մէջ նրա ուշադրութեան կենտրոնում են օսմանեան տիրապետութեան վերջին տասնամեակներում Միութիւն եւ առաջադիմութիւն կոմիտէի եւ քեմալական վարչակարգերի՝ բնիկ քրիստոնեաների դէմ կատարած յանցագործութիւնները: Զոհուել են մօտ վեց միլիոն քրիստոնեաներից երեք միլիոնը՝ հայեր, յոյն ուղղափառներ եւ արամէացի քրիստոնեաներ, իսկ երեք միլիոնը՝ բռնի տեղահանուել: Թուրքական ազգային պետութեան «հիմնադիր յանցագործների» իրականացրած ոճրագործութիւնները, ինչպէս ժամանակին անուանել է Թաներ Աքչամը, «Շոահի» հետ միասին դարձել են Ռաֆայէլ Լեմքինի ցեղասպանութիւնը սահմանելու որոշիչ եզրոյթ եւ, հետեւաբար, հանդիսանում են ՄԱԿ-ի Ցեղասպանութեան կոնվենցիայի հիմքը։ Այնտեղ թուարկուած հինգ քրէական յանցագործութիւններից, որոնցից իւրաքանչիւրը համարւում է ցեղասպանութիւն, չորսը իրականացուել են հայերի նկատմամբ Օսմանյան տէրութեան մէջ եւ Իրանի հիւսիս-արեւմուտքում, որը 1914-1918 թուականներին գրաւել էին օսմանեան զօրքերը:
Թեսսա Հոֆմանը իր հրապարակումներում չի սահմանափակւում հայերի ճակատագրով. իրականում, նա առաջին գիտնականներից մէկն է միջազգայնօրէն, որ հետապնդում է ներառական կամ համեմատական մօտեցում: Ի թիւս այլ աշխատանքների, նա յոյն ուղղափառ քրիստոնեաների ցեղասպանութեան անգլերէն առաջին գիտական հրապարակման համահեղինակն է: Այս անթոլոգիան լոյս է տեսել 2011 թուականին՝ «Օսմանցի յոյների ցեղասպանութիւնը. Ուսումնասիրութիւններ Փոքր Ասիայի քրիստոնեաների բնաջնջման՝ պետութեան հովանաւորած արշաւի եւ դրա հետեւանքների մասին. Պատմութիւն, օրէնք, յիշողութիւն» վերնագրով։
Թեսսա Հոֆմանի վերջին գիրքը՝ «Քրիստոնեայ բնիկ ժողովուրդների ցեղասպանութիւնը Օսմանեան տէրութեան մէջ. Հայեր, յոյներ, սիրիացի-արամէացիներ/ասորիներ/քաղդէացիներ», շարունակում է այս մօտեցումը: 381 էջանոց աշխատութիւնը ուղղուած է ընթերցողների երկու խմբի. մի կողմից՝ այն ծառայում է որպես մանրամասն փաստաթուղթ եւ ընդհանուր ներածութիւն օսմանցիների գործադրած ցեղասպանութեան ընթացքի եւ բաղադրիչների մասին` տնտեսական բոյկոտներ եւ բռնաճնշումներ, արտաքսումներ, էլիսիդներ (բնաջնջումներ), մտաւորական ու հոգեւոր ղեկավարութեան տեղահանումներ, քրիստոնեայ երեխաների յափշտակում եւ ոչնչացում, առեւանգուած երեխաների եւ կանանց բռնի իսլամացում, գենդերային մօտեցում (չափահաս տղամարդկանց կոտորած, կանանց, երեխաների եւ տարեցների արտաքսում): Ներածութիւնում բացատրւում է ցեղասպանութիւն եզրոյթը եւ ակնարկւում են Օսմանեան տէրութեան բնորոշ առանձնայատկութիւնները, մասնաւորապէս՝ կրօնների իրաւական անհաւասար կարգավիճակը: Միւս կողմից, իր երկրորդ մասում այն պարունակում է երեք մոդուլ՝ ընդգծելով յատկապէս դպրոցներում կամ մեծահասակների կրթութեան մէջ հայերի, յոյների եւ արամէացիների բնաջնջման առանձնայատկութիւնները, ինչպէս նաեւ նմանութիւնները։ Իւրաքանչիւր մոդուլ բաղկացած է ինը ուսուցման միաւորից՝ նոյն հարցերի վերաբերեալ: Ցեղասպանութեան նկարագրութեան ժամանակ Թեսսա Հոֆման ոչ միայն անդրադառնում է ինքնապաշտպանութեան խնդրին, այլեւ ներկայացնում է երեք էթնիկ խմբերի ներկայ վիճակը։ Հայերի նկատմամբ կրկնուող ցեղասպանութեան մասին գրելիս, հեղինակը կիսում է բազմաթիւ իրաւապաշտպանների տեսակէտը, որ 2022/3-ին Արցախի շրջափակումը եւ տեղահանութիւնը ցեղասպանութիւն էր։ Պատմական լուսանկարները, թեմատիկ քարտէզները, ականատեսների եւ վերապրածների զեկոյցները եւ այլ փաստաթղթեր ծառայում են որպէս ուսուցողական նիւթ:
Յոյն ուղղափառ քրիստոնեաները, յատկապէս Օսմանեան տէրութեան Էդիրնէի եւ Այդընի (Զմիւռնիա) նահանգներում, թւում է, թէ աւելի քան տասը տարի տեւած ցեղասպանութեան առաջին եւ վերջին զոհերն են, մինչդեռ օսմանեան քաղաքացիութիւն ունեցող 2,5 միլիոն հայերից 1,5 միլիոնը զոհուել է ընդամէնը 19 ամիսների ընթացքում՝ նրանց ամբողջ երկրում բնաջնջելու նպատակով: Այս տարբերութիւնը Թեսսա Հոֆմանը ըստ էութեան բացատրում է ի սկզբանէ չէզոք Յունաստանի՝ որպէս օսմանեան յոյների հաւանական պաշտպան պետութեան դերով, մինչդեռ հայերի դէպքում չկար պաշտպանող պետութիւն։ Երիտթուրքերը կարողացան արագ եւ որոշակի ոչնչացնել նրանց՝ առանց դրսի որեւէ էական «միջամտութեան»։
Ի՞նչ դեր խաղաց Գերմանական կայսրութիւնը, որը ռազմական դաշնակիցն էր Օսմանեան տէրութեան 1913 թուականից։ Նա 1914 թուականին Օսմանեան տէրութեանը միտումնաւոր մղեց պատերազմի Ռուսաստանի դէմ եւ մեծ մասամբ անգործունեայ հետեւում էր, թէ ինչպէս իր թուրք դաշնակիցները նուաստացնում, խոշտանգում, կոտորում եւ սովամահ էին անում իրենց քրիստոնեայ քաղաքացիներին: Երեք յօդուածներ վերաբերւում են Գերմանիայի դերին այն ժամանակ եւ ներկայիս։ Փոտսդամի Լեփսիուսհաուզի տնօրէն Ռոյ Քնոքէն օգտագործում է գերմանացի բողոքական աստուածաբան Յոհաննէս Լեփսիուսի կենսագրութիւնը՝ նկարագրելու նրա դերը որպէս հայերի պաշտպանի եւ նրանց բնաջնջման փաստագրողի։ SKD (Ցեղասպանութեան դէմ ընկերակցութիւն e.V., Մայնի Ֆրանկֆուրտ) եւ Akebi e.V. (Բեռլին) ընկերակցութիւնները զբաղւում են այսօրուայ թուրք հասարակութեան եւ թուրքական ծագում ունեցող սփիւռքում պատմական մեղքի մշակմամբ: Իր ներդրման մէջ SKD-ն նաեւ նկարագրում է 2021 թուականին մահացած Ալի Էրթեմի նախագահած ակումբի մեծ ձեռքբերումը։ 2000 թ. ապրիլին Թեսսա Հոֆմանի եւ այս տողերի հեղինակի հետ նրանք հայերի եւ քրիստոնեայ այլ զոհերի խմբերի ցեղասպանութիւնը «ճանաչելու» կամ դատապարտելու, թուրքական պատմութեան վերագնահատման եւ պատմական պատասխանատւութեան ստանձնման համար խնդրագիր ներկայացրեցին Գերմանիայի Բունդեսթագին։ Նման դրական օրինակները յատկապէս անհրաժեշտ են Գերմանիայում, որտեղ գոյութիւն ունի թուրքական ծագմամբ ամենամեծ օտարերկրեայ համայնքը: Ինչպէս 2015 թուականին նշել է մանկավարժական գիտութիւնների մասնագէտ, գերմանացի Մարտին Շտուպերիխը, թուրքական ծագում ունեցող ծնողները, նրանց ակումբներն ու միութիւնները հակառակում են օսմանցիների իրագործած ցեղասպանութեան մասին դպրոցական դասաւանդման։ Ըստ Շտուպերիխի, հենց այս ընդդիմութիւնն է խանգարում գերմանացի ուսուցիչներին դպրոցի դասերում անդրադառնալու այդ թեմային: Այդ իսկ պատճառով ուսուցիչները մինչ այժմ սահմանափակուել են ցեղասպանութեան թեմայի հետ Շոահի օրինակով զբաղուելով, նոյնիսկ այն դաշնային նահանգներում, որտեղ ուսումնական ծրագրերը հնարաւորութիւն են տալիս ուսուցանել ցեղասպանութեան այլ օրինակներ: Ներկայումս դա այդպէս է Գերմանիայի 16 դաշնային նահանգների մօտ մէկ երրորդում:
Այնուամենայնիւ, քանի դեռ Շոահից բացի ցեղասպանութեան այլ օրինակների մասին տեղեկատւութիւնը պարտադիր չէ, Թեսսա Հոֆմանը կարծում է, թէ բարելաւման քիչ հեռանկար կայ: Հետեւաբար, իրաւապաշտպանը կոչ է անում պարտադիր տեղեկատւութիւն տրամադրել երեք ցեղասպանութիւնների մասին, որոնք սերտօրէն կապուած են Գերմանիայի պատմութեան եւ մեղքի մասնակցութեան հետ: Դրանք են՝ տասնեակ հազարաւորների գերմանական գաղութային ցեղասպանութիւնը ներկայի Նամիբիայի տարածքում (1904-1908 թթ.), Գերմանիայի դաշնակից Օսմանեան տէրութեան մէջ թուրքերի գործադրած ցեղասպանութիւնը Առաջին համաշխարհային պատերազմից առաջ, պատերազմի ժամանակաշրջանում եւ յետոյ, ու Եվրոպայի հրեաների եւ սինտիների (գնչուների) ցեղասպանութիւնը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Հայոց ցեղասպանութեան Գերմանիայի Բունդեսթագի երկրորդ «ճանաչման» բանաձեւը (2016 թ.) դաշնային կառավարութեանը պարտաւորեցնում է երաշխաւորել, որ օսմանցիների գործադրած ցեղասպանութեան օրինակը դասաւանդուի երկրի դպրոցներում։ Մինչ այժմ այս ուղղութեամբ քիչ բան է տեղի ունեցել։ Թեսսա Հոֆմանի համապարփակ, ձեռնհաս եւ ընդհանուր առմամբ հասկանալի ներկայացման շնորհիւ, այժմ բարելաւման հեռանկար կայ: Համապատասխան ուսումնական նիւթերի բացակայութիւնն այսուհետ այլեւս պէտք չէ խոչընդոտ հանդիսանայ։ Բացի այդ, հեղինակը իր աշխատանքի հետ համատեղում է յոյսը, թէ պատմական մեղքի հետ հաշտուելը կնպաստի ապագայ յանցագործութիւնների կանխարգելմանը եւ միջազգային ըմբռնմանը. «Ժխտողականութիւնը խանգարում է նաեւ եղեռնի վէրքի ապաքինմանը։ Սրան գումարւում է ԶԼՄ-ներում ատելութեան խօսքը: Ըստ Media Watch-ի (2014) ուսումնասիրութեան՝ հայերը թուրքական ԶԼՄ-ների լուսաբանման մէջ ատելութեան կամ խտրական խօսքի ամենաշատ տուժած խումբն են՝ 75 դրուագով. յաջորդում են հրեաները (66 դրուագ), քրիստոնեաներն ընդհանուր առմամբ (45) եւ Թուրքիայի յոյները (21)»: