Լինել Հայ Եւ Մնալ Հայ
Անուն ազգանուն.- Ռուբինա Փիրումեան-Մինասեան
Ծննդեան տարեթիւն ու վայրը.- 1936, Դեկտեմբեր 11, Թաւրիզ, Իրան.
Բնակութեան մշտական վայրը.- Գլենդել, Քալիֆորնիա, ԱՄՆ.
Մասնագիտութիւնն ու աշխատանքային գործունէութիւնը.- Ճարտարագէտ, վկայեալ Թեհրանի Պետական համալսարանից: Աշխատել եմ այդ ասպարէզում 1960-1980, որոշ դադարումներով: 1980-1989 ուսանել եմ Քալիֆորնիայի համալսարանում, Լոս Անջելըս (UCLA), Միջին Արեւելեան լեզուների եւ մշակոյթների բաժանմունքում (Near Eastern Languages and Cultures): 1989ին արժանացել եմ դոկտորայի աստիճանի՝ մասնագիտանալով հայոց գրականութեան մէջ: Աւարտաճառիս նիւթը եղել է համեմատական ուսումնասիրութիւն Հայոց Ցեղասպանութեան եւ Հրէական Ողջակիզման գրական ազդեցութիւնների: Որպէս դասախօս հայոց լեզուի եւ գրականութեան՝ աշխատել եմ նոյն համալսարանում 1985-1995: Հեղինակել եմ դասագրքեր (Հայ Դատի եւ Հայոց Ցեղասպանութեան) եւ վերլուծական առանձին հատորներ: Հայոց Ցեղասպանութեան նիւթով յաճախակի ելոյթներ ունեմ միջազգային գիտաժողովներում:
ՀԱՐՑ.- Ի՞նչ հանգամանքների բերումով էք դուք ծնուել ու մեծացել պատմական հայրենիքից դուրս:
ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄԵԱՆ.- Ծնողներս եղել են բնիկ պարսկահայեր, բացի մօրս հայրը, որ 1906ին, որպէս Եփրեմ Խանի զինուոր, Էրզրումից Պարսկաստան է եկել եւ յեղափոխութիւնից յետոյ բնակութիւն հաստատել եւ ընտանիք է կազմել Պարսկաստանում:
ՀԱՐՑ.- Ինչպէս է ձեր ծագումը յարաբերւում ձեր քաղաքացիութեան հետ: Ձեզ խանգարում, թէ հարստացնում է այդ պարտադրուած երկատուածութիւնը:
ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄԵԱՆ.- Կեանքիս կէսից աւելին եղել եմ իմ ծննդավայր՝ Իրանի քաղաքացի: Դրանով հանդերձ, որ այն տարիներին կանանց մուտքը ընտրածս մասնագիտութեան ոլորտում շատ հազուագիւտ էր, ո՛չ համալսարանում եւ ոչ էլ աշխատանքիս ասպարէզում խտրականութիւն չեմ զգացել: Բայց խորապէս գիտակցել եմ, որ իրանցի համարուելով հանդերձ, պատկանում եմ երկրի ազգային փոքրամասնութիւններից մէկին (Իրանում ազգային փոքրամասնութիւն էին համարւում հայերը, հրէաները եւ ասորիները): Ընտանեկան դաստիարակութիւնս եւ տեղի մշակութային կազմակերպութիւններում ստացածս ազգային դաստիարակութիւնը իմ մէջ սերմանել է կարօտը ոչ հեռու, բայց անհասանելի հայրենիքի եւ ամրակայել մէջս՝ ազգային ինքնութիւն եւ պատկանելիութիւն, որ լիովին համապատասխանում էր ազգային փոքրամասնութեան անդամ լինելուս հանգամանքին: Այս բոլորը, ի հարկէ, Իսլամական յեղափոխութիւնից առաջ, քանի որ յեղափոխութեան ընթացքում եւ յետոյ մենք ընտանիքով՝ ես, ամուսինս եւ երկու զաւակներս, Ամերիկայի Միացեալ Նահանգներում էինք արդէն: Վերջին 30 տարին ԱՄՆի քաղաքացի եմ՝ լիովին ընտելացած լեզուին, մշակոյթին, ապրելակերպին եւ սովորոյթներին: Այստեղ ազգային փոքրամասնութեան անդամ չեմ, քանի որ բաժանումները ցեղային են եւ ես պատկանում եմ սպիտակամորթ (Caucasian) մեծամասնութեան: Այնուամենայնիւ, այստեղ աւելի խորն եմ զգում կապուածութիւնս հայրենիքիս, բայց ինձ աներկբայօրէն սփիւռքահայ եմ զգում: Զգում եմ ո՛չ թէ երկատուած, այլ ինքնութեանս մէջ գոյութիւն ունեն երեք ձգողական ուժեր՝ ծննդավայրս՝ Իրանը, հայրենիքս, որ Հայաստան աշխարհն է, որի ներշնչանքով ու կարօտով եմ դաստիարակուել, եւ վերջապէս՝ երկիրը, ուր մշտական բնակութիւն եմ հաստատել: Եւ այդ բեւեռները՝ երբեմն իրարամերժ, իրար հակասող, ինձանից կողմնորոշում պահանջող, երբեմն էլ իրար լրացնող եւ ինքնութիւնս հարստացնող: Ահա սփիւռքահայի իւրայատուկ իրավիճակ:
ՀԱՐՑ.- Ինչպիսի՞ զգացողութիւններ էք ունենում «օտարների մէջ իւրային, իւրայինների մէջ օտար» արտայայտութիւնը լսելիս:
ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄԵԱՆ.- Արտայայտութիւնը լիովին համապատասխանում է իմ հոգեկան աշխարհին: Ի սկզբանէ ձեւաւորուած սփիւռքահայի իմ մտայնութեան մէջ բնական երեւոյթ է ոչ
հայ հարեւանիս, գործակցիս, համաերկրացուս օտար տեսնելը: Ինքս ինձ աւելի հանգիստ եմ զգացել հայկական համայնքում ու հայ միջավայրում, եւ դա՝ թէ՛ Իրանում եւ թէ ԱՄՆում: Ցաւալին իրողութեան երկրորդ երեսակն է: Այո, ինձ օտար եմ զգացել հայրենիքում, երբ շփումներս՝ տարբեր մակարդակի, տարբեր շրջանակի անձանց հետ ինձ պարտադրել են տեսնելու մտայնութեան, աշխարհայեացքի, համամարդկային ու ազգային արժէքների ընկալման տարբերութիւնը, հսկայ տարբերութիւն: Գերզգայո՞ւն եմ, անիրական ակնկալիքնե՞ր ունեմ, ըղձանքներս ու երազանքներս ինձ կտրե՞լ են իրականութիւնից: Չգիտեմ: Գիտեմ միայն, որ մենակ չեմ հոգեկան տագնապիս մէջ: Պարսկահայ-ամերիկահայ ճանաչուած գրող Յակոբ Կարապենցին օտար եկաւ Հայաստանի ժողովուրդը: Եւ նա ցաւով խոստովանեց, թէ ինքն իրեն զգացել էր «օտար եւ այցելու, երբ նրանք իմ եղբայրներն էին… Ես կորցրել էի դաշնը արեան ու հողի հետ եւ… փորձում էի վերագտնել ռիթմը, որը մաշուել էր օտար պողոտաներում»: Ամերիկահայ յայտնի բանաստեղծուհի Դայանա Տէր Յովհաննիսեանը նոյն զգացումն է ունեցել,
I am the stranger
in my fathers land,
the traveler to the country
I can neither leave
nor stay,
a foreigner in the place,
where millennium ago
my kind was bred.
Հայաստան-Սփիւռք յաճախակի շփումները կարող են փոխել այս տարօրինակ զգացումը ու հայը ազգ դարձնելու միջին ճամբայ գծել: