https://radar.am-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե ՀՀ ԶՈւ բարեփոխումներն ուղղված չեն որևէ պետության դեմ և միտված են բարձրացնել երկրի պաշտպանական կարողություններն ու դրանով ապահովելու տարածքային ամբողջականությունը։ Նա նաև նշել է, թե մեծապես կարևորում են Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին և համարում են այն կարևոր ներդրում միջազգային խաղաղության ու անվտանգության գործում։
«Հայկական խաղաղապահ ստորաբաժանումը շարունակում է իր ներդրումն ունենալ Կոսովոյի առաքելությունում»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ 2023թ. հուլիսին, երբ Կոսովոյում որոշակի անկայուն վիճակ էր, ավելացվել է ստորաբաժանման անձնակազմը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ հայտարարության ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին։ «Ակնկալում ենք միջազգային հանրության, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հաստատակամ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ հայտնի և երկուստեք համաձայնեցված սկզբունքների հիման վրա, ինչպես նաև հարկադրանքի և սպառնալիքի քաղաքականության միանշանակ մերժումը»,– ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով, ներկայացվել է նաև 1991թ. Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային ետքաշման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման, չհարձակվելու վերաբերյալ պայմանագրի ստորագրման առաջարկները, որոնց առնչությամբ Բաքվից դրական արձագանք չեն ստացել մինչ օրս։
Փաշինյանն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին։ Վարչապետի խոսքով, Թուրքիայի հետ դեռ 2022թ. ձեռք բերված և հետագայում վերահաստատված պայմանավորվածություների իրագործումը կարող է դրական ազդել հարավկովկասյան տարածաշրջանում կայունության հաստատման վրա։