Դոկտոր Կարապետ Մոմճեանը ներկայացրեց Հայոց Ցեղասպանութեան մասին բացառիկ վկայութիւններ ամփոփող, Հայոց Ցեղասպանութեան մասին Հայաստանի Ազգային արխիւի փաստաթղթերի ժողովածուն, որ ամփոփուել է «Հայոց Ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում: Վերապրածների վկայութիւններ: Արխիւային փաստաթղթեր» եռահատորեակում՝ բացառիկ իր բնոյթով: Գրքի կարեւորութեան մասին իր խօսքում նշեց դոկտոր Կարապետ Մոմճեանը՝ Մայիսի 24ին, Գլենդելի Հանրային գրադարանում կայացած հանրային հաւաքի ժամանակ, որ կազմակերպել էր «Արարատ» հիմնադրամը՝ Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման Լոս Անջելեսի Միացեալ մարմնի հովանաւորութեամբ: «70ականներից սկսած, բանաւոր պատմութիւնների բազմաթիւ փաստահաւաքումներ են եղել, սակայն այս գրքում տեղ գտած վկայութիւնները բացառիկ են, քանզի վերապրածների հետ հարցազրոյցները կատարուել են 1916-1917թթ., երբ նրանց յիշողութիւնը թարմ էր: Այս փաստաթղթերն օգնում են գաղափար կազմելու մարդկային, նաեւ՝ նիւթական ու մշակութային որոշակի կորուստների մասին, այստեղ առկայ են ստոյգ հասցէներ ունեցող մարդկանց վկայութիւններ, ովքեր ներկայացնում են կոնկրետ իրենց բնակավայրերում ոճրագործութիւնը կազմակերպողների եւ իրագործողների անունները», ներկայացրեց դոկտոր Մոմճեանը՝ նշելով, որ տեղեկութիւնները կարող են որպէս ապացոյց ծառայել միջազգային իրաւական հարթակում՝ Ցեղասապանութեան հարցն արծարծելիս: «Հայոց Ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում: Վերապրածների վկայութիւններ: Արխիւային փաստաթղթեր» եռահատորեակում ամփոփուած են 600ից աւելի բացառիկ վկայութիւններ, որ հաւաքուել են Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բաքուի կոմիտէի նախաձեռնութեամբ: Փաստահաւաքի աշխատանքները ղեկավարել է Ռոստոմը, յանձնախմբի կազմում են եղել Զապէլ Եսայեանը, Վահան Թոթովենցը, զօրավար Անդրանիկը եւ շատ ուրիշներ: Վարչատարածքային առումով, եռահատորեակում տեղ գտած վկայութիւնները բաժանուած են մասերի՝ Վանի, Բիթլիսի, Էրզրումի, Խարբերդի, Դիարբեքիրի, Սեբաստիայի, Տրապիզոնի նահագների եւ՝ Պարսկահայքի: Գրքում կան քարտէզներ, որ ներկայացնում են գաւառները գիւղ առ գիւղ՝ իրենց եկեղեցիներով, բերդերով ու ամրոցներով, խաչքարերով, սրբատեղիներով ու կամուրջներով: Տեղեկութիւնները հաւաքուել են յատուկ հարցաշարի միջոցով, որ պարզում է անհատի տուեալները՝ մինչ տեղահանումը նրա բնակավայրը, ունեցուածքի չափը, տուեալ շրջանում բնակչութեան քանակը, եկեղեցիների, դպրոցների, մշակութային հաստատութիւնների թիւը: Հարցաշարում նաեւ ճշդւում է հայերի կրած զրկանքները, նրանց այդ պահի իրավիճակը, փորձ է արուել հաւաքելու թուրքերի կողմից հայերի զօրահաւաքների, բանակում հայ զինուորների վիճակի, կոտորածի եւ տեղահանութեան մասին վկայութիւններ:
Հայաստանի Ազգային արխիւի այս արժէքաւոր ժողովածուի հրապարակումը հնարաւոր է դարձել մոսկուայաբնակ բարերար Գագիկ Մելիքեանի եւ նրա համախոհների ստեղծած «Վան» հասարակական կազմակերպութեան հովանաւորութեամբ: Ներկայում իրականացւում է գրքի անգլերէն թարգմանութիւնը, նախատեսուած է նաեւ թուրքերէն եւ այլ լեզուների թարգմանութիւն՝ փաստաթղթերը միջազգային հանրութեանը ներկայացնելու համար: Այս նպատակն իրականացնելու գործին կարող ենք մասնակից դառնալ բոլորս՝ ձեռք բերելով «Հայոց Ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում: Վերապրածների վկայութիւններ: Արխիւային փաստաթղթեր» եռահատորեակը: Ձեր նուիրատուութիւնն այս նախաձեռնութեանը կը ծառայի գրքի թարգմանութեան, նոր հատորների հրատարակման, ինչպէս նաեւ՝ Հայաստանի Ազգային արխիւում առկայ բազմաթիւ այլ փաստաթղթերը լոյս ընծայելու ծրագրին, որն իրականացնում է «Վան» կազմակերպութիւնը: Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման Լոս Անջելեսի Միացեալ մարմինը եւս մասնակցում է գրքի մասին տեղեկատուութեան տարածման աշխատանքներին: «Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին ընդառաջ, մեր կազմակերպութեան նպատակներին համահունչ, որոշեցինք աջակցել եւ քաջալերել «Արարատ» հիմնադրամի եւ «Վան» կազմակերպութեան այս չափազանց կարեւոր նախաձեռնութեանը: Ցեղասպանութեան կենդանի արխիւների անգլերէն եւ այլ լեզուներով թարգմանութիւնն առաջնահերթութիւն է, եւ Միացեալ մարմինը պատրաստւում է աշնանը կազմակերպել գրքի շնորհանդէսը՝ հրաւիրելով նաեւ այս նախաձեռնութիւնն իրականացնողներին», յայտնեց Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման Լոս Անջելեսի Միացեալ մարմնի խորհրդի անդամ Դաւիթ Սամուէլեանը:
Հանրային գրադարանում կայացած ձեռնարկին ներկայ էին Լոս Անջելեսի հայ համայնքի տարբեր ներկայացուցիչներ, մտաւորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ովքեր եւս ընդգծեցին այս փաստաթղթերի բացառիկ արժէքը՝ գիրքը միջազգային հանրութեան ներկայացնելը համարելով առաջնահերթութիւն:
Նշենք, որ «Հայոց Ցեղասպանութիւնը Օսմանեան Թուրքիայում: Վերապրածների վկայութիւններ: Արխիւային փաստաթղթեր» եռահատորը գնելու համար կարող էք դիմել «Արարատ» հիմնադրամին՝ (818)-378-5657 հեռախօսահամարով, կամ «Ապրիլ» գրախանութին:
Ձեռք բերելով պատմական նշանակութեան այս գիրքը, իւրաքանչիւրս նաեւ մեր ներդրումն ենք ունենում Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ