«Գրիգոր Գուրզադեանը Ծաղիկն Ու Տիեզերքը Կրում Էր Նոյն Կոպի Տակ»
Վարեց՝ ՎԱՐԴՈՒՀԻ ՍԻՄՈՆԵԱՆ
«Մարդը, մարդ արարածը պիտի հոգի ունենայ: Թո՛ղ, նա չունենայ ոչինչ, չունենայ կապ աշխարհի հետ, բայց ունենայ հոգի, նա կ՛ունենայ ամէն ինչ, նա կը տեսնի ու կը լսի Տիեզերքը…»: Ամբողջը երկու տողով կարող էր սահմանել միայն նա՝ դարի մեծագոյն մտածող Գրիգոր Գուրզադեանը: Երբ հանդիպեցի նրան, յետոյ ինքս ինձ խոստովանեցի՝ եթէ աւելի շուտ լինէր այս հանդիպումը, ես հաստատ աւելի քիչ յիմարութիւններ կ՛անէի, աւելի շուտ կը գտնէի իմ կարդալիք գրքերը ու երեւի աւելի քիչ վախենայի նախասահմանուած մենակութիւնից, իսկ այդ դէպքում շուրջբոլորս հաստատ չէի լցնի անհարկի աղմուկով: Մեծ մեղք է թողնել, որ Գուրզադեանի հանճարեղ մտքերը անգիր թափառեն. ինձ համար գտածոյ են այն մարդիկ, ում «աստղը բռնել է» մեծ աստղագէտի հետ եւ բարեբախտութիւն են ունեցել կլանել նրա տիեզերական էներգիան, նրա շունչը, նրա այդքա՜ն հրեղէն խօսքը:
Բանաստեղծուհի Սոնա Վանն իմ այդ գտածոներից է, իսկ Գուրզադեանին նուիրուած նրա «Ծաղիկ Եւ Տիեզերք» էսսէն առանց վարանելու կարելի է համարել մեծ գիտնականին ձօնուած թերեւս ամենաոգեղէն ստեղծագործութիւնը: Ինչ լաւ է, որ մեր գէշ աւանդոյթի համաձայն՝ այս գործն էլ յետմահու չգրուեց, եւ Գուրզադեանը հասցրեց այն շօշափել եւ անգամ՝ սիրել, որովհետեւ այն սրտով էր գրուած, իսկ ինքն ասում էր, չէ՞. «Սիրտն ունի իր գաղտնիքները, որոնք անմատչելի են բանականութեանը: Եւ հէնց դրանով էլ՝ Մարդը անսահմանօրէն գերազանցում է մարդուն…»:
Սոնա Վան. Հատուած «Ծաղիկ Եւ Տիեզերք» Էսսէից
«Այնպիսի որոշակի զգացում ունէի, որ կարծես աջ ցուցամատով ակամայ դիպել եմ տիեզերքի ու մոլորակի միջեւ անտեսանելիօրէն ձգուած, բայց ժամանակաւորապէս շօշափելի դարձած մի պիրկ ու լարուած ներվաթելի, եւ սակայն սկսնակի բախտի բերումով ճշգրիտ է ստացուել հպումիս ձեւը եւ ահա… նուագում է այս միլարանի մկանէ երգեհոնը:
Օպտիկական ֆոկուսի ինչպիսի ճկունութիւն է պահանջւում տիեզերքում՝ ծաղիկ եւ ծաղկի մէջ՝ տիեզերք տեսնելու համար: Մտքի եւ սիրոյ ինչպիսի խտութիւն, կենտրոնացման ինչպիսի չափ: Ու եթէ միայն մէկ աչքը բաւական է տիեզերքն ու ծաղիկը միաժամանակ նոյն կոպի տակ կրելու համար, եւ կենտրոնացումը միայն կարող է փոխարինել բոլոր զգայարաններին, ապա որքան անտեղիօրէն շռայլ է, չէ՞… Տէրը: Ու բացակայ աչքը մի պահ ընկալուեց որպէս առաւելութիւն, որպէս աստուածային ճշգրիտ չափ, որով Բարձրեալը օրհնում է իր ընտրեալին: Որ չլինի վատ բան, որ չսպառուի հանճարի լոյսը, ուժն ու ժամանակը միայն սեփական տեսակի գոյութիւնն արդարացնելու, իր յայտնութիւնը բացատրելու վրայ: Որ նա իր հետ չտանի աւելին, քան թողնելու է: Որ չճզմուի նա իր ակամայ խաչի ծանրութեան տակ: Որ չորբանայ մոլորակը: Որ չնեղանայ Աստուած, երբ տեսնի միջակութեան հրէշի ձեռքերում իր շնչառութիւնը վերականգնել փորձող, մի տեսակ ինքն իր լոյսից ամաչող հանճարին: Իր լոյսի կրողին…»:
ՎԱՐԴՈՒՀԻ ՍԻՄՈՆԵԱՆ.- Ամենամեծերի մասին խօսք գրելը, երեւի աշխարհի ամենածանր գործն է. Գուրզադեանի մահուան օրը ես տասնեակ գիտնականների ու գրողների դիմեցի, որ խօսեն նրա մասին, եւ պատշաճ յիշատակի էջ ունենանք մեր կայքէջում, բայց ընդամէնը մէկը կէսգիշերին արձագանգեց: Համարեա նոյնը եղաւ Լեւոն Խեչոյեանի դէպքում՝ գրողներն իմ խնդրանքին պատասխանում էին՝ չի գրւում: Բայց դուք ձեր «Ծաղիկ Եւ Տիեզերք» էսսէն, գրել էք հէնց առաջին հանդիպումից յետոյ. մէկ հանդիպումը բաւարա՞ր էր Գուրզադեանի պէս հսկայի ճշգրիտ դիմանկարն ամբողջացնելու համար: Չվախեցա՞ք:
ՍՈՆԱ ՎԱՆ.- Գիտէք, ես ոչ մի խնդիր չէի դրել ճշգրիտ դիմանկար ստանալու համար: Իմ խնդիրը ոգեւորութիւնից ազատուելն էր, որպէսզի կարողանամ մէկ այլ բանով զբաղուել, ապրել: Ցանկութիւնս՝ օրը եւ օրուայ տպաւորութիւնը, իմ տեսած ու իմ ենթադրած մարդուն, մտածողին ֆիքսելն էր, Գառնու ձորում թաքնուած տիեզերքի որդուն եւ նրա հետ ծնուած մտորումները պահպանելը: Այդ եմ փորձել անել եւ երջանիկ եմ, որ ինքը գոհ մնաց իմ այդ արարքից: Յիշում եմ, թէ ինչ ոգեւորութեամբ էր Սիլվա Եուզբաշեանին խնդրում, որ հատուած ընթերցի իր համար: Լեւոն Անանեանն ինձ պատմում էր, որ նա այդ գործը շատերին էր նուիրում:
ՎԱՐԴՈՒՀԻ ՍԻՄՈՆԵԱՆ.- Մի օր նա գիտական ճշգրտութեամբ ապացուցեց տիեզերքում մարդու բացառիկութիւնը նրա որոշում ընդունելու մենաշնորհով եւ որքան էլ զարմանալի է, այն պայմանաւորում էր հէնց սիստեմով՝ բազմութեան չափուքանակով, որը նոր որակ է հաղորդում սիստեմի ցանկացած մասնիկի: Այնպէս որ, մենք կարող ենք որոշում ընդունել եւ թէկուզ այսօրինակ զրոյցներով ստեղծել Գուրզադեանի բանաւոր մտքերի համակարգը, որովհետեւ Հրանդ Մաթեւոսեանի ասած՝ մի թռչունը չգիտի հարաւի տեղը, բայց երամը՝ գիտի:
ՍՈՆԱ ՎԱՆ.- Ի միջիայլոց, այդ քանակական սիստեմների շուրջ նա բերում էր տառի եւ բառի, բառի եւ նախադասութեան օրինակը. թէ ինչպէս է տառերի բազմութիւնը վերածւում սիստեմի եւ բացառիկ միտք ծնում: Իսկ մի օր էլ նա ինձ ցոյց տուեց, թէ էլեկտրոններն ինչպէս են ռմբահարում էկրանը եւ բացատրեց, որ որոշակի թուով էլեկտրոններ պէտք է դիպչեն էկրանին՝ պատկեր ստանալու համար: Նա ինձ պատմում էր, որ այդ էլեկտրոնները ոչ մի համաչափութիւն չունեն, եւ երբեք չես կարող իմանալ, թէ ո՞րը կը դիպչի էկրանին եւ որը՝ ոչ, որովհետեւ այդ էլեկտրոնները քմահաճ են ու անկանխատեսելի: Ես հարցրի. «Կարելի՞ է ասել, որ քուանտը (quantum) մասնիկի հոգեւոր ասպեկտն է, հոգեւոր կեցուածքը: Չէ՞ որ քուանտը՝ որպէս մարմին, նոյնպէս հոգի ունի, որով կառուցւում է նրա շարժման տրամաբանութիւնը կամ անտրամաբանութիւնը, եթէ այդ հոգու հիմնական յատկանիշը, ըստ ձեզ, քմահաճութիւնն է»: Նա ժպտաց եւ ասաց. «Սոնա, այդպիսի հարց միայն պօէտը կարող էր տալ»: Բայց զգացի, որ նրա դէմքը լուսաւորուեց այդ հարցից: Չէ՞ որ նա ամէն ինչի մէջ հոգի էր փնտռում:
ՎԱՐԴՈՒՀԻ ՍԻՄՈՆԵԱՆ.- Եւ սա է միգուցէ ամենակարեւորը, չէ՞ որ աշխարհն այսօր շուռ է գալիս հէնց անհոգի դառնալու պատճառով: Ստացւում է, որ գիտութեան բոլոր նուաճումները ի չարս են օգտագործւում, որովհետեւ չունեն հէնց այդ «հոգեւոր ասպեկտը»:
ՍՈՆԱ ՎԱՆ.- Մենք շատ ենք զրուցել մարդկային մտքի գերաճի եւ հաւասարապէս չաճող մարդկային բարոյականութեան ու խղճի մասին: Գուրզադեանը մի անգամ պատմեց մի տեսաֆիլմի մասին, որն իրեն ցնցել էր. ֆիլմը ատոմային ռումբ յայտնագործած հռչակաւոր Օպենհայմերի մասին էր: Իրեն ցնցել էր այն, որ ֆիլմում գիտնականը կանգնած դիտում էր իր իսկ յայտնագործութեան պատճառած արհաւիրքը: Այդտեղ ռեժիսորը խնդիր էր դրել արձանագրել գիտնականի դէմքի արտայայտութիւնն այնպէս, որ այն ճշգրտօրէն արտացոլէր ատոմային պայթիւնի արհաւիրքը՝ առանց այն ցուցադրելու: Ինչ հանճարեղ խնդիր է դրել, չէ՞:
ՎԱՐԴՈՒՀԻ ՍԻՄՈՆԵԱՆ.- Հաստատ: Աղէտի ընթացքում մարդու դէմքն աւելի խօսուն ու ինֆորմատիւ է ցանկացած կադրից, մի կադրով հնարաւոր է ցոյց տալ ամբողջ ֆորս-մաժորը (անկանխելի պարագան-Խմբ.):
ՍՈՆԱ ՎԱՆ.- Ահա այդ հանճարեղ ռեժիսորը հէնց դա էլ արել էր. Գուրզադեանը խօսում էր մեծ գիտնականի, բայց անկարեկից դարձած մարդու տիեզերական մեծ ողբերգութեան մասին, նրա ձեռքերով ոչնչացուող այս մոլորակի մասին: Ես շատ յուզուեցի այդ օրը, որովհետեւ տեսայ, որ ինքն էլ էր համոզուած, որ ետդարձի ճանապարհ չկայ այլեւս, ու մենք այդ օրը նրա Գառնու ամրոցի պատշգամբում երկար նայեցինք մայրամուտին: Նա այնքան նրբանկատ էր, որ շատ արագ զգաց, որ յուզւում եմ ու աննկատ փոխեց թեման…
ՎԱՐԴՈՒՀԻ ՍԻՄՈՆԵԱՆ.- Սիրելի Սոնա, ինձ թւում է բոլոր բաժանումներն ի վերջոյ պայմանական են, բացի թերեւս մէկից՝ աշխարհը բաժանուած է արուեստ, պօէզիա սիրողների եւ չսիրողների միջեւ. պօէզիան կեանքի նուրբ մանրամասներն են, մանրամասներից է կազմուած ամբողջը, եւ կոշտ ու անցողիկ է այն ամէնը, ինչի մէջ այդ մանրամասների զգացողութիւնը չկայ: Ինձ թւում է, հէնց դրան էր Գուրզադեանը հոգի ասում եւ ի՜նչ պօէզիա նա գիտեր: Մի անգամ ասաց, որ սուտ է ցանկացած գիտութիւն առանց մշակոյթի, եւ առանց մշակոյթի գիտութիւնը կը մեռնի:
ՍՈՆԱ ՎԱՆ.- Այո, նա վայելում էր պօէզիան: Եւ զարմանալի վարպետութեամբ ու քիմքով կարողանում էր ընտրել լաւագոյնը: Երեւի, դա տիեզերական ամբողջականութեան մէջ պօէզիան ընկալելու նրա աստուածատուր շնորհն էր: Գիտե՞ս, գրողն, օրինակ, շատ բան գրում է, որպէսզի ինքն այդ ընթացքում հասկանայ, գտնի որոշակի իմաստներ: Ինձ շատ հետաքրքիր էր գիտնականի ելակէտը, եւ մի օր հարցրի նրան, ասացի. «Ահա, բանաստեղծները գրում են, եւ որեւէ մէկին ապացուցելու բան չունեն: Աւելին՝ գրում են, որ հէնց իրենց համար մի բան պարզեն: Իսկ գիտնականին ի՞նչն է մղում դէպի իր յայտնագործութիւնը»: Օրինակ, Էյնշտէյնն ասում էր, որ պօէտիկ հանճարն է գիտնականին մղում յայտնագործութեան: Չէ՞ որ մարդը նախ զգում է, ապա՝ մտածում:
ՎԱՐԴՈՒՀԻ ՍԻՄՈՆԵԱՆ.- Չասա՞ց երկուսն էլ նոյն գործին են…
ՍՈՆԱ ՎԱՆ.- Համարեա հէնց դա էլ ասաց, կոնկրետ օրինակներով բացատրեց, որ գիտնականին էլ է մղում հէնց պօէտիկ միտքը, ուղղակի մեթոդներն են տարբեր. մի տեղ բառ է, միւս տեղում՝ թիւ, փաստարկ:
ՎԱՐԴՈՒՀԻ ՍԻՄՈՆԵԱՆ.- Սոնա, ի վերջոյ, պօէզիան էլ է տիեզերաբանութիւն՝ հաղորդութիւն է տիեզերքի հետ: Իմ կարծիքով, բարձր ու չքնաղ բանաստեղծութիւնը հէնց երկնքից է ընկնում եւ միայն ընտրեալների վրայ: Իսկ ով է այդ ընտրեալը. միգուցէ հէնց նա, ում հայեացքն աւելի բարձրում է, աւելի վեր: Ուրեմն գիտնականն ու պօէտն իսկապէս նոյն բանն են անում՝ երկուսդ էլ մարդկանց պատրաստում էք թռիչքի, չէ՞: Քո «Ծաղիկ Եւ Տիեզերք» էսսէն հէնց այդ հունն ընկած էլ գնում է, կարծես:
ՍՈՆԱ ՎԱՆ.- Այնտեղ, եթէ յիշում ես, կայ այսպիսի կտոր, ուր աշխարհակալ Նապոլէոնն ու Գէօթէն հանդիպում են: Ես գրել եմ. պատժաչափի այս բնազդային ընկալումով էր երեւի, որ խոնարհուել է աշխարհակալ Նապոլէոնի գլուխը, երբ նա հանդիպել է Գէօթէին: Ահա մարդը՝ ներքին դողով մատնանշել է նա ու հրամայել անձեռնմխելի դարձնել նրա անձն ու ունեցուածքը: Սա այն դողն է, որով հոգու արիստոկրատը խոնարհւում է իր տեսակի արարչական կատարելութեան առջեւ:
Փա՜ռք այսպիսի մտածողութիւն ունեցող զօրավարին, մարդուն, պետութեանը, որովհետեւ այս ամէնին դիմակայող հանճարների շնորհիւ է կեանքը Երկրի վրայ աւելի տանելի դարձել, եւ ոչ ոք առանձնապէս չի շտապում դէպի երկինք:
ՎԱՐԴՈՒՀԻ ՍԻՄՈՆԵԱՆ.- Փառք նաեւ մեր պետութեա՞նը, մեր զօրավարի՞ն. Գուրզադեանն ասում էր. «Մեր պետութիւնն իսկի իմ տեղը չգիտի: Եւ ես լաւ եմ զգում դրանից: Որպէսզի իմանան ով է Գուրզադեանը, նրանցից կը պահանջուի սկսել նրանից, թէ ի՞նչ է գիտութիւնը, ի՞նչ է մտածողութիւնը: Իսկ նրանք, բացի միմեանց հետ հաշիւներ մաքրելուց, կարո՞ղ են աւելի լուրջ բանով զբաղուել»:
ՍՈՆԱ ՎԱՆ.- Գուրզադեանը շատ լաւ գիտէր, թէ ինչ է կատարւում գիտութեան ասպարէզում: Եւ, այո՛, ամբարիշտ էր դրա հետ: Նա չէր կարող յարմարուել այդպիսի վայրագութեան հետ, նա, ընդհանրապէս, չյարմարուող տեսակ էր: Մեծ գիտնականը չէր կարող տեսնել, թէ ինչ է կատարւում ակադեմիայում եւ լռել: Այդ աճուրդի դրուած պաշտօնները, կոչումները, կեղծ պաշտպանութիւնները նրան բերել էին այն համոզման, որ ՀՀ գիտութիւնների ակադեմիան պէտք է լուծարել եւ նորը հիմնել: Նա այլեւս իր տունը չէր համարում այդ հաստատութիւնը:
ՎԱՐԴՈՒՀԻ ՍԻՄՈՆԵԱՆ.- Որովհետեւ մարդն արդէն ապացուցել էր բոլորին, որ նրա «Օրիոնները» կը թռչեն հէնց Գառնիից, ոչ թէ ասենք Բայկանուր տիեզերակայանից: Իսկ այսօր մեր գիտութիւնն ու պետութիւնը վաղուց չեն հաւատում իրար:
ՍՈՆԱ ՎԱՆ.- Ինքը պետութիւնն արժեւորւում է հէնց գիտութեան նկատմամբ ունեցած վերաբերմունքով: Օրինակ, նա երկար պատմում էր Քենեդու մասին, ում օրօք իրագործուեց լուսնի վրայ մարդ իջեցնելու ամերիկեան ծրագիրը, ամենամեծ ոգեշնչմամբ խօսում էր Ապոլոնի թռիչքի մասին, ասում էր. «143 ժամ, 3 օրուկէս… ու մարդ արարածն ապրեց տիեզերական վեհութիւնը»: Մարդ որքան պիտի կարեւորի գիտութիւնը, որ ասի. «Եղաւ Քրիստոսը, եղաւ Սախարովը»: Նա մոլորակի ապագան տեսնում էր տիեզերագիտութեան մէջ: Ասում էր՝ մեծագոյն աճ կ՛ունենան միայն այն երկրները, որոնք կը կարողանան լաւ տիեզերագնացութիւն զարգացնել:
ՎԱՐԴՈՒՀԻ ՍԻՄՈՆԵԱՆ.- Սոնա, ինձ թւում է, դուք պիտի որ կարողանայիք նրանից կորզել նաեւ խիստ ինտիմ (մտերիմ, անձնական-Խմբ.) մի քանի գաղտնիքներ. օրինակ՝ նա կարողացե՞լ է գտնել ու վայելել իր մեծ սէրը, թէ ուղղակի ընտանիք, քաղաքացիական ու ամուսնական պարտաւորութիւններ եւ… վերջ:
ՍՈՆԱ ՎԱՆ.- Ասում էր. «Ամբողջ կեանքում փնտռել եմ այն էակին, ում կը ցանկանայի տրուել ամբողջութեամբ, մոռանալ ամէն ինչ եւ տրուել նրան… Այնպէս այրուել, որ ինձնից ոչինչ չմնայ»: Ի դէպ, ասեմ, որ Տիգրան Մանսուրեանն էլ մի օր համարեա նոյն բանն ասաց: Երեւի, մեծերը միշտ էլ պատրաստ են ինքնահրկիզումի: Ուղղակի կրակը պէտք է յայտնուի նրանց ոտքերի տակ: Մի օր իմ մի բանաստեղծութիւնն արտասանեցի նրա համար.
«մեռնելուց յետոյ
տեսնես որտեղ են
գնում ինձ նման
աղջիկները այն…»
ՎԱՐԴՈՒՀԻ ՍԻՄՈՆԵԱՆ.- Հա, սիրում եմ ես դա շատ.
«ինչպէս է տեսնես
ջերմաստիճանը
դրախտի հեռու
արուարձաններում»:
ՍՈՆԱ ՎԱՆ.- Հա, հէնց այդ տողի վրայ ասաց. «Ինձ դուր է գալիս քո համեստութիւնը, որ վստահ ես, թէ յայտնուելու ես դրախտի հեռու արուարձաններում»: Ես էլ պատասխանեցի. «Դա համեստութիւն չէ, պարոն Գուրզադեան, լաւ, սառը հաշուարկ է»: Ու ես էլ հումոր արեցի, ասացի. «Ամէն անգամ, երբ գիտութիւնը նոր յայտնագործութիւն է անում Աստծոյ, տիեզերքի մասին, Աստուած տեղափոխւում է մի փոքր հեռու»: Քահ-քահ ծիծաղեց:
ՎԱՐԴՈՒՀԻ ՍԻՄՈՆԵԱՆ.- Է՞լ ինչ գաղտնիք յանձնեց ձեզ:
ՍՈՆԱ ՎԱՆ.- Զարմանալին այն է, որ իր՝ ինձ տուած բոլոր գաղտնիքները հէնց պօէտիկ ու փիլիսոփայական էին: Ես նրա հետ հանդիպելուց յետոյ հասկացայ, որ լռութեան եւ մութի միջեւ ընկած տարածութեան մէջ է բացւում ճշմարտութեան ծաղիկը: Նախքան իր հետ հանդիպումը չէի կենտրոնացել լռութեան ու մութի միասնութեան հարցի շուրջ: Նրա ֆենոմենն օգնեց ինձ դա տեսնել:
ՎԱՐԴՈՒՀԻ ՍԻՄՈՆԵԱՆ.- Ձեզ չէ՞ր ասում, ինչո՞ւ էք թողել երկիրը, ինչո՞ւ էք մեկնել Ամերիկա…
ՍՈՆԱ ՎԱՆ.- Նա լաւ գիտէր, որ ճակատագրի բերմամբ եմ յայտնուել Ամերիկայում. դա իմ ընտրութիւնը չէր: Ամուսնացայ. իսկ որտեղ ամուսինդ, այնտեղ էլ՝ դու, ընտրութիւն չկար: Բայց Գուրզադեանը մեր հողին կառչելու մէջ էր տեսնում մեր փրկութիւնը: Նա միշտ ասում էր, որ մեր պապերը ամրոցներ են կառուցել մեր երկրում եւ ի զուր են ոմանք կրկնում, թէ հայերը միշտ սիրել են գաղթել: Իմ կարծիքով, այդ տեսակի մարդկանց առաքելութիւնը չէ միայն խնդիրների լուծումներ բերելը: Շատ աւելի կարեւոր է նրանց առաջ քաշած հարցերը: Տե՛ս, լինելով գիտնական՝ նա այդքան չէր կարեւորում տիեզերական ֆորմաները, որքան երկրայինները՝ շօշափելին: Այդ շօշափելին իր համար քիչ կարեւոր չէր: Իր երկնքին նայելու ձեւն էլ եմ ես որպէս գաղտնիք, եթէ կ՛ուզես՝ որպէս լուծում ընկալել: Կարծես, քեզ երկնքին նայելու ձեւ սովորեցնէր: Մտքովդ չէր անցնում, որ այս ահռելի գիտնականն իր ամբողջ կեանքը նուիրել էր անիմանալի Տիեզերքին, որովհետեւ յանկարծ մի ծաղկի վրայ կը կենտրոնանար եւ այնքան ծալքեր կը յայտնաբերէր:
ՎԱՐԴՈՒՀԻ ՍԻՄՈՆԵԱՆ.- «Իմ վերջին տիեզերական յայտնագործութիւնը, որի հետ երբեք չեմ սպառուի… ». այսպէս է նա մակագրել ձեզ նուիրած իր գիրքը: Տեսնես ինչո՞ւ:
ՍՈՆԱ ՎԱՆ.- Ես կանացիօրէն հրճուեցի, բայց միեւնոյն ժամանակ վատ զգացի, որ տիեզերքի հետ վիճաբանող հանճարին էլ պատել է սպառուելու վախը: Տուն գալու ճանապարհին անակնկալ տխրեցի՝ միթէ՞ անվերջանալի տիեզերքի հետ բանակցողը եւս ունի ինչ որ կէտում սպառուելու վախ: Փորձեցի պատկերացնել այդ վախը հանճարի զգայարանների սրութեամբ: Եւ մենութեան այդ չափն ինձ թուաց աւելի մեծ, քան ինքը՝ տիեզերքը…
Վարդ, անկեղծ եմ ասում. ինձ մի պահ թուաց, թէ ինքն իրօք վախենում է սպառուելուց: Ես զարմացայ՝ միթէ՞ տիեզերքի հետ շփուող մարդն ունի նոյն մահկանացուի վախը. շատ տխրեցի նրա մարդկային մենութեան այդ մեծ չափի համար: Շատ:
ՎԱՐԴՈՒՀԻ ՍԻՄՈՆԵԱՆ.- Կա՞ն այնպիսի հարցեր, որ շատ էք ցանկացել, բայց ամաչել էք նրան տալ:
ՍՈՆԱ ՎԱՆ.- Այն հարցերը, որ ուզում էի եւ ամաչում էի տալ, հիմնականում կապուած էին իր աստուածային հաւատի հետ: Որովհետեւ գիտէի, որ հաւատաքննութիւնը լաւ բան չէ, եւ միշտ ինձ զսպել եմ: Բայց մի անգամ փորձեցի չարաճճի ժուռնալիստի նման լինել եւ մտածեցի, որ եթէ անգամ լաւ չընդունի, բայց, այնուամենայնիւ, կը կորզեմ պատասխանը: Գիտե՞ս, ամէն անգամ, երբ զրուցում էինք Տիեզերքի ու յաւերժութեան մասին՝ սիրտս պայթում էր Աստծոյ գոյութեան եւ հաւատի մասին հարցեր տալու ցանկութիւնից, բայց եւ ամէն անգամ յիշում էի ֆիզիկոս հօրս տուած միեւնոյն հարցը՝ պապ, Աստուած կա՞յ: Ինչպիսի՞ն է նա: Հայրս, դրան պատասխանել էր, երբ ես տասնչորս տարեկան էի: Ասել էր, կան որոշ հարցեր, որոնք չի կարելի տալ որոշ մարդկանց, իսկ դու բաւականին մեծ աղջիկ ես եւ պարտաւոր ես սա հասկանալ: Այս դասը լաւ տպաւորուած էր իմ մէջ, եւ այդ պահին շատ լաւ գիտակցում էի, որ Գուրզադեանը այդ «որոշ» մարդկանցից է, եւ որ իմ հարցը այդ «որոշ» հարցերից է լինելու, բայց որոշեցի այնուամենայնիւ փորձել. իսկ Աստծուն հաւատո՞ւմ էք, հարցրի մի օր նրան: Մինչեւ այդ նրա լռութիւնը երբեւէ աւելի նշանակալից չէր եղել, որը շրխկոցով իջաւ իմ ու նրա միջեւ ու հաստատուեց: Պատասխանի փոխարէն գիտնականը մատներով սեղմեց շուրթերը, ասես շուրթերի այդ կոնկրետ ձեւն էր միայն ի զօրու անդրադարձնել իր զգացածը եւ ապա դանդաղ, բայց վճռականօրէն շրջեց գլուխը… հարցս կախուած թողնելով օդում յաւերժօրէն, ամօթալիօրէն մերկ ու անհեթեթ: Ես ակամայ իջեցրի կոպերս, թէպէտ կը նախընտրէի գետինը մտնել, ու անմիջապէս տեսայ հօրս՝ գլուխը յուսախաբ տարուբերելիս:
ՎԱՐԴՈՒՀԻ ՍԻՄՈՆԵԱՆ.- Նա կարծես չի խուսափել պատասխանել, ուղղակի պատասխանել է լռութեամբ, ինչպէս պատասխանել Արարիչն այն հարցին, թէ ինչ է ճշմարտութիւնը… իսկ եթէ ձեզ տրուէր եւս մի վերջին հարցի հնարաւորութիւն, ի՞նչ կը հարցնէիք նրան:
ՍՈՆԱ ՎԱՆ.- Աստուած կա՞յ. կը հարցնէի, ու թող նորից կրկնուէր ամօթալի, ամօթալի լռութիւնը: