«Սահմանադրութեան Փոփոխութեան Այս Մասնակի Քայլին Վերաբերւում Եմ Խիստ Բասացական»
ՎԱՐԵՑ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- 5 Ապրիլին նախատեսուած է հանրաքուէ, ինչի միջոցով ՀՀ իշխանութիւններն առաջարկում են սահմանադրական փոփոխութիւններ՝ մասնաւորապէս նախատեսելով դադարեցնել մինչեւ 2018ի Ապրիլի 9 ընտրուած Սահմանադրական Դատարանի նախագահի ու անդամների պաշտօնավարումը: Ի՞նչ դիրքորոշում ունէք այս հարցի շուրջ:
ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ.- Երկու տարի առաջ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց, որովհետեւ չէր ցանկանում այլեւս ճահիճում ապրել, իսկ ճահիճը նախեւառաջ բարոյահոգեբանական էր: Մենք տնտեսական, կենցաղային, առօրէական դժուարութիւններին կարողացել ենք դիմանալ, բայց հայ մարդը շատ ծանր է տանում, երբ իրեն խաբում են, թէկուզ եթէ այդ սուտն անմիջականօրէն իրեն չի առնչւում: Երբ Փաշինեանից լսեցի, որ նա խօսում է այն մասին, ինչ մենք յիսուն տարի առաջ էինք ասել՝ ինքնորոշում, մարդն ինքն է իր ճակատագրի տէրը, եւ «մենք ենք տէրը մեր երկրի» կարգախօսը որդեգրած շարժում է սկսում, ես իրեն աջակցեցի, եւ իմ աջակցութիւնը բաւական մեծ ազդեցութիւն ունեցաւ:
Ժողովրդի հիմնական ցանկութիւնը բարոյաքաղաքական եւ իրաւական մթնոլորտի փոփոխութիւնն էր, եւ այդ էր պատճառը, որ մենք ականատես եղանք մեր ժողովրդի կեանքում շատ չհանդիպող հերթական զարթօնքին: Սպասելի էր, որ այդ յատկապէս բարոյահոգեբանական ճահիճից, դուրս գալու համար պէտք է վճռական քայլեր կատարուեն, եւ բոլոր բանական մարդիկ սպասում էին, որ առաջին հերթին կ՛ազատուենք Սերժ Սարգսեանի պարտադրած սահմանադրութիւնից: Դա իսկապէս պարտադրուած սահմանադրութիւն էր, ամենայն պատասխանատուութեամբ եմ ասում, որովհետեւ ես եղել եմ միակ այլընտրանք առաջարկած քաղաքական գործիչը: «Ազգային ինքնորոշում» միաւորումը ներկայացրել էր բացարձակ ժողովրդավարական գաղափարի վրայ ստեղծուած սահամանադրութեան նախագիծ, եւ դրանց սկզբունքները քննարկուել էին վեց կուսակցութիւնների կողմից դեռեւս տասը տարի առաջ, ու այն ներկայացուել էր թէ՛ նախագահին եւ թէ Ազգային ժողովին: Այսինքն, դա արդէն մի նախագիծ էր, որ ընդհանրական հաւանութեան էր արժանացել ԱԻՄի եւ Կոմկուսի, որ իրարամերժ քաղաքական ուժեր են, դեմոկրատական, ՍԻՄ կուսակցութիւնների կողմից:
Իշխանութիւններն այն ժամանակ, սակայն հրաժարուեցին մեր քննարկումներից:
Երբ տեղի ունեցան 2018թ.ի քաղաքական փոփոխութիւնները, կարծում էի, որ առաջին հարցերից պէտք է լինէր՝ սահմանադրութեան հարցի վերհանումը, եւ պատասխանատուութեան ենթարկուէին նրանք, ովքեր այս խնդրին առնչուել են: Կարեւոր չէ, որ այս գործը Սերժ Սարգսեանն էր հրահանգել, այն իրականացնողների թւում էին նաեւ ՍԴի մի քանի անդամներ, ում հարցով մենք դիմեցինք դատախազութիւն եւ Ազգային անվտանգութեան ծառայութիւն՝ պահանջելով երեւոյթը քննարկել ու քննադատել, եւ պարտադիր չէր բանտարկութիւնը: Սակայն մեզ պատասխան եկաւ, որ յանցակազմ չկայ, եւ իրենք էլ իրենց հերթին պարտակեցին ծանր յանցագործութիւնը: Մէկուկէս տարուայ ընթացքում, Նիկոլ Փաշինեանին երեք անգամ դիմում եմ գրել, որ սահմանադրութիւնը շատ կարեւոր է՝ յիշեցնելով, որ իրեն աջակցել ենք, սակայն, վարչապետը սկզբում խուսանաւեց ասելով, որ փաստարկ չկայ: Աւելի ուշ հասկացաւ, որ ՍԴն ճիշդ չի ձեւաւորուած, բայց փոխանակ անդրադառնալու հարցի արմատական լուծմանը, այսինքն, խնդրի ընդհանրական լուծմանը՝ սահմանադրութեանն ընդհանուր անդրադառնալու, փոխարէնը որոշեց գնալ այս ճանապարհով:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Այսինքն, դուք չէք ընդունում սահմանադրութեան առաջարկուող փոփոխութեանը:
ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ.- Ես սա համարում եմ շատ բացասական քայլ, որովհետեւ ուժերի մեծ վատնում, զգացումների կենտրոնացում նաեւ կրքերի սրացում է տեղի ունենում մի հարցում, որն ընդհանրականի համեմատութեամբ մանրուք է: Սահմանադրութեան փոփոխութեան այս մասնակի քայլին վերաբերւում եմ խիստ բասացական նաեւ բարոյահոգեբանական տեսանկիւնից: Այս հանրաքուէում ե՛ւ «այո» ասողը, ե՛ւ «ոչ» ասողը խայտառակ գործ են կատարում, քանի որ առաջին հերթին նրանք վաւերացնում են ոչ միայն անկատար, նաեւ՝ ապօրինի նախկին սահմանադրութիւնը, եւ երկրորդ՝ «այո» ասողներն, ըստ էութեան, մասնակից են դառնում հակասահմանադրական գործողութեան, իսկ «ոչ» ասողները ոչ թէ ոչ են կարողանում ասել բացասական դրսեւորումներին, այլ ստացւում է, որ նրանք պաշտպանում են նրանց, ում դէմ իրենք ապստամբել էին մէկ ու կէս տարի առաջ: Սա համարում եմ լուրջ հարուած ընդհանրապէս Հայաստանի բարոյաքաղաքական մթնոլորտին: Այլ բան, եթէ ընդհանուր սահմանադրութեան փոփոխութիւն կատարուէր, ինչը մենք էինք առաջարկում, եւ իր մէջ ներառեր նաեւ այս հարցը, իսկ այն ինչ առաջարկւում է այժմ, ակնյայտ է, որ գործ ունենք իշխանութիւնն ամբողջութեամբ իրեն ենթակայացնելու հիւանդագին մոլուցքի հետ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ ելք էք տեսնում այս իրավիճակից:
ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ.- Ելքն այն էր, որ այս փոփոխութեան նախաձեռնողները նայէին պատմութեանը եւ երբ սահմանադրական բարեփոխումների հարցով մասնագիտական յանձնաժողով էին ստեղծում՝ ընդգրկէին սահամանդրութեան համար պայքար սկսած մարդուն: Ինչպէս կարելի է աշխատելու պատրաստ Հայրիկեանին, ով 55 տարի եղել է ազգային պայքարում, չներառել նման նախաձեռնութիւնում, եւ այս հարցը պէտք է դառնար ընդհանուր խնդիր ու ոտքի հանէր բոլորին, այնինչ այսօրուայ մեծամիտ եւ եսակենտրոն ներկայացուցիչները, եւ նոյնիսկ ընդդիմութիւնը չեն խօսում այս մասին: Սա իմ հարցը չէր, նաեւ այն վեց կուսակցութիւնների հարցն էր, քաղաքացիներին երկրի տէրը դարձնելու հարցն էր, ՀՀն աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը դարձնելով՝ բարեփոխումների մթնոլորտ սկսելու հարց էր:
Ելքն այն էր, որ օրինակ, լսէին, թէ մեր ժողովրդի կեանքում դրական ներդրում կատարած միակ քաղաքական ուժը, որի ասածը դարձել է ազգային սեփականութիւն՝ անկախութեան հանրաքուէի ճանապարհով, այսօր ինչ է ասում: Այսօր ասում եմ, եկէք համախմբուենք եւ «ո՛չ» ասենք այս հանրաքուէին: Ժողովուրդը պէտք է միանայ մեզ եւ ասի, որ այդ եօթ միլիոն դոլարը ոչ թէ պէտք է ծախսել հանրաքուէի համար, այլ անմիջապէս յատկացուի առնուազն հարիւր կամ երկու հարիւր բնակարանների կառուցման գործին՝ աղքատների համար, յատկապէս հայրենիքի պաշտպանութեան համար զոհեր տուած կարիքաւոր ընտանիքների համար: Միաժամանակ, առաջարկում ենք այս հանրաքուէն յետաձգել մի քանի ամսով եւ միանգամից կատարել սահմանադրութեան ընդհանուր բարեփոխումների հանրաքուէ: Բաւական է հազար հոգի կանգնեն կողքիս, եւ իմ կողքին, որովհետեւ պատրաստի նախագիծն արդէն ներկայացրել եմ, բաւական է, որ կանգնեն բացարձակ ժողովրդավարութեան, սահմանադրութեան թիկունքին եւ միանգամից ամէն ինչ կը փոխուի:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հանրաքուէի օրը որոշուած է եւ տեղի կ՛ունենայ Ապրիլի 5ին: Ի՞նչ կանխատեսումներ ունէք:
ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ.- Այս հարցը լուծուած կամ որոշուած չէ: Հարցը Սերժ Սարգսեանն էր լուծել, եւ արդէն վարչապետ էր: Հարցը կոմունիստներն էլ ժամանակին լուծել էին: Ոչ մի հարց լուծուած չի կարող լինել, եթէ այն հակասում է ճշմարտութեանը, ըստ այդմ, հակասում է տիեզերական օրինաչափութիւններին, մեր հայրերը կ՛ասէին՝ հակասում է Աստծուն: Աստծուն հակասողը ոչնչացուած է, այնպէս որ ոչ մի հարց լուծուած չէ, եւ ես ինձնից կախուած ամէն բան կ՛անեմ, որպէսզի մէր ժողովրդին, մանաւանդ մեր նոր սերնդին չպղծեն:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս էք գնահատում իրավիճակը յետ-յեղափոխական Հայաստանում:
ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ.- Որեւէ մարդ յեղափոխութիւն բառը չպէտք է օգտագործի, որովհետեւ յեղափոխութիւն պէտք է նշանակէր արտաքին եւ ներքին քաղաքականութեան արմատական փոփոխութիւն: Արտաքին քաղաքականութիւնում ոչինչ չի փոխուել, աւելին՝ նախկինում որդեգրուած ուղղութիւնների դէմ պայքարող մարդը, ներկայում յայտարարում է, որ դրանք ճիշդ էին, այսինքն, նշանակում է, որ ստեց: Ներքին քաղաքականութեան հարցում, որ կապուած է սահմանադրութեան հետ, այստեղ էլ Փաշինեանը յայտարարեց, որ սահմանադրութիւնը «կարուած է Սերժ Սարգսեանի հագով», բայց շուտով տեղաւորուեց այդ կոստիւմի մէջ: Այս ամէնը նշանակում է, որ յեղափոխութիւն չի եղել:
Ժողովրդի մօտ դրական զգացումներ, ակնկալիքներ արթննացան իշխանափոխութեան պատճառով, բայց բանական մարդկանց 90 տոկոսը, ովքեր առաջին փուլում աջակցում էին ներկայ իշխանութիւններին, արդէն մտածմունքների մէջ են: Օրինակ, ի՞նչ են նշանակում պարգեւատրումները: Սերժ Սարգսեանի, Քոչարեանի, եւ նոյնիսկ Տէր Պետրոսեանի ժամանակներում երբեւէ լսե՞լ էք նման պարգեւատրումների մասին: Նախկինում ես եղել եմ պատգամաւոր, նախագահի խորհրդական, Գորիսի տարածքի պարէտ եւ հարիւրաւոր զինուորներ եմ ունեցել ձեռքիս տակ, եւ ոչ մի անգամ ոչ մի պարգեւատրութիւն չեմ ստացել: Տեղի ունեցող պարգեւատրումները խայտառակութիւն են:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Սփիւռք-Հայաստան յարաբերութիւնները ինչպէ՞ս կ՛որակէք:
ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ.- Հայաստանի իշխանութիւնները արտասահմանում ապրող հայերի համար շատ քիչ բան կարող են անել՝ միայն բարոյական, լաւագոյն դէպքում, մի քիչ էլ դաստիարակչական, ինչն այսօր բացասական դրսեւորում ունի, որովհետեւ օրինակ Սփիւռքում դասական ուղղագրութեամբ գրող կրթող դպրոցներին ստիպում են աստիճանաբար անցում կատարել:
Միակ բանը, որ Հայաստան պետութիւնը կարող էր անել հայրենիք-Սփիւռք յարաբերութիւններում, դա աշխարհասփիւռ հայութեան մէջ ՀՀ քաղաքացիների թուի աւելացումն էր, այսինքն՝ Հայաստանի քաղաքական կեանքին մասնակցութեան իրաւունք ունեցողների թուի, եւ հեռացողների քաղաքացիութեան պահպանումը: Այսօրուայ իշխանութիւնները նախնական ելոյթներում ասում էին, որ սահմանադրութեամբ, քաղաքացիներին տրուած իրաւունքները կը տարածուեն նաեւ սփիւռքահայերի վրայ, յատկապէս՝ քաղաքացիութիւն ունեցողների: Այստեղ էլ խօսքի տէրը չեղան: Տեղի ունեցան ընտրութիւններ, ընտրական օրէնսգրքում փոփոխութիւններ դիտաւորեալ չկատարուեցին, հիմա էլ հանրաքուէ են անում, եւ դարձեալ ՀՀ քաղաքացիների օրինական իրաւունքը ոտնահարում են: ՀՀ քաղաքացի լինել նշանակում է լինել Հայաստանի տէր, ինչը նշանակում է՝ իշխանութիւն ձեւաւորելուն մասնակցելու իրաւունք, մինչդեռ, առաջիկայ հանրաքուէին իրենք չեն նախատեսել ՀՀ քաղաքացիութիւն ունեցող եւ այլ երկրներում բնակուող քաղաքացիների մասնակցութիւն: Այնպէս որ ՀՀ-Սփիւռք յարաբերութիւնների ամենակարեւոր կէտը նոյնպէս չարեցին: Նոր իշխանութիւնները սահմանափակուեցին մի քանի հոգու պաշտօն տալով, ինչը նոր երեւոյթ չէ. Տէր Պետրոսեանն էլ, Քոչարեանն էլ հրաւիրել են սփիւռքահայ գործիչների աշխատելու կառավարութիւնում:
Կոռուպցիայի դէմ պայքարն էլ վերածուել է նիւրինբերգեան դատավարութեան, որն իրականում, նոյնիսկ աւելի արագ վերջացաւ, քան մեր երկրում սկիզբ առած դատավարութիւններն են տեւում: Դրանք ներկայացումներ, շոուներ են, որ չեն աւարտում: