Երիտասարդ գիտնականի ամբիոն
Հովակիմ Զաքարյանը կենսաբան է։ Արդեն 5.5 տարի աշխատում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող։ Նույն ինստիտուտի ասպիրանտ է 2010 թվականից և շուտով պաշտպանության կներկայացնի իր ատենախոսական աշխատանքը, որը նվիրված է բջջի կորիզի մետաբոլիկ հատկանիշների փոփոխությանը՝ տարբեր վիրուսային վարակների ժամանակ։ 25 տարեկան է, ծնվել է Երևանում, ավարտել է Երևանի թիվ 170 միջնակարգ դպրոցը (2004թ), որից հետո ընդունվել ու ավարտել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը։
Սիրած ասույթներից են՝ «Այն, ինչ գիտենք, սահմանափակ է, իսկ այն, ինչ չգիտենք՝ անսահման (Պիեռ Սիմոն Լապլաս)», «Գիտությունը, պարզվում է, միշտ սխալ է. այն ի զորու չէ լուծել և ո՛չ մի հարց՝ չդնելով տասնյակ նոր հարցեր (Բերնարդ Շոու)»։
–Իսկ ինչո՞ւ հենց ա՛յդ աֆորիզմները։
–Վերջինը շատ ճիշտ բնութագրում է գիտության և իրական գիտնականի գործունեության էությունը։ Այդ պատճառով ես միշտ ասում եմ, որ գիտնականին պետք չէ հարցնել Ի՞ՆՉ ԳԻՏԵՍ կամ Ի՞ՆՉ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՍ, այլ պետք է հարցնել Ի՞ՆՉ ԵՍ ՈՒԶՈՒՄ ԻՄԱՆԱԼ: Քանի որ անհնար է իմանալ ամեն ինչ, անհնար է նույնիսկ նեղ մասնագիտական ոլորտի նորություններին, հայնագործություններին կամ գիտելիքին ամբողջովին տիրապետել։ Այդ պատճառով, գիտնականները, որպես կանոն, մարդիկ են, որոնք, ինչքան էլ պարադոքսալ թվա, ոչինչ գիտեն, բայց փորձում են իմանալ այն, ինչ իրենց հետաքրքրում է: Իսկ ամեն մի նոր բան, որ իմանում ենք, առաջացնում է տասնյակ նոր հարցեր։
–Ուրեմն՝ ահա տասնյակ նո՛ր հարցեր 🙂
–Միանգամի՞ց 🙂
–Այնպիսի մարդու եմ խնդրում, ում ուժերից վեր չէ, թեև, հասկանում եմ, որ գիտնականը ժամանակի խնդիր միշտ ունի։
–Դե ուրեմն, սպասեք՝ հերթով պատասխանեմ.
-Ես անձամբ չեմ դիմել/օգտվել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ծրագրերից։ Կարծում եմ՝ ԵԳԱԾ-ի ծրագրերի արդյունքների արդյունավետության մասին ավելի լավ կարող են դատել նրանք, ովքեր օգտվել են դրանցից կամ ուսումնասիրել են «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի»-ի գործունեությունն ավելի մանրակրկիտ։
-Ապագայում կարելի է շեշտն ավելի ուղղել դեպի գիտական հետազոտությունների իրականացման աջակցությունը, ավելի քիչ՝ ճանապարհածախսերի, գիտաժողովների կամ մրցանակների տրամադրմանը։ Դա չի նշանակում թե վերջիններս կարևոր չեն, բայց պետք է հստակեցնել առաջնահերթությունները։ Արդյո՞ք ամենաառաջնային խնդիրները հենց ճանապարհածախսերը հատուցելը կամ գիտաժողովներ կազմակերպելն են, թե՞ աջակցելը երիտասարդներին, որ նրանք կարողանան զբաղվել գիտությամբ։ Ես հասկանում եմ, որ ԵԳԱԾ-ի ղեկավար մարմինը նպատակ է հետապնդում գումարը հասանելի դարձնել առավելագույնս շատ թվով երիտասարդների։ Բայց արդյո՞ք դրանով մեր գիտության մեջ մենք որակական փոփոխություններ ենք մտցնում։ Ես վստահ չեմ։
-100 մլն դրամով Հայաստանում կարելի էր ստեղծել ժամանակակից տեխնիկայով հագեցած առնվազն երկու լաբորատորիա և դրա բազայի վրա հավաքել մի քանի գիտական խմբեր՝ կազմված միայն երիտասարդներից։ Ես դա ավելի արժեքավոր ու արդյունավետ եմ համարում, քանի որ գումարը այնպիսի արժեքների կվերածվեր, որոնք կմնային Հայաստանում, որոնից կօգտվեին տարիներ, որոնք իրենց հերթին նոր գումարներ կարող էին բերել և, ամենակարևորը, որոնց միջոցով ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔ կարելի կլիներ ստանալ։
-Ես տեղյակ չեմ տարբեր ծրագրերում ԵԳԱԾ-ի կիրառած բոլոր չափանիշներից, իսկ Ձեր նշածի համար (այն, որ բացառապես բանավոր զեկույցներ ունեցողներն են ստանում աջակցություն միջազգային գիտաժողովներին մասնակցելու համար հատկացվող ֆինանսական միջոցներից- Մ.Հ. ) կասեմ, որ դա չի կարող լինել բացարձակ չափանիշ, քանի որ շատ գիտական միջոցառումներ կան, օրինակ, ամառային կամ ձմեռային դպրոցներ, դասախոսությունների շարքեր կամ պրակտիկ կուրսեր, որտեղ բանավոր զեկույցներ չեն լինում։
-Իմանալով թե ովքեր են ընդգրկված ԵԳԱԾ-ի ղեկավար մարմնի կազմում՝ կարծում եմ, որ խորհուրդն, այո, գործում է արդյունավետ։
-Ի մի բերելով ասվածը՝ այո, ամեն դեպքում, եթե երիտասարդներն օգտվում են ծրագրից, ուրեմն՝ այն գործում է։ Դա արդեն լավ է։ Իսկ արդյունավետության մասին թող դատեն ծրագրի կառավարիչներն ու ծրագրից օգտվողները։ Եվ այո, այս ծրագիրը անհրաժեշտ է շարունակել ու նաև ընդլայնել (Ս.Ա. Սարգսյանի ընտրական ծրագրում տրվում է խոստում. «Ընդլայնվելու են երիտասարդ գիտնականներին աջակցության ծրագրի ծավալները» – Մ.Հ.)։
-…Սակայն կարելի է փոխել առաջնահերթությունները։ Ըստ իս, պետք է անցնել գիտական դրամաշնորհների տրամադրմանը, տալ լաբորատոր տեխնիկայի գնման դրամաշնորհներ և այլն։
Զրուցեց Մանե Հակոբյանը