ՆՈՐԱՅՐ ՇՈՂԻԿԵԱՆ
Հայոց Ցեղասպանութիւնն իրականացրած գործիչներից ամենադաժանը՝ Սալիհ Զեքին (Կուշարկով), տասնամեակներ շարունակ պատմագիտութեան մէջ մնացել է ստուերում: «Արմէնպրէս»ը զրուցել է ՀՀ արտաքին գործերի նախարարութեան Սահմանակից երկրների վարչութեան պետ, պատմական գիտութիւնների դոկտոր (ՌԴ եւ ՀՀ), պրոֆեսոր (ԵՊՀ) Արսէն Աւագեանի հետ, որն ուսումնասիրելով Օսմանեան կայսրութեան, ռուսական եւ վրացական արխիւները՝ բացայայտել է Հրէշ Զեքիի առեղծուածը:
«Սալիհ Զեքին ծնուել է 1883թ., Սամսուն քաղաքում, ազգութեամբ չերքեզ էր: Նրա հայրը Օսմանեան կայսրութիւն ներգաղթել էր 1864թ. չերքեզների մեծ գաղթի ժամանակ, Հիւսիսային Կովկասի Կուբանի շրջանից: Հայկական աղբիւրներում, եթէ նայում ենք, բոլոր յուշերում՝ կապուած Ցեղասպանութեան հետ կամ ընդհանրապէս այդ շրջանի իրադարձութիւնները լուսաբանելիս, Սալիհ Զեքի անունը առկայ է՝ որպէս Հրէշ Զեքի, որը նախ 1915թ. Էվերեքում էր պաշտօնավարում, յետոյ Դեր Զօրի նահանգապետն էր, որտեղ գտնւում էր ամենամեծ համակենտրոնացման ճամբարը, եւ կազմակերպել էր տարբեր տուեալներով մօտ 200 հազար հայերի ոչնչացումը: Սալիհ Զեքիի հետ կապուած խնդիրն ինչումն է, եթէ նայում ենք աղբիւրները, այնպիսի տպաւորութիւն է, որ նա 1915թ. յայտնուեց, 1916թ. իր ամենասեւ գործունէութիւնը ծաւալեց եւ անհետացաւ: Այսինքն՝ շատ քիչ տեղեկութիւններ կան նրա անցեալ կեանքի եւ ապագայի մասին», ասաց Աւագեանը:
Արսէն Աւագեանը Սալիհ Զեքիի վերաբերեալ տեղեկութիւնները գտել է Օսմանեան կայսրութեան, ռուսական եւ վրացական աղբիւրներում, սակայն օսմանեան արխիւներում առկայ է այն ժամանակ պաշտօնավարած նոյն անուամբ մօտ 210 պաշտօնեայ, ինչը խճճում է հետազօտողներին:
«Քանի որ ես երկու անգամ պաշտօնավարել եմ 2001-2005թթ., եւ 2015-2019թթ., որպէս Հայաստանի մշտական ներկայացուցիչ Սեւծովեան տնտեսական համագործակցութեան կազմակերպութիւնում, եւ քանի որ իմ մենագրութիւններն ու գիտական յօդուածները Թուրքիայում հրատարակուել են թուրքերէն, այսինքն՝ բաւական ճանաչում ունեմ, ինձ թոյլ տուեցին օգտուել օսմանեան արխիւից: 6 տարի ես օսմանեան արխիւում ուսումնասիրութիւն եմ արել, բազմաթիւ տարաբնոյթ արխիւային փաստաթղթեր եմ հաւաքել: Բացի դրանից, Սալիհ Զեքիի վերաբերեալ շատ կարեւոր նիւթեր կան ռուսական արխիւներում: Մի քանի նիւթ գտել եմ վրացական արխիւներից, քանի որ Սալիհ Զեքին 1925-1933թթ. ապրել է Թիֆլիսում: Ադրբեջանի արխիւից թուրք պատմաբան ընկերներս օգնեցին, որոշ նիւթեր բերեցին: Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատման գործում Սալիհ Զեքին կարեւոր դերակատարութիւն է ունեցել, եւ դա հաստատւում է արխիւային փաստաթղթերով: Հետաքրքրական է նաեւ, որ նա եղել է ադրբեջաներէնի լատինատառ այբուբենի մշակման յանձնաժողովի նախագահի տեղակալ, ինչպէս նաեւ ադրբեջաներէն Dai Yildiz ամսագրի եւ Yeni Fikir թերթի գլխաւոր խմբագիր», նշեց նա:
Սալիհ Զեքին մեծ դեր է ունեցել Հայոց Ցեղասպանութեան իրականացման գործում: Դեր Զօրի նահանգապետի պաշտօնում Սալիհ Զեքիի նշանակուելը եղել է նրա առանձնակի դաժանութեամբ պայմանաւորուած:
«Սալիհ Զեքիի նշանակումը Դեր Զօրի նահանգապետ, եղել է այն ժամանակ Սիրիայի նահանգապետ Աբդուլ Հալիք Ռենդայի առաջարկութեամբ: Ընդ որում, Ռենդան նշանակումը շատ ուշագրաւ է հիմնաւորել. նա նշել է, որ նախորդ միւթեսարիֆ Ադիլ բէյը շատ գթասիրտ է հայերի նկատմամբ՝ տեղահանուած հայերին ոչ թէ ոչնչացնում է, այլ, նոյնիսկ, պահում է, նրանց համար ստեղծել է պայմաններ, եւ պէտք է մէկը, որը կարող է իրականացնել այն հայերի նկատմամբ ծրագրուածները: Ռենդան առաջարկել է Սալիհ Զեքիի թեկնածութիւնը, որն արդէն Էվերեկում բաւական համբաւ էր ձեռք բերել իր դաժանութեամբ: Հայոց Ցեղասպանութեան պատմութեան շատ իրադարձութիւններ կապուած են Սալիհ Զեքիի հետ, օրինակ՝ Էվերեկում նա կախաղան է բարձրացրել Օսմանեան խորհրդարանի պատգամաւոր Մեծն Մուրադին իր 8 ընկերներով, օրէնքի խախտմամբ աքսորել է Դարդանելի հերոս Սարգիս Թորոսեանի ընտանիքին», ասաց Աւագեանը:
Աւագեանի ուսումնասիրութիւնները ցոյց են տուել, որ Զեքին հայերին ոչնչացնելու համար օգտագործել է նաեւ հէնց կրօնափոխ հայերին:
«Սալիհ Զեքին օգտագործում էր կրօնափոխ հայերին՝ հայերին ոչնչացնելու համար: Նա ասում էր, որ, եթէ կրօնափոխ էք եղել, պէտք է ապացուցէք ձեր հաւատարիմ լինելն ու ոչնչացնէք ձեր հայրենակիցներին: Սալիհ Զեքին նաեւ շրջանի չեչեններից խմբեր է հաւաքել, որոնց օգտագործել է հայերի ոչնչացման գործում: Գոյութիւն ունեն վկաների ու վերապրածների բազմաթիւ յուշեր, որտեղ Սալիհ Զեքիի անունը կայ: Օսմանեան խորհրդարանի պատգամաւոր Էմանուէլ Էմանուլիդիսը նշում է, որ 1917թ. հանդիպել է Սալիհ Զեքիին, որն ասել է, թէ զղջում է, որ 60 հազար հայ է վերացրել, երեխաներին կենդանի վառել, եւ, նոյնիսկ, ուզում է ինքնասպանութիւն գործել: 1933թ. Մոսկուայում գրած իր կարճ ինքնակենսագրականում Սալիհ Զեքին, նկարագրելով հայերի ոչնչացումը եւ, թէ ինչ արիւնալի տեսարաններ ու մասսայական սպանդներ էին տեղի ունենում հայերի տեղահանութեան ընթացքում, խոստովանում է. «Որպէս նահանգապետ պատասխանատուութիւն եմ կրում, քանի որ մասնակցել եմ այդ զազրելի գործին», նշեց պատմաբան-դիւանագէտը:
1918թ. Սալիհ Զեքին լքել է Թուրքիան: 1920թ. Զեքին դատապարտուել է մահապատժի, որի որոշումն էլ ստորագրուել է սուլթանի կողմից, սակայն այդպէս էլ ի կատար չի ածուել, ինչից յետոյ էլ սկսուել է Զեքիի կոմունիստական ուղին, որում ցեղասպանութիւն իրականացրած գործիչը ներկայացել է Կուշարկով ազգանունով:
«Այդ մարդը դարձել է կոմունիստ, եւ հետաքրքրական է, որ հայերի հետ էլ է աշխատել այն ժամանակ: Մարդը հայերին ոչնչացնելուց յետոյ հայ կոմունիստների հետ համագործակցել է, աշխատել: Ընդ որում Անաստաս Միկոյեանը բաւական օգնել է Սալիհ Զեքիին իր կոմունիստական գործունէութեան ընթացքում: Սալիհ Զեքին բաւական մեծ դերակատարութիւն է ունեցել, եւ ոչ միայն Թուրքիայի կոմունիստական կուսակցութեան հիմնադրման հարցում, այլեւ շատ ուշագրաւ է, որ նա եղել է այն օղակը, որի միջոցով հաստատւում էր կապը Բաքւում գտնուող թուրք կոմունիստների եւ Անատոլիայում ազգայնական շարժման միջեւ: Ընդ որում, թէ՛ իր անձնական գործում, թէ՛ նրա վերաբերեալ կազմուած տարբեր զեկուցագրերում նշուած է եղել, որ Զեքին մասնակցել է հայերի ոչնչացմանը», ասաց Աւագեանը:
Սալիհ Զեքիի (Կուշարկով) հետ կապուած մի շարք հանգամանքներ նպաստել են, որպէսզի նրա կերպարը տասնամեակներ շարունակ մնայ չբացայայտուած: Այդ գործում որոշ դերակատարութիւն են ունեցել նաեւ 1918թ. հայկական մամուլում լոյս տեսած տեղեկութիւնները:
«Թուրքական պատմագրութիւնը չի ժխտում Սալիհ Զեքիի գոյութիւնը, բայց մի խնդիր կայ՝ թուրքական պատմագրութիւնում Սալիհ Զեքիի վերաբերեալ ուսումնասիրութիւն չկայ, եւ մի հետաքրքիր հանգամանք կայ՝ ով Սալիհ Զեքիի մասին թռուցիկ անդրադարձել է, նրան սխալ ազգանուն է վերագրել, այդպիսով նպաստելով, որ այս մարդն անհետանայ պատմական թատերաբեմից: Հայկական թերթերը նշում էին, որ 1918թ. նրան Բէյրութի մօտակայքում իր օգնականի հետ ձերբակալել եւ սպաննել են հայկական լեգէոնի զինուորները: Մէկ այլ տեղեկութիւն կայ, որ նրան Սիրիայում են ձերբակալել հայերը եւ սպաննել: Սակայն, իրականում այդ ընթացքում նա գտնւում էր Ստամբուլում, իսկ 1918թ. վերջին արդէն մեկնել էր Բաքու: Նա մտավախութիւն ունէր, որ հայերի նկատմամբ ոճրագործութեան համար իրեն դատելու են: Հէնց այդպէս էլ եղաւ», նշեց դիւանագէտը:
Սալիհ Զեքիի անունը ներգրաւուած է եղել «Նեմեսիս»ի ե՛ւ փոքր, ե՛ւ մեծ ցուցակի մէջ: Իր հետ աշխատողներից շատերը գիտէին, թէ նա ով է, եւ հայերի կողմից նրա նկատմամբ որեւէ ոտնձգութիւն չի եղել: Սալիհ Զեքին մահացել է 1940թ. Նոյեմբերի 3ին, 57 տարեկանում, Մոսկուայում:
Արտաքին գործերի նախարարութեան Սահմանակից երկրների վարչութեան պետ, պատմական գիտութիւնների դոկտոր (ՌԴ եւ ՀՀ), ԵՊՀ պրոֆեսոր Արսէն Աւագեանի «Մթութեան Մէջ Մնացած Մի Գործիչ՝ Իթթիհադական Կոմունիստ Սալիհ Զեքի (Կուշարկով)» գրքոյկը թուրքերէնով տպագրուել է Ստամբուլում:
«ԱՐՄԷՆՓՐԷՍ»