ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».- «Սիրիայի Արաբական Հանրապետութեան Ժողովրդական ժողովի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման վերաբերեալ բանաձեւը վառ վկայութիւնն է հայ եւ սիրիացի ժողովուրդների դարաւոր բարեկամութեան եւ փոխադարձ համակրանքի։ Այն ծանրակշիռ աւանդ է պատմական արդարութեան վերականգնման եւ ցեղասպանութիւնների կանխարգելման գործում», կը նշուի Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան յայտարարութեան մէջ, որ կը վերաբերի Սուրիոյ խորհրդարանին կողմէ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման բանաձեւին որդեգրման։
«Բարձր ենք գնահատում Սիրիայի Արաբական Հանրապետութեան Ժողովրդական ժողովի՝ Օսմանեան պետութեան կողմից իրականացուած հայ ժողովրդի ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման վերաբերեալ բանաձեւի ընդունումը:
«Երիտթուրքական կառավարութեան կողմից սանձազերծուած Ցեղասպանութիւնը, որի մի զգալի հատուածն իրականցուել է այն ժամանակ Օսմանեան կայսրութեան տիրապետութեան ներքոյ գտնուող Սիրիայի տարածքում, հայ եւ սիրիացի ժողովուրդների ընդհանուր պատմական յիշողութեան մասն է կազմում։
«Սիրիացի ժողովուրդն ականատեսը լինելով հայ ժողովրդի նկատմամբ իրականացուած եղեռնագործութեանը՝ առաջիններից էր, որ օգնութեան ձեռք մեկնեց Ցեղասպանութեան զոհերին: Հազարաւոր վերապրածներ Սիրիայում վերգտան իրենց նոր հայրենիքը՝ կազմաւորելով հայ ամենածաղկուն համայքներից մէկը եւ իրենց ներդրումն ունեցան Սիրիայի զարգացման գործում:
«Այս բանաձեւը վառ վկայութիւնն է հայ եւ սիրիացի ժողովուրդների դարաւոր բարեկամութեան եւ փոխադարձ համակրանքի։ Այն ծանրակշիռ աւանդ է պատմական արդարութեան վերականգնման եւ ցեղասպանութիւնների կանխարգելման գործում:
«Այսօր, երբ դժուարին փորձութիւնների միջով է անցնում Սիրիայի ժողովուրդը, մենք մեր համերաշխութիւնը եւ զօրակցութիւնն ենք յայտնում առկայ մարտահրաւէրների յաղթահարման գործում», կ՛ըսուի հաղորդագրութեան մէջ։